Քաղաքականություն 

Մոսկվան հանում է հայկական սպառնալիքը Անկարայի համար

analitik.am

Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի «որոշումից» հետո Թուրքիան ձեռնամուխ է եղել «զրո խնդիր հարևանների հետ» ծրագրի երկրորդ փուլին:

 

Վերջին տարիներին հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացը սառեցվել էր Եվրոպական միության հետ ասոցիացիայի և եվրատլանտյան հանրության մասը դառնալու Հայաստանի հռչակած մտադրության պատճառով: Եվրամիության հետ Հայաստանի ասոցիացիայի ստորագրումը Թուրքիային (ԵՄ մաքսային միության անդամ) կստիպեր բացել Հայաստանի հետ սահմանը, առանց Ղարաբաղի խնդրի հետ կապելու: Սակայն Ռուսաստանը ժամանակին հասավ օգնության և կրկին իր ձեռքը վերցրեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Ներկայում Թուրքիան ոչնչով պարտական չէ ոչ ԵՄ-ին, ոչ էլ Հայաստանին, և կարող է հանգիստ պայմաններ թելադրել:

 

Դավութօղլուն պետքարտուղար Քերիի հետ հանդիպմանն այդպես էլ արեց՝ նա ասել է, որ նորմալացման երկրորդ փուլը կայանում է Թուրքիայի և սփյուռքի հայերի միջև պատմական հարցերի լուծման մեջ, երրորդը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման մեջ: Իսկ առաջին պայմանը պարզապես հարգանքն է:

 

Փաստացի, Անկարան, Ռուսաստանի միջոցով հասնելով Թուրքիայի հանդեպ պահանջներից Հայաստանի հրաժարվելուն, փորձում է նույնին հասնել նաև հայկական սփյուռքից, որի վրա Ռուսաստանն իշխանություն չունի: Եվ դրա համար Դավութօղլուն մեկնել է Վաշինգտոն, Քերիին խնդրելով ազդել սփյուռքի վրա:

 

Ինչ վերաբերում է «Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությանը», թուրքական Աքշամն այդ կապակցությամբ գրել է. «Թուրքիայի իշխանությունը քննարկել է այն վարկածը, ըստ որի հայկական կողմը հանձնում է 7 շրջաններից 2-ը, Ադրբեջանին հնարավորություն է տալիս կապվել Նախիջևանի հետ, և բացվում է հայ-թուրքական սահմանը»:

 

Նոյեմբերի 21-22-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Պուտին-Էրդողան հանդիպումը: Թեմաներից մեկը թերևս կլինի Ղարաբաղը: Ռուսաստանը, որն անհամբեր է ՀԱՊԿ «խաղաղարարներին» Ղարաբաղ մտցնելու հարցում, կփորձի ստանալ Թուրքիայի և Ադրբեջանի աջակցությունը: Էրդողանն էլ անկասկած ինչ որ բան կպահանջի դրա դիմաց:

 

Ինչպե՞ս են դասավորվելու հայ-թուրքական հարաբերությունները նոր պայմաններում: Ռուսաստանը հաջողությամբ շրջափակել է Հայաստանի հարաբերություններն Իրանի հետ, հայ վրացական համագործակցությունը, ներկայում կօգնի Թուրքիային չեզոքացնել հայկական գործոնը:

 

Երևանն ունի բոլոր «հնարավորությունները» կրկին դառնալու ռուս-թուրքական գործարքի զոհը: Հենց նման գործարքի արդյունք դարձավ Եվրասիական միությունը՝ զուր չէ, որ Նազարբաևը առաջարկում է, որ Թուրքիան էլ միանա դրան:

 

Մնում է միայն սփյուռքի գործոնը, որը կորցնելով Հայաստանի նոր սկսվող աջակցությունը, ստիպված է լինելու միայնակ պայքարել Թուրքիայի հետ միջազգային դատարաններում: Թերևս, ԱՄՆ ինչ որ կերպ կօգնի այդ պայքարին, որի ծրագրերը տարածաշրջանում դժվար թե փոխվել են՝ դրանք վերաբերում են թե քրդական թեմային, թե ցեղասպանության ճանաչմանը և հաղորդուղիների բացմանը: Ընդհանրապես, ԱՄՆ-ում Պուտինի կայսերական ծրագրերին վերաբերում են որպես մանկական քմահաճույքի, որը միշտ կարելի է կանգնեցնել: 

Նույն շարքից