Բարի օր Հասարակություն 

Գոգավանցիներն ահազանգում են ջուր չունենալու մասին

analitik.am

Այսօր՝ հունվարի 21-ին, Analitik.am-ի հետ կապ հաստատած Գոգավան գյուղի բնակիչ Մարատ Համբարձումյանը հայտնեց, որ արդեն զգալի ժամանակ խմելու ջուր չունեն. «Գյուղում ջուր չունենք, ու բնակիչներով ջուր ենք բերում այլ տեղից, որ գոնե կարողանանք գոյատևել: Չենք հասկանում՝ ում դիմենք այս հարցին լուծում ստանալու համար: Գյուղապետը լավ գիտի այս ամենի մասին, բայց ոչ մի բան չի ձեռնարկում, կամ հենց զանգում ենք իրեն, միանգամից ջուրը գալիս է: Չենք հասկանում ինչ խաղեր են»:

Պարոն Համբարձումյանն ասաց նաև, որ գյուղի բնակիչները պարտաճանաչ կերպով կատարում են իրենց վճարումները. «Մենք սահմանված օրը, անգամ դրանից շուտ մեր կոմունալ վճարումները կատարում ենք, թող իրենք էլ մեզ ապահովեն ջրով, բա ո՞ւր են գնում այդ փողերը»:

Մեք խոսեցինք նաև համայնքապետ Բորիս Բարոյանի հետ, ով չհերքեց տեղեկությունն ու ասաց, որ ընդամենը 2 շաբաթ է, որ գյուղում ջուր չկա. «Համայնքով անցնում է մաքսատան ջուրը, մինչև այսօր գյուղի բնակիչներն օգտվել են այդ ջրագծից, բայց այսօր մաքսատունն այլևս թույլ չի տալիս, որ բնակիչներն օգտվեն: Մենք համաձայն ենք, որ ջրաչափ դնենք, դառնանաք բաժանորդ, բայց մաքսատունը թույլ չի տալիս»:

Պարոն Բարոյանը նաև նշեց, որ դիմել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին, որտեղից իրենց ասել են, որ դա մաքսատան սեփականությունն է և բաժանորդագրվելն էլ մաքսատան թույլտվությամբ պետք է լինի. «Դրանից հետո դիմել եմ մաքսատանը, բայց մերժել են՝ պատճառաբանելով, որ ջուրն իրենց չի բավականացնում: Ինչպե՞ս հերիք չի անում, եթե ջուրն իրենք պահեստավորում են, հետո օգտագործում, այնպես չէ, որ հերիք չի անում»:

Համայնքապետն ասաց, որ բոլոր համայնքներն էլ խնդիր ունեն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ, որովհետև ուզում են հրաժարվել համայնքների ջրագծերից. «Գործն ընթացքի մեջ է, եթե ջրային կոմիտեն ցանկանա վերցնել ջրագծերը, այս հարցը կլուծվի: Կառավարությանը դեռ տեղյակ չեմ պահել այս մասին: Ուրեմն որ սահմանամերձ համայնք է, պետք է այսպես խնդիրների առջև մեզ կանգնեցնե՞ն»:

Պարոն Բարոյանի խոսքերով, խնդրի լուծումը դեռ պարզ չէ, որովհետև չգիտեն ով է լինելու ջրագծի տերը:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից