Վերլուծական 

Ռոնալդ Ռեյգանի հետ համեմատվող Կարգին Հայկոն պետք է մեկնաբանի բյուջեի մասով քննադատությունները. «Հայոց աշխարհ»

analitik.am

Երևանի քաղաքապետարանի կողմից նոր տոնածառի տեղադրման շուրջ առաջացած կրքերը դեռ չհանդարտված, նոր քննարկումներն են սկսվել քաղաքապետարանի բյուջեի նախագծում տեղ գտած որոշ ծախսերի շուրջ։

Դժվար է ասել, թե այս անգամ ինչպե՞ս կմեկնաբանի քաղաքապետ Հայկ Մարությանը հնչող քննադատությունները։ Օրինակ, ընդհանուր առմամբ մոտ 95 մլն դրամ արժեցած (ներառյալ տեղափոխումն ու տեղադրումը) տոնածառին, ըստ քաղաքապետի, «բնակչության 90-95 տոկոսը» կողմ է եղել։

Հ.Մարությանը ոչ թե չի տեսնում քննադատությունների ալիքը, այլ պարզապես իր շեֆի մոտեցումն է վերցրել՝ խոսել ժողովրդի անունից, իսկ որպեսզի փոքր-ինչ տարբերվի, խոսում է ոչ թե «ողջ ժողովրդի», այլ միայն 90-95 տոկոսի անունից։ Սակայն այս անգամ նրան չի հաջողվի, ասենք, քաղաքապետարանի արտասահմանյան գործուղումների կամ պարգևատրումների ծախսերը բացատրել մարդկանց «90-95 տոկոսի» ցանկությամբ։

Ինչպեսև սպասելի էր, անցնելով իշխանության գլուխ, «թավշյա» հեղափոխականները սկսել են անխնա վատնել պետական և, տվյալ դեպքում, քաղաքային բյուջեի գումարները։ Նախկինում այդ հարցում մեղադրում էին նախկին իշխանություններին, իսկ այժմ անցել են գործի՝ սկսելով նախևառաջ իրենց կարիքները բավարարող ծախսերը մեծացնելուց։

Այսպես. 2019-ի քաղաքային բյուջեի նախագծով պարգևատրումներին և դրամական խրախուսանքներին հատկացվող գումարը ավելացրել են ավելի քան 2,5 անգամ և ընթացիկ տարվա 758 մլն դրամի փոխարեն հասցրել են 1 մլրդ 991 մլն դրամի։ Այսինքն՝ լրացուցիչ 1,2 մլրդ դրամ գումար է հատկացվում այդ նպատակի համար։

Ենթադրվում է, որ դա ուղղվելու է առաջին հերթին քաղաքապետարանի բարձրաստիճան անձանց դրամական պարգևատրումներին, քանզի Հ.Մարությանն իր առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ քաղաքապետարանի աշխատակիցներին այլևս չեն պարգևատրելու։

Գուցե քաղաքապետը չգիտի՞, թե ինչպես կարելի է արդյունավետ ծախսել հավելյալ 1,2 մլրդ դրամը կամ մոտ 2,5 մլն դոլարը։ Հուշենք, որ այդ գումարով հնարավոր է կառուցել 70-80 բնակարանանոց շենք՝ դրա կարիքը ունեցող սոցիալական խմբերի համար որոնց վիճակը շահարկելով, իշխանության եկան «թավշյա» հեղափոխականները։ Հավանաբար նոր քաղաքապետը նոր տոնածառ բերելով՝ իր պարտքը այդ մարդկանց հանդեպ համարում է կատարված՝ «թող ուրախանան նոր տոնածառով» մտածելով։

Ի դեպ, հիշեցնենք, որ նախորդ քաղաքապետի՝ Տարոն Մարգարյանի օրոք մի քանի շենք է կառուցվել և հատկացվել 4-րդ կարգի վթարային շենքերում բնակվող շուրջ 600 ընտանիքի։

Սրան հակառակ, նվազել է բնակարանային շինարարության և կոմունալ ծառայություններին հատկացվող գումարը մոտ 171 մլն դրամով։ Այսինքն՝ «ամեն ինչ արդար է, ժողովուրդ»։ Ցանկանո՞ւմ էիք «նոր Հայաստան», ստանում եք այն։

Հանրության դժգոհությունն առաջացրած մյուս հարցը արտասահմանյան գործուղումների համար ծախսերի ավելացումն է։ Հիշեցնենք, որ դեռ մի քանի օրվա քաղաքապետ Հակ Մարությանը անմիջապես այցելություն կատարեց Փարիզ, ինչից ենթադրելով, կարելի է ասել, որ իր գործունեության այս մասը նա շատ է կարևորում։
Այսպիսով արտասահմանյան գործուղումների ծախսերը գրեթե կրկնապատկվել են՝ այս տարվա համար նախատեսված 62 մլն դրամի փոխարեն 2019-ին դրանք կկազմեն 112 մլն դրամ։ Դե, եթե 150 հազար դոլար արժողության տոնածառը ինչ մի մեծ ծախս է, ապա 50 մլն դրամով (100 հազար դոլարով) ավելացած արտասահմանյան գործուղումների ծախսն էլ երևի մի մեծ բան չէ։

Ի վերջո, նոր քաղաքապետը, որին «հպարտ քաղաքացիները» համեմատում են Ռոնալդ Ռեյգանի և Առնոլդ Շվարցենեգերի հետ, պե՞տք է ներկայացնի 2800-ամյա քաղաքն ամբողջ աշխարհում։
Ոչինչ որ մայրաքաղաքի 2800-ամյակի տոնակատարությունը, որը պետք է տոնվեր մեծ շուքով և բազմաթիվ միջոցառումներով, որին պետք է ներկա գտնվեին բազմաթիվ հյուրեր, որը պետք է լուրջ խթան դառնար Հայաստանի զբոսաշրջության զարգացման համար, աղճատվեց և անցկացվեց կիսատ-պռատ՝ ոչ մի նշանակալի արդյունք չտալով ո՛չ քաղաքին, ո՛չ երկրին։ Փոխարենը Հայկ Մարությանն ու իր տեղակալները ավելի շատ կմեկնեն արտասահմանյան գործուղումների։

Տրանսպորտի թեման առանձնահատուկ է։ Վերջին 5-6 տարիներին Երևանում ավելի քան 30 ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղի է փակվել ոչ շահութաբեր լինելու պատճառով։ Սրան զուգահեռ՝ երևանցիների անմխիթար տրանսպորտային սպասարկումն ակներև է։ Ուղեվարձի թանկացումը մերժած երևանցիները ստանում են այն տրանսպորտը, որից ավելին 100 դրամ սակագնով անհնար է ունենալ։

Ի՞նչ է անում ժամանակին սակագնի բարձրացման դեմ բողոքող «կարգին Հայկոն»՝ ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նվազեցնում է տրանսպորտի համար նախատեսված բյուջեն եկող տարվա համար գրեթե 2 մլրդ դրամով։ Հավանաբար տրանսպորտային սպասարկման վիճակը բարելավելու նոր ձև է գտել քաղաքապետը։

Տեղեկացնենք, որ բացի մասնավոր փոխադրողներից՝ Երևանում հասարակական տրանսպորտը սպասարկում են նաև Երևանի քաղաքապետարանին պատկանող «Երևանի ավտոբուս» և էլեկտրատրանսպորտի «Տրոլեյբուս» ընկերությունները։ Երբ հերթական ավտոբուսային երթուղին է փակվում, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը փորձում է որպես ժամանակավոր լուծում քաղաքապետարանի ենթակայության ընկերության ավտոբուսային երթուղիները երկարացնելով կամ փոփոխելով ապահովել այդ երթուղու փակվելու պատճառով առանց տրանսպորտային սպասարկման մնացած ուղևորների փոխադրումը։

Բնականաբար դա ենթադրում է հավելյալ ծախս։ Այն իրավիճակում, երբ ամեն պահ կարող է հերթական երթուղին սպասարկող ընկերությունը հրաժարվել երթուղուց, քաղաքապետարանը նվազեցնում է տրանսպորտի համար նախատեսված բյուջեն։ Մեկնաբանությունները անիմաստ են։

Հավելենք միայն, որ նախորդ քաղաքային իշխանությունների մշակած և գրեթե պատրաստ նոր տրանսպորտային սպասարկման համակարգի գործարկումը, որը նախատեսված էր այս տարեվերջին, նոր քաղաքային իշխանությունները հետաձգում են առնվազն 2-4 տարով։ Այսինքն՝ նոր համակարգը չի գործարկվում, հնի համար հատկացվող գումարները նվազեցվում են։

Քաղաքային նոր բյուջեով նվազելու են նաև վերելակների նորոգման ծախսերը։ Հիշում եք երևի, թե ինչ բարձրագոչ խոստումներ էր տալիս վերելակներն ամբողջությամբ փոխելու մասին մինչ քաղաքապետ ընտրվելը Հայկ Մարությանը և ինչ է անում հիմա։ Երևանը կանաչապատելու խոստմանը ևս, ընտրվելուց հետո, հաջորդեց կանաչ տարածքների պահպանման ծախսերը նվազեցնելը։

Այս ամենից հետո հետաքրքիր է, թե ինչպե՞ս են պատճառաբանելու իրենց որոշումը քաղաքային նոր իշխանությանը ձայն տված 295 հազար երևանցիները։

«Հայոց աշխարհ»

 

Նույն շարքից