Բարի օր Քաղաքականություն 

Եթե հայ-իրանական հարաբերությունները վատանան, Հայաստանի համար շատ վատ կլինի. Իրանագետ

analitik.am

Նոր ԱԺ-ի առաջին քառօրյան աչքի ընկավ մի քանի հետաքրքիր, երբեմն նաև սկանդալային հայտարարություններով, որոնցից մեկն էլ իշխող Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայտարարությունն այն մասին, որ Իրանն ավտորիտար բնույթի պետություն է: Ճիշտ է՝ հետո Կոնջորյանը պարզաբանեց, որ գուցե սխալ է արտահայտվել և դա իր մասնավոր կարծիքն է, բայց կա տեսակետ, որ նման հայտարարությունները կարող են վնասել հայ-իրանական բարեկամական հարաբերություններին: Հայ-իրանական հարաբերությունների, Հայաստանից Իրանի հասցեին հնչող հայտարարությունների մասին Analitik.am-ը զրուցել է իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ։

Պարոն Վարդանյան, վերջին շրջանում բավականին ակտվիացել են Հայաստանի որոշ պաշտոնյաների և առանձին անձանց կողմից Իրանի հասցեին հնչող, այսպես ասած, ոչ կոռեկտ մտքերը: Ի՞նչ կասեք այս մասով, ի՞նչ վտանգներ կարող է սա պարունակել:

Իրանի հետ հարաբերություններն այն հարաբերությունները չեն, որ պետք է հայկական կողմը փորձի ինչ-որ հայտարարությունների մակարդակով վերանայել, հակառակը՝ պետք է փորձել զարգացնել Իրանի հետ հարաբերությունները: Կարծում եմ, որ նմանատիպ հայտարարությունները գալիս են որոշակի անփորձությունից և ոչ մասնագիտական մոտեցումից, որովհետև Իրանն այլ մակարդակի երկիր է: Իրանը ճանաչելը բարդ է, և եթե մի հայտարարություն մի այլ երկրի վերաբերյալ հնարավոր է անել, ապա Իրանի մասով պետք է մի փոքր զգույշ լինել, փորձել մասնագիտորեն մոտենալ, ինչը բավականին բարդ է:

Մի քանի օր առաջ ՀՀ ԱԺ Իմ Քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ Իրանն ավտորիտար բնույթի պետություն է: Այս ոճի հայտարարությունները ՀՀ առանձին գործիչների կողմից կարո՞ղ են որևէ բացասական ազդեցություն ունենալ հայ-իրանական հարաբերությունների վրա:

Նախ պետք է ասել, որ սխալ հայտարարություն է արվել, որովհետև Իրանն ավտորիտար պետություն չէ: Եթե Ադրբեջանն ու Թուրքիան բռնապետական ավտորիտար պետություններ են, ապա Իրանն ամենևին էլ այդպիսին չէ: Օրինակ Իրանում նախագահական ընտրությունները տեղի են ունենում, այսպես ասած, ժողովրդավարական մթնոլորտում: Ինչո՞ւ եմ ասում այսպես ասած, որովհետև նման ընտրություններ ու բանավեճեր տեղի չեն ունենում նույնիսկ ամենաժողովրդավար երկրներում, իսկ Իրանում ընդհակառակը՝ այնպիսի բանավեճեր ու քննարկումներ են լինում նախագահական ընտրությունների շրջանում, որ ամենաժողովրդավար երկրները կնախանձեին:

Մեզ չպետք է հետաքրքրի, թե Իրանում ինչպիսի վարչակարգ է, որովհետև դա ամենևին չի խանգարում հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը, ինպես նաև Իրանին չպետք է հետաքրքրի, թե ինչպիսի վարչակարգ է Հայաստանում:

Իսկ ինչ կասեք ադրբեջանական կողմի տարածած հայտարարությունների մասին, որ Իրանի ԳՇ պետը հայտարարել է, թե Իրանը սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Ի դեպ այդ ինֆորմացիան տարածեցին նաև հայկական մի շարք ԶԼՄ-ներ: Ի՞նչ է գրում այս մասին իրանական մամուլն ու ինչ են ասում պաշտոնական աղբյուրները:

Իրանական կողմը մշտապես շեշտել է, որ պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և դա նորություն չէ, այստեղ պարզապես ԼՂՀ-ի անունն էր հիշատակվել: Այս մասով Իրանի դեսպանության ռազմական կցորդը Հայաստանում պարզաբանումը տվել է և շեշտել է, որ Իրանի դիրքորոշումներում ոչինչ չի փոխվել ԼՂՀ-ի վերաբերյալ: Այն չեզոք դիքորոշումը, որն Իրանն ուներ Լեռնային Ղարաբաղի հարցում, շարունակում է նույնը մնալ, և Իրանին ձեռնտու այսօրվա իրավիճակը:

Ինչ վերաբերում է հունվարի 16-ին ադրբեջանական կողմից մեր տիրույթ հայտնված տեղեկատվությանը, ապա այն որոշակի նպատակներ էր հետապնդում: Մեր լրատվական տիրույթը պետք է փորձի խուսափել ադրբեջանական տիրույթից ինչ-որ լուր տալուց, որովհետև գիտակցում ենք՝ ադրբեջանական հանրապետությունն ինչպիսի պետություն է՝ ամբողջովին թշնամաբար տրամադրված, և լավ կլինի, եթե որևէ լուր չբերվի մեր տիրույթ:

Պարոն Վարդանյան, ԱՄՆ դեսպան Միլսը մինչ հեռանալը հարցազրույց էր տվել՝ հայտարարելով, թե ակնկալում են հայկական կողմից, որ այն Իրանի նկատմամբ կհնչեցնի ավելի կոշտ հայտարարություններ: Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է ներկայիս իշխանության որոշ ներկայացուցիչների կողմից հնչեցվող հայտարարությունները՝ Իրանի հետ կապված, պայմանավորված լինեն նրանով, որ նրանք ցանկանում են հաճոյանալ ԱՄՆ-ին:

Ըստ իս որևէ դեսպան իրավունք չունի միջամտել մեր գործերին և ասել, թե ինչպիսի դիրքորոշում պետք է արտահայտի Հայաստանը: Չեմ ցանկանա ենթադրություններ անել պետական գործիչների հայտարարությունների հետ կապված, ուղղակի կասեմ, որ ցանկացած երկրի դեսպան՝ ով ուզում է լինի, պարզապես իրավունք չունի միջամտելու մեր երկրի ներքին գործերին, դա անթույլատրելի է: Ինքներս ունենք մեր օրակարգը և ինքներս ենք թելադրում դա, ունենք նաև հստակ գծած արտաքին քաղաքականություն և պետք է դրանով էլ առաջ շարժվենք:

Իսկ ի՞նչ վտանգներ կարող է պարունակել Հայաստան-Իրան հարաբերությունների վատթարացումը ՀՀ-ի համար:

Չեմ էլ ուզում պատկերացնել, որ Հայաստան-Իրան հարաբերությունները երբևէ կվատթարանան: Պարզապես կասեմ, որ ներկա ժամանակաշրջանում հանգիստ վիճակ է, երկու կողմն էլ փորձում են իրար լավ հասկանալ:

Հայաստանում նոր իշխանություն է եկել, բնականաբար Իրանը փորձում է լավ ճանաչել, Հայաստանն էլ զբաղված է ներքաղաքական խնդիրներով: Չեմ ուզում պատկերացնել, որ ինչ-որ մի օր կլինի, երբ Հայաստան-Իրան հարաբերությունները կվատթարանան, եթե նման բան էլ լինի, ապա դա Հայաստանի համար շատ վատ կլինի, որովհետև մենք արևմուտքում և արևելքում ունենք փակ սահմաններ, հյուսիսի սահմանը, կախված տարբեր իրավիճակներից, երբեմն փակվում է՝ բարդ եղանակային պայմաններ և այլն: Այսինքն, միակ սահմանն Իրանն է, և դա փակելն ինքնասպանության նման մի բան կլինի Հայաստանի համար՝ ամբողջովին կհայտնվենք ադրբեջանաթուրքական շրջափակման մեջ, ինչն էլ Ադրբեջանի երազանքն է:

Եթե վերադառնանք Կոնջորյանի հայտարարությանը, իրանական կողմը կարո՞ղ է ըմբռնումով մոտենալ երիտասարդ քաղաքական գործիչների ոչ մտածված հայտարարություններին, թե՞ ավելի շուտ անլուրջ կվերաբերվի:

Կարծում եմ, որ ըմբռնումով կմոտենա, որովհետև Իրանական կողմը պետք է հասկանա՝ փորձի պակաս կա: Իսկ հայկական կողմից պետք է կարողանան հասկացնել, որ դա ամենևին էլ այն տեսակետը չէ, որն արտահայտում է Երևանը, քանի որ, ինչպես երիտասարդ պատգամավորը նշեց, դա իր անձնական կարծիքն է և չի համապատասխանում խմբակցության կարծիքին: Դա իր սեփական սխալ կարծիքն էր, որի համար նա ներողություն խնդրեց և խոստացավ այլևս չկրկնել նման բաներ: Կարծում եմ իրանական կողմը կհասկանա և ըմբռնումով կմոտենա հայտարարությանը, և մի պատգամավորի խոսքով չի վատանա հայ-իրանական հարաբերությունները:

Հեղափոխությունից հետո իշխանությունների կողմից Իրանի նկատմամբ վարվող քաղաքականությունն ինչպե՞ս եք գնահատում:

Հեղափոխությունից հետո նոր իշխանությունը նշեց, որ չի փոխելու արտաքին ուղղվածությունը, այլ որոշակի շտկումներ են լինելու: Երբ հետագայում երկու երկրների ներկայացուցիչները հանդիպեցին Նյու Յորքում, այնտեղ հարաբերությունները շարունակելու պատրաստակամություն հայտնեցին և որոշեցին հետագայում էլ ավելի զարգացնել այն: Հայ-իրանական հարաբերությունները փաստում են, որ չունեն այլընտրանք, քան՝ զարգացնելը, որովհետև երկու կողմի համար էլ չափազանց կարևոր են միմյանց միջև հարաբերությունների զարգացումը:

Այսօրվա հայ-իրանական հարաբերությունները կարելի է ավելի զարգացնել՝ այն հասցնելով նախանձելի մակարդակի:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից