Քաղաքականություն 

Պայքար ընդդեմ պարտադիր կենսաթոշակային համակարգի

analitik.am

«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնության անդամներն այսօր հրավիրել էին մամուլի ասուլիս, որպեսզի Կառավարությանը հայտնեն, որ մինչև վերջ տրամադրված են պայքարել պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ, քանի որ այդ գումարները ետ ստանալու երաշխիք չունեն։

«Դեռևս վերջնական որոշումներ չկան, բայց, ամենայն հավանականությամբ, գործադուլներ կանենք, հանրահավաքներ։ Հնարավոր չի, որ այդ համակարգը մնա, և մենք պայքարում ենք` այդ օրենքից պարտադիր մասը հանվի, որովհետև աշխատողների մեծ մասը դեմ է, ես կասեի նման մարդ չկա, ես ուղղակի չգիտեմ, արդյոք կա՞ մեկը, ով պատրաստ է այս համակարգն ընդունել»,- հայտարարեց նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը։

Նրա կարծիքով` այդ համակարգում ոչ մի դրական բան չկա աշխատողի համար։ «Մարդկանց աշխատավարձը կրճատվում է և անհայտ է, թե ինչպես են ստանալու այդ թոշակը։ Գուցե ԽՍՀՄ-ի օրինակով, երբ բանկերում մեծ քանակով գումարներ պահվեցին, սակայն հետո պարզվեց, որ գումարը չկա, ոչ էլ որևէ մեկը պատասխանատու է դրա համար։ Այս դեպքում նույնպես նման մտավախություն կա, ո՞վ է պատասխան տալու»,- ընդգծեց Հայկ Ավետիսյանը։

Նա նաև ասաց, որ իրենք նման համակարգ ներդրած երկրների փորձն են ուսումնասիրել և պարզել, որ բոլոր այն երկրներում, ուր կիրառվել է այդ համակարգը, հիմնականում եղել է կամավոր սկզբունքով, իսկ այն երկրները, որոնք պարտադրել են, եղել են Հայաստանից շատ-շատ զարգացած երկրներ, բայց ունեցել են ձախողում։

«Օրինակ՝ Արգենտինայում այդ ֆոնդերը սառեցրել են, Ռուսաստանում սնանկացել են, Էստոնիայում տնտեսական ճգնաժամի տարիներին վերադարձվել է կուտակայինի 80%-ը։ Այսինքն՝ Հայաստանի դեպքում էլ չի բացառվում, որ չի լինի ճգնաժամ, ոչ մի երաշխիք չկա»,- նշեց նա։

Երբ նրան հիշեցրին, որ կառավարությունը մատնանշում է Չիլիի հաջողված փորձը, նա հակադարձեց` ասելով, որ իրենք դա էլ են ուսումնասիրել և տեսել, որ այստեղ էլ ամեն ինչ այնքան սահուն չէ, ինչպես ներկայացնում են։ «Տարբեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 30-ից 40 հազար մարդ իրենց համարում են խաբված քաղաքացի, որովհետև շատերի թոշակը եղել է ավելի քիչ, քան հին համակարգով էր։ Այսինքն՝ այստեղ էլ վիճելի է, որ համակարգն իրենց արդարացրել է»,- ի պատասխան այդ հարցադրմանը` ասաց նա։

Նախաձեռնության անդամներից Հարություն Ահլամազյանը պնդեց, որ այս օրենքը հակասում է Սահմանադրության մի քանի կետերի։ «Որոշ կետերում դա հակասահմանադրական է, քանի որ չի թողնում մարդուն ազատ տնօրինել իր գումարները։ Նաև նվազագույն աշխատավարձի դեպքում, եթե կիրառում եք նվազագույնի վրա, նշանակում է, որ ավելի պակաս կստանան։ Եթե առաջ նվազագույնը չէր հարկվում, հետո օրենքը փոխեցին ու սկսեցին հարկել»,- նշեց նա։

«Եթե այդպես երկար օրենք էին մշակել, ուրեմն թող այնպես անեին, որ ժողովուրդն ինքը գնար այդ համակարգին կամովի։ Եթե շատ լավ բան է, մարդիկ կհասկանան և կներդնեն իրենց գումարները։ Մարդիկ դեմ են, որ իրենց թոշակի համար այսօր վատացնեն վիճակը։ Անտրամաբանական է, որ դու չես կարողանում քո տնտեսությունը զարգացնել և չես կարողանում թոշակ տալ, նման կերպ ես ուզում հարցը լուծել։ Այսօր նշեմ, որ 13 հազար է նվազագույն թոշակը» ,- ընդգծեց նա` մեջբերելով Կառավարության տեսակետը, թե 10 տարի աշխատել են այդ օրենքի շուրջ։

Նույն շարքից