Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Ովքե՞ր են Կարագանդայի ցույցի կազմակերպիչները. Ղազախ գործիչների կարծիքները

analitik.am

Ամանորի գիշերը Ղազախստանի Կարագանդայում կատարված միջադեպի հետ կապված այսօր մի շարք ղազախ գործիչներ հրապարակումներ են կատարել:

Փաստաբան Ջոհար Ութեբեկովն իր ՖԲ էջում կոչ է արել Կարագանդայի շրջանի ադմինիստրացիային չհիշեցնել հասարակությանը  սուտ տեղեկություն տարածելու համար քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին: Նա նշել է, որ զարգացած և նորմալ երկրներում խաղաղ ժամանակ քաղաքացիներին բանտ չեն նստեցնում  սուտ լուրեր տարածելու համար: Նա նշել է, որ Ղազախստանի ՔՕ-ի 274 հոդվածն ուղղակի խայտառակություն է և նորմալ չէ սուտ տեղեկությունների համար քրեական պատասխանատվության ենթարկելը:

Փաստաբանը նաև գրել է այն մասին, որ սուտ տեղեկություններ տարածոմ են տեղեկատվական վակուումի ժամանակ՝ դրա ստեղծման մեջ մեղադրելով տեղի ոստիկանությանն ու իշխանություններին՝ ընդգծելով, որ տեղեկատվության բացակայության պայմաններում մարդիկ սկսում են փնտրել, հետո էլ հորինել տեղեկություններ, իսկ այդ պայմաններում չի կարելի մարդկանց սպառնալ: Վերջում էլ  կոչ է արել Ալմաթայի ադմինիստրացիային զբաղվել գործի քննությամբ և դրա ընթացքի մասին մարդկանց տեղեկություններ տրամադրելով, այլ ոչ թե սուտ տեղեկություններ տարածելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքներ հնչեցնելով:

Քաղաքագետ Դասիմ Սատպաևն էլ իր ՖԲ էջում կատարել է գրառում այն մասին, թե ինչու են պետական ԶԼՄ-ները լռում Կարագանդայում կատարվածի մասին:

«Միշտ էլ այդպես է եղել՝ շատ ճգնաժամային իրավիճակներում: Կարագանդայի դեպքերը ցույց տվեցին, որ իշխանությունների կողմից արհեստականորեն ստեղծված ոչ մի ինստիտուտ՝ լինի դա նախագահամերձ քաղաքական կուսակցություն, պառլամենտ, պետական ԶԼՄ, թե իշխանությունների հետ կապված հասարակական և ոչ կառավարչական կազմակերպություն,  ապրիորի չի կարող աշխատել ֆորս-մաժորային իրավիճակների ժամանակ: Պառլամենտական լռակյացների ակումբը վերևից հրամանի է սպասում: Ոչ պակաս ավանդական լռություն են պահում նաև կուսակցական կառույցները՝ ներառյալ «Նուռ Օտանը»: Ինչո՞ւ չեն սովորում նախկին սխալների վրա: Իհարկե, մի փոքր ավելի ուշ իշխանություններից ոմանք կարթնանան, բայց վերևից աքացի ստանալուց հետո և միայն նրա համար, որ արագ հանգցեն սոցիալական կրակը՝ պատժելու միջոցով  և առանց մանրամասն  իմանալու դրա առաջացման պատճառները: Հանգցնեն, մինչև այլ վայրում այլ հանգամանքներում այլ կրակ չի վառվել: Եվ եթե իշխանությունն ավելի հաճախ այլոց է մեղադրում ազգային  խտրականություն հրահրելու մեջ, ապա դա սոցիալական և ներքին քաղաքականության անկման արդյունք է: Սոցիալական, ազգային քաղաքականության մեջ, երիտասարդության հետ աշխատանքներում, կամունիկացիոն հատվածում և ուժային կառույցներում  առկա բազմաթիվ խնդիրներ չեն լուծվում: Գցում են մի անկյուն և փակում են ավազով, որպեսզի տեսքը չփչացնեն, սակայն հին խնդիրների վրա առաջանում են նորերը: Արդյունքում բոլոր անկյուններն արդեն բերնեբերան լցված են, իսկ ավազն էլ վերջանում է: Այն, ինչ կատարվեց Կարագանդայում, կարող է կատարվել այլ շրջաններում: Եվ նորից կկորցվի  «ոսկե ժամը», որի ընթացքում մարդկանց պետք է ոչ թե վախեցնել, այլ անկեղծ տեղեկացնել: Ի դեպ, այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ շատ ազգամիջյան կոնֆլիկտներ, քաղաքացիական պատերազմներ սկսվել են հենց նման կենցաղային թեմաներով կռիվներից՝ վեճեր, ծեծկռտուք, սպանություն, հողատարածքի կամ ջրի համար կռիվ, այլ կերպ նայեց, ավելորդ բան ասեց և այլն: Արդեն հետո դա քաղաքական ենթատեքստ է ստացել, և բաց թողել ջինին շշի միջից, որն էլ հաճախ քանդել է պետություններ: Ղազախստանի ապագայի համար պատասխանատվությունը մեր ձեռքերում է, հետևաբար վերևում և ներքևում պետք է հասկանան մի պարզ բան՝ մի անուշադիր բառը, սխալ գործողությունը, սխալ որոշումը  կարող է այնպիսի կասկադի  հանգեցնել, որը կքշի կտանի թե նրանց, ովքեր ճիշտ են, թե նրանց, ովքեր մեղավոր են»:

Ղազախ լրագրող Սերգեյ Դուվանովն էլ իր ՖԲ էջում գրել է, որ ցույցերը հետևանք են ղազախական հասարակության մոտ լարվածություն ստեղծել ցանկացող ինչ-որ ուժերի կողմից կատարված նպատակաուղղված գործողությունների.

«1.Ի սկզբանե կոնֆլիկտը երկու խումբ քաղաքացիների միջև տեղի ունեցած սովորական վեճ էր, որը դարձել էր ծեծկռտուք, ինչի հետևանքով մահացել էր կռվի մասնակիցներից մեկը: Արվեց ամեն ինչ, որպեսզի սրան տրվի միջէթնիկական բախման բնույթ:

Հունվարի 2-ին ինչ-որ մեկը նպատակաուղղված սոցիալական ցանցերում տեղեկություն տարածեց ՝ բնութագրելով կատարվածը որպես երկու ազգերի միջև կոնֆլիկտ, ինչն էլ մարդկանց մոտ զայրույթ առաջացրեց, որն էլ իր հերթին առանձին մարդկանց մոտ վերածվեց հայերի նկատմամբ անհանդուրժողականության: Հետաքրքիրն այն է, որ տարածված տեղեկություները կարող էր ստացվել միայն ոստիկաններից, ինչից էլ կարելի է հետևություն անել, որ արտահոսքը գիտակցված և կազմակերպված էր:

Հունվարի 4-ին սոցցանցերում տեսահոլովակ տարածվեց, որում մի խումբ «ակտիվիստներ» ներխուժում են ադրբեջանական սրճարան և պահանջում, որ փակեն այն՝ պատճառաբանությամբ, որ Կարագանդայում սպանված ղազախի թաղման օրը զվարճանքի կենտրոններին չի կարելի աշխատել: Ի դեպ, բաց տեքստով հնչեցվեցին սպառնալիքներ՝ «արյան դիմաց արյուն»,«մենք նույնպես կսպանենք»: Ակտիվիստները բացահայտ աշխատում էին տեսախցիկի համար՝ չվախենալով իրենց անօրինական գործողությունների համար պատասխանատվության ենթարկվելուց: Ոստիկանության կողմից այս տիպի ազգերի միջև կոնֆլիկտի հրահրման համար որևէ գործողություն չձեռնարկվեց:

Հունվարի 6-ին Կարագանդայի ադմինիստրացիայի շենքի դիմաց ամբոխ հավաքվեց, որը բողոքում էր իրավապահ մարմինների աշխատանքից: Ըստ հավաքվածների, իրավապահները հովանավորում են սպանության մեղավորներին: Ինքն իրենով հանցագործության համար արդար պատժի և հակակոռուպցիոն բնույթ կրող հանրային պահանջի դրսևորումը բողոքի տեսքով ողջունելի է: Սակայն, մի քանի կասկածներ կան այդ ցույցի հետ կապված՝

Անկախ Ղազախստանի պատմությունը չգիտի, թե ինչ են  ինքնաբուխ հանրային ցույցերը: Բոլոր տիպի հանրային ցույցերը միշտ որևէ մեկի կողմից կազմակերպված են եղել՝ կամ ընդդիմության, կամ արհմիությունների ղեկավարների, կամ հասարակական կազմակերպությունների, կամ քաղաքացիական ակտիվիստների, կամ էլ ադմինիստրացիաների: Լավագույն դեպքում անցկացվել են համապատասխան կազմակերպչական աշխատանքներ, վատագույն դեպքում՝ կանչել են ինչ-որ ժամի ինչ-որ վայր: Շատ դժվար է 300 մարդու առանց պայմանավորվելու հավաքվել նույն տեղում նույն ժամին: Հունվարի 6-ի ցույցն ամեն դեպքում ուներ ինչ-որ կազմակերպիչ, որն էլ հենց կանչել է մարդկանց՝ նշելով հավաքի տեղն ու ժամը: Այդ մարդիկ անուններ ունեն, և կախված այն բանից, թե ովքեր են նրանք, պարզ կլինի,թ ե ինչ նպատակով է կազմակերպված եղել ցույցը:

Կարծում եմ՝ համապատասխան ծառայությունները նրանց արդեն գիտեն, հետևաբար շատ բան պարզ կդառնա նրանից հետո, թե ինչպես իշխանությունները կարձագանքեն այս չթույլատրված ցույցին: Տրամաբանությունն այսպիսին է՝ եթե դա իշխանությունների թույլտվությամբ է, ապա որևէ մեկին չեն դիպչի, բայց եթե դա իրոք զանգվածների կողմից ակտիվության դրսևորում է, ապա , ամենայն հավանականությամբ, ղեկավարներին պատասխանատվության կենթարկեն: Ամեն դեպքում, մինչ այս պահն իշխանությունները հենց այդպես են վարվել: Հիշենք, թե ինչ եղավ Ատիրաուում հողի վաճառքի դեմ կազմակերպված ցույցից հետո՝ կազմակերպիչներ Մաքս Բոկաևին և Տալգատա Այանին ճաղերից այն կողմ ուղարկեցին, և հակառակ օրինակը՝ Ալմատայի տարածաշրջանում վերջերս կազմակերպված չթույլատրված ցույցը նույնիսկ ոստիկաններին չհետաքրքրեց: Այստեղ սկզբունքը պարզ է՝ ուրիշներին պատժում ենք, մերոնց ձեռք չենք տալիս»:

Իր հրապարակման վերջում Դուվանովը միտք է հայտնել, որ հնարավոր է ցույցի կազմակերպումը ձեռնտու է հենց իշխանություններին, որպեսզի կարողանան սուտ տեղեկություններ տարածելու մասին օրենքն էլ ավելի խստացնել, ինչպես նաև ցույց տան, թե ինչ վատ իրավիճակում կարող է հայտնվել հասարակությունը, եթե չլինի կայունության համար պատասխանատու իրավապահ  համակարգը, իսկ նման կոնֆլիկտների մեղավորներն էլ սուտ տեղեկություններ տարածող բամբասկոտ օգտատերերը կլինեն:

 

 

Նույն շարքից