Գլխավոր Իրավական 

«Գրանտ Հոլդինգ» ընկերության սեփականատերերը՝ կոպտորեն խախտելով օրենքը, ստիպել են փակել «Սեգաֆրեդո» սրճարաններից մեկը. Տեսանյութ

analitik.am

2015 թվականի ապրիլի 4-ին «Ֆիգարո» ՍՊԸ-ի և Միքայել ու Կարեն Վարդանյանների միջև կնքվել է Հյուսիսային պողոտա 1 հասցեում գտնվող անշարժ գույքի՝ ներառյալ անբաժանելի մաս հանդիսացող պատկանելիքները, վարձակալության պայմանագիր, ըստ որի վարձակալության ժամկետն ավարտվել է 2018 թվականի ապրիլի 22-ին: Պայմանագրի ավարտից հետո Սեգեֆրեդո սրճարանն, առանց վարձատուների կողմից առարկության, շարունակել է իր գործունեությունը ծավալել:

2018 թվականի օգոստոսին սրճարանի իրավաբան Կարեն Խաչիկյանը ստանում է տարածքը լքելու մասին ծանուցում: Այն ստորագրվել է Միքայել և Կարեն Վարդանյանների կողմից լիազորված Արսեն Գասպարյանի կողմից: Արդեն երեկ՝ դեկտեմբերի 26-ին, Հյուսիսային պողոտայում գտնվող Սեգաֆրեդո սրճարանը փակվեց: Analitik.am-ի հետ զրույցում իրավաբան Նարեկ Խաչիկյանն ասաց, որ պայմանագրի կետերում միակողմանի փոփոխություններ է եղել, որի համաձայն վարձակալության պայմանագիրը ևս 5 տարի երկարացնելու դեպքում «Ֆիգարո» ՍՊԸ-ն նախկին 2 մլն 400000 հազար ՀՀ  դրամի փոխարեն տարածքի սեփականատիրոջը պետք է վճարի 10 մլն ՀՀ  դրամ՝ այսինքն մոտ 3 անգամ ավելի շատ. « Ըստ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածի, եթե պայմանագրի ժամկետի ավարտից հետո վարձակալը, վարձատուի առարկությունների բացակայությամբ, շարունակում է օգտվել գույքից, պայմանագիրը նույն պայմաններով և անորոշ ժամկետով ճանաչվում է վերսկսված: Հաշվի առնելով սա՝ ծանուցում ստանալուց հետո դիմել ենք դատարան այն պատճառաբանությամբ, որ քանի որ վերսկսվել է պայմանագիրը, ցանկանում ենք ճանաչել այն, որպեսզի դրա հիման վրա կարողանանք որոշակի գրանցում կատարել»:

Նշենք, որ «Ֆիգարո» ՍՊԸ-ն 2018-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել, որը քննվում է թիվ ԵԴ/20919/02/18 քաղաքացիական գործով՝ ըստ հայցի «Ֆիագրո» ՍՊ ընկերությունը պահանջում է  նույն պայմաններով և հինգ տարի ժամկետով պայմանագրերը վերսկսված ճանաչել: Հայցապահանջը սկզբից ներկայացվել է պայմանագրերը նույն պայմաններով անորոշ ժամկետով վերսկսված ճանաչելու պահանջով, այնուհետև հայցվորի կողմից փոխվել է հայցի առարկան, այն է՝ նույն պայմաններով 5 տարի ժամկետով վերսկսված ճանաչել պայմանագրերը:

2018 թվականի հոկտեմբերի 5-ի դատարանի կողմից կայացվել է «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին» թիվ ԵԴ/20919/02/18 որոշումը, որով արգելվել է Զինա Ալեքսանդրի Մուրուզյանին, Միքայել Հրանտի Վարդանյանին և Կարեն Հրանտի Վարդանյանին, ինչպես նաև այլ անձանց ու մարմիններին կատարել գործողություններ, որոնք կարող են արգելել և/կամ որևէ կերպ խոչընդոտել «Ֆիգարո» ՍՊ ընկերության կողմից ՀՀ, ք. Երևան, Հյուսիսային պողոտա 1 շենք 5/2 հասցեում և ՀՀ, ք. Երևան, Հյուսիսային պողոտա 1 շենք, 5 հասցեում գտնվող անշարժ գույքերի տիրապետմանը և օգտագործմանը: Նշենք նաև, որ դատարանի կողմից կայացրած որոշումներն ընդունվել են գույքի սեփականատերերի կողմից:

Փաստացի ստացվում է, որ գույքի սեփականատերերն, անտեսելով դատարանի կողմից կայացրած որոշումը, դիմել են ոստիկանություն, որպեսզի վերջիններս դուրս հանեն «Ֆիգարո» ՍՊԸ-ին իրենց սեփականությունը հանդիսացող տարածքից: ՀՀ ոստիկանությունը, չնայած այն փաստին, որ ընկերության իրավաբանը մանրամասն ներկայացրեց, թե ինչու իրավունք չկա իրենց տարածքում գտնվելը համարել ներխուժում, հաշվի չառավ այդ հիմնավորումները՝ չտրամադրելով նույնիսկ ժամանակ ընկերությանը, որպեսզի գույքը կարողանան դուրս բերել տարածքից: «Ֆիգարո» ընկերության իրավաբան Նարեկ Խաչիկյանը նշեց, որ ոստիկանության գործողություններում կարող են լինել կոռուպցիոն ռիսկեր, քանի որ այդ կերպ ուղղակի չի կարելի վարվել, երբ կա դատարանի կողմից կայացրած որոշում, ինչն այս դեպքում փաստացի անտեսվում է:

Այն, թե ինչպես է ոստիկանությունը մուտք գործում սրճարան, ինչպես նաև իրավաբանի, ոստիկանության ներկայացուցչի և գույքի սեփականատերերի ներկայացուցչի միջև տեղի ունեցած խոսակցությունն ու գործողություններն ամբողջությամբ կարող եք դիտել տեսանյութում:

Նշենք նաև, որ վերոնշյալ տարածքի սեփականատերերն են «Գրանտ Հոլդինգ» ընկերության  սեփականատերեր Միքայել և Կարեն Վարդանյանները:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից