Տնտեսություն 

Ձվամթերքի շուկայում՝ գնաճ, ձվի դեֆիցիտ ու կանոնակարգի կոպիտ խախտումներ

analitik.am

 Սուրբ Զատիկի մոտենալուն զուգահեռ մեծանում է մտավախությունը, որ գուցե կրկնվի փորձն ու ձվամթերքի շուկայում կրկին առաջանա ձվի դեֆիցիտի, գնաճի, ներկրման ու կեղծումների խնդիր, ինչպես Ամանորից առաջ: Իսկ մատակարարվո՞ւմ է արդյոք պատշաճ որակի արտադրանք: Մեկ անգամ չէ, որ վաճառքի կետերում հայտնվել են հավկիթներ, որոնց վրա նշված արտադրման ամսաթիվը դեռ մի քանի օր հետո էր լինելու, ստացվում է՝ հավկիթները վաճառվելուց հետո էին արտադրվելու: Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգի 35-րդ կետով սահմանված է, որ «ձվերի և ձվամթերքի սպառողական տարայի յուրաքանչյուր միավորի վրայի մակնշումը պետք է ներառի` 1) արտադրող, փաթեթավորող, արտահանող, ներմուծող կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը. 2) արտադրողի ապրանքային նշանը (առկայության դեպքում). 3) ձվի կամ ձվամթերքի անվանումը` ներառյալ թռչնի տեսակը. 4) ձվերի տեսակը և կարգը ( կարգին համապատասխանող ծածկագիրը). 5) ձվերի քանակը մեկ փաթեթվածքում. 6) արտադրության ամսաթիվը, պիտանիության ժամկետը և պահման պայմանները. 7) ձվերի տեսակավորման ամսաթիվը. 8) տեղեկություն համապատասխանության հավաստման մասին»: Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների համապատաuխանության և անվտանգության նկատմամբ պետական վերահuկողությունն իրականացվում է «Համապատաuխանության գնահատման մաuին» և «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքներով uահմանված կարգով: Սակայն կանոնակարգի ու օրենքների առկայությունը չի խանգարում տնտեսվարողին՝ խախտելու դրանք: «Անալիտիկ կենտրոն»-ի շրջայցը մեծ ու փոքր մի քանի խանութներում ցույց տվեց, որ ձվի մակնշման մեջ բացակայում է արտադրման ամսաթիվը, պահման պայմանների ու տեսակի մասին նշումները: «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ այդ ոլորտում բացեր շատ կան, ասելիք շատ կա: Իսկ ձվի արտադրության ամսաթվի բացակայության մասին ասաց. «Դա օրենքի կոպիտ խախտում է: Առաջիկա շաբաթվա ընթացքում կանդրադառնանք այդ և ոլորտին վերաբերող մյուս հարցերին: Խնդիրն ուսումնասիրվում է, պետք է հասկանանք, թե ինչու են այդպես անում, այնտեղ կա թարմության, տեսակի, պահման պայմանների խնդիր և այլն»: Հիշեցնենք, որ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն ի պատասխան իր հարցման Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից ստացել էր տեղեկատվություն, որ Հայաստանի Հանրապետություն 2013-ի տարեվերջին ներկրվել է ընդհանուր 6.835.981 հատ ձու Վրաստանի Հարնրապետությունից, Ուկրաինայի Հարնրապետությունից, Իրանի Իսլամական Հարնրապետությունից, Բուլղարիայի Հարնրապետությունից, Բելառուսի Հարնրապետությունից և Թուրքիայից: Սակայն «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ն իրացման ցանցում իրականացրած ուսումնասիրության արդյունքում խանութներում հանդիպել է միայն Իրանի Իսլամական Հանրապետությունից ներկրված հավկիթներ, որը կասկած է հարուցել կազմակերպության մոտ, եթե ոչ իրացման ցանցում, ապա որտեղ է հնարավոր գտնել մնացած երկրներից ներկրված խմբաքանակները: Պարենային զամբյուղի պարտադիր բաղադրիչ համարվող հավկիթը 2010-ին տատանվում էր 30-50 դրամի ահմաններում, 2013-2014-ին՝ 70-80 դրամի: Իսկ գնաճի հիմնավորումներ տնտեսվարողները միշտ էլ գտնում են:




Նույն շարքից