Տնտեսություն 

Տեղական ինքնակառավարման մարմինների սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները

analitik.am

ՀՀ-ում կա 1000 բնակավայր, որոնք միավորված են 915 (մինչև «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների կատարումը (13.06.2006) Հայաստանի համայնքների թիվը 930 էր, իսկ մինչև ՀՀ Սահմանադրության փոփոխության ընդունումը` 925, որոնց մեջ ներառված էին 12 թաղային համայնքները) համայնքներում: Դրանցից 49-ը քաղաքային են, 866-ը` գյուղական:


Հանրապետության շուրջ 100 գյուղական համայնքների մշտական բնակչությունը կարող է տեղավորվել ընդամենը 1 բազմաբնակարան (5 հարկանի) շենքում: Հանրապետության շուրջ 400 փոքր գյուղական համայնքների բնակչության թվաքանակը, միասին վերցրած, գրեթե համապատասխանում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կամ Գյումրի քաղաքի բնակչության թվաքանակին:


Մեր հանրապետության 915 համայնքներից` 440-ը (438 գյուղական և 2 քաղաքային) կամ 48%-ը ունեն 1.000-ից պակաս բնակչություն: Հանրապետության 866 գյուղական համայնքներից 200-ը կամ ընդհանուրի 23 %-ը ունեն մինչև 300 բնակիչ, 75-ը կամ ընդհանուրի 8.6%-ը` 301-500 բնակիչ, 163-ը կամ 18.8%-ը` 501- 1000 բնակիչ: Ըստ բնակչության թվի` ամենամեծ գյուղական համայնքը Շիրակի մարզի Ախուրյան համայնքն է (10 046 բնակիչ), ամենափոքրը` Գեղարքունիքի մարզի Վերին Շորժան (28): Փաստորեն, ամենամեծ գյուղական համայնքը, ամենափոքրից բնակչության թվով մեծ է 358 անգամ: Հայաստանի համայնքների շուրջ 24% չկան մթերային խանութներ, հազվադեպ են տնտեսական և շինանյութերի խանութները, սրճարաններ կան գյուղերի 7%, իսկ ռեստորաններ` 9%:


Իրավիճակը հատկապես սուր է փոքր համայնքներում, որտեղ հետազոտության համաձայն միայն 47% կան մթերային խանութներ և 6%` տնտեսական խանութներ:


Հայաստանի գյուղական համայնքների գրեթե կեսում գործող ոռոգման համակարգեր չկան, ընդ որում, ոռոգման ցանցը բացակայում է փոքր համայնքների 62% մոտ: Փոքր համայնքների կեսից ավելում չկան տասնամյա դպրոցներ: Գործող մանկապարտեզներ կան Մեծ և միջին գյուղական համայնքների միայն 38%, իսկ Փոքր գյուղական համայնքների` ընդամենը 5 %:


Առողջապահական հիմնարկների և ենթակառույցների մատչելիությունը ցածր է` հիվանդանոցներ, դեղատներ, կարելի է ասել, ընդհանրապես չկան, դրանց մասամբ Մեծ և միջին գյուղերում փոխարինում են ամբուլատորիաները (կան Մեծ և միջին գյուղերի ընդամենը 40 %)  բուժկետերը, որոնք առկա են մեծ և միջին համայնքների 58 % մեծ  և Փոքր համայնքների 70 %:


Չափազանց ցածր է հիմնական կոմունիկացիաների և հեռահաղորդակցության մատչելիությունը հատկապես Փոքր համայնքներում: Ինտերնետ, լարային ռադիո, տեղական FM ռադիոալիքները Հայաստանի փոքր գյուղերում անհասանելի են:

Փոստային գրասենյակներ չկան փոքր համայնքերի 65%, լարային հեռախոսը հասանելի չէ 40%:

Առնվազն 4 հեռուստաալիք դիտելու հնարավորություն կարող են ունենալ Հայաստանի համայնքների ընդամենը 66 %, ընդ որում, Փոքր համայնքների միայն 47 %:


Ոռոգման ջուրը համեմատաբար հասանելի է Հարթավայրային կամ Մեծ և միջին համայնքներում: Նախալեռնային և ծովի մակարդակից ավելի բարձր դիրքի վրա գտնվող համայնքների շուրջ կեսում գործող ոռոգման համակարգ չկա: Ընդ որում, գործող ոռոգման համակարգ չկա Փոքր գյուղերի 62 % և Բարձր լեռնային գյուղերի 65%: Թեև գյուղական համայնքների մեծամասնությունում առկա է խմելու ջրի գործող ցանց, սակայն տնային տնտեսությունների մեծ մասի տանը խմելու ջուր չկա: Այսպես, համայնքների 30% կամ ընդհանրապես չկա խմելու ջուր, կամ այն հասանելի է տնային տնտեսությունների միայն 25%: Այս ցուցանիշը հատկապես բարձր է Փոքր համայնքներում և Բարձր լեռնային համայնքներում: Տանը խմելու ջրի հասանելիությունը բարձր է Լեռնային և Հարթավայրային համայնքներում` նման տիպի համայնքների շուրջ 40 % խմելու ջուրը հասանելի այդ համայնքների տնային տնտեսությունների ավելի քան 75 %:

Բնական գազի հասանելիությունը չափազանց ցածր է Փոքր գյուղական համայնքներում: Դրանց 90% կամ ընդհանրապես բնական գազ չկա, կամ հասանելի է տնային տնտեսությունների մինչև 25%: Մեծ և միջին համայնքների թեև գրեթե կեսում բնական գազ կա, սակայն այն համայնքները, որոնց բնակչության ավելի քան 75% օգտվում է գազից` կազմում են 20 %:


Ուսումնասիրված համայնքների վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում Մեծ և միջին համայնքների շուրջ կեսը գտնվում են Երևանից մինչև 90 կմ հեռավորության վրա, ընդ որում, դրանց 23 % գտնվում է մինչև 30 կմ հեռավորության վրա: Մինչդեռ Փոքր գյուղական համայնքների ավելի քան 78% Երևանից հեռու է 90 կմ-ից ավելի, ընդ որում, 33% 180 կմ-ից հեռու է: Գծապատկերում նկարագրում է Փոքր և Մեծ և միջին համայնքների ամենահարմար ավտո ճանապարհային գծով հեռավորությունը Երևանից:


Փոքր համայնքները հիմնականում բավականին հեռու են Երևանից, սակայն դրանք ընդգծված բարձունքայնության հատկանիշ չունեն: Երևանից ավտոճանապարհային գծով 90 կմ-ից ավելի հեռու Փոքր համայնքների 20%` հարթավայրային են, 23%` նախալեռնային են, 19%` լեռնային են և 16%` բարձր լեռնային: Երևանից հատկապես հեռու են փոքր հարթավայրային գյուղերի 14 %` ավելի քան 180 կմ:

Մեծ և միջին գյուղերի հիմնական մասը` մոտ 62%, և Փոքր գյուղերի 40% գտնվում են մոտակա պետական մայրուղուց մինչև 5 կմ հեռավորության վրա: Փոքր գյուղերի 29 % մայրուղուց 15 կմ-ից հեռու է:


Մասնավորապես 49 քաղաքներից 2-ը կամ 4.1 % ունեն մինչև 1000 բնակիչ, 1001-5000 բնակիչ ունեն 6 քաղաքներ կամ ընդհանուրի 12.2 %-ը, 5001-15000 բնակիչ` 18 քաղաքային համայնքներ կամ ընդհանուրի 36.7%-ը: Ընդհանուր առմամբ` 15000-ից պակաս բնակիչ ունեն 26 քաղաքային համայնքներ կամ քաղաքային համայնքների 53%-ը: Միջին հաշվով հանրապետության 1 համայնքում բնակվում է 3599 մարդ, ընդ որում առանց Երևան քաղաքի այդ ցուցանիշը կազմում է 2391 մարդ: Քաղաքային  համայնքներում միջին հաշվով բնակվում է 20148 մարդ (առանց Երևանի), իսկ գյուղական համայնքերում 1406 մարդ: Բնակչության թվի ցուցանիշով փոքր են նաև քաղաքային համայնքները:


ՀՀ համայնքները, ինչպես և ցանկացած երկրի տարածքային միավորումները միանման չեն, դրանք տարբերվում են միմյանցից, ըստ որում` հաճախ մեծ չափերով, ինչպես իրենց տարածքային ցուցանիշներով ու բնակլիմայական պայմաններով, այնպես և սոցիալ-տնտեսական զարգացման մակարադակով, լուծում պահանջող հիմնախնդիրների թվով, բնույթով և խորությամբ, այլ բնութագրերով:


Այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ցուցաբերել տարբերակված մոտեցում փոքր գյուղական, գյուղական և քաղաքային համայնքների նկատմամբ, իսկ ֆինանսական միջոցները հատկացնել համայնքներին ըստ խնդիրների գերակայության, որոնք էլ կդարձնեն տեղական իքնակառավարումն ավելի արդյունավետ:




Թինա Ղազարյան

Նույն շարքից