Բարի օր Քաղաքականություն 

Ադրբեջանի ընդիմադիր դաշտն ավելի շատ է ատելությամբ լցված հայերի հանդեպ, քան ներկա իշխանությունը. Ադրբեջանագետ

analitik.am

Հունվարի 19-ին Ադրբեջանում մասշտաբային բողոքի ակցիա տեղի ունեցավ՝ ի պաշտպանություն 2017 թվականին ձերբակալված բլոգեր Մեհման Հուսեյնովի: Վերջինս մեղադրվում է վարչական իրավախախտումների օրենսգրքի 535.1 հոդվածի հատկանիշներով (ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելը): 2018 թվականի դեկտեմբերի 26-ին երկու տարվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր հայացքներով բլոգերին նոր մեղադրանք էր առաջադրվել՝ ոստիկանին ծեծելու հոդվածով, ինչը նախատեսում է ավելի խիստ պատիժ:

Analitik.am-ն այս ու մի քանի այն հարցերի հետ կապված զրուցեց   ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանի հետ, ով ասաց, որ Ադրբեջանում միայն 1 օր է ցույց եղել՝  Բաքվի  լքված մարզադաշտի տարածքում. «Ցույցը եղել է իշխանության թույլտվությամբ: Խոսել ինքնաբուխ հավաքների մասին, իհարկե, սխալ կլինի: Սա կալանքի մեջ գտնվող ընդիմադիր բլոգերին նոր մեղադրանք առաջադրելու համար էր: Ընդդիմադիր դաշտը համախմբվելով կոչ է արել իշխանությանը չեղյալ համարել նոր մեղադրաքը, որը վերագրում են բլոգերին»:

Ադրբեջանագետը նշեց նաև, որ ցույցի ժամանակ  խոսվել է երկրում առկա մնացած խնդիրների մասին. «Ասել, որ Ադրբեջանում այս ցույցը կարող է տանել ներքաղաքական դաշտի փոփոխության կամ որևէ զարգացումների, դժվար կլինի, որովհետև ինքներս տեսանք, որ ցույցը, նախկինների հետ համեմատած, գուցե մարդաշատ էր, բայց ներքաղաքական վիճակն ապակայունացնող չէր»:

Մովսիսյանի խոսքերով, ցույցի  ցրվելուց հետո ոչ մի նոր զարգացում տեղի չի ունեցել. «Ինչ վերաբերում է հունվարի 20-ին Ադրբեջանի փողոցները  մարդաշատ լինելուն, դա չենք կարող կապել ցույցերի հետ, որովհետև հունվարի 20-ը 1990թ. Բաքվում խորհրդային բանակի գործողության արդյունքում սպանված ադրբեջանցիների հիշատակի օրն է, որը կոչվում է «Սև հունվար»: Այդ օրը մի շարք ընդդիմադիր գործիչների համակիրներ փորձել են միասին գնալ և ծաղիկներ դնել համապատասխան հուշարձանի տարածքում, ու քանի որ որոշակի չափով մարդաշատ է եղել, ոստիկանության աշխատակիցները արգելել  են, որ բոլորը միասին գնան»:

Ադրբեջանագետի կարծիքով,  հունվարի 19-ի ցույցի հետևանքով է, որ Ադրբեջանի նախագահի կարգադրությամբ հետաքննական մարմինները վերանայել և չեղյալ են համարել ընդդիմադիր բլոգերին ներկայացված նոր մեղադրանքը. «Դա նշանակում է, որ գուցե Ադրբեջանի իշխանությունն արդեն որոշակի վերապահումներով է մոտենում ընդդիմության քայլերին և փորձում է որոշակի չափով մեղմացնել: Նորից եմ ցանկանում նշել, որ այս պահի դրությամբ ներքաղաքական անկայունության տանող իրավիճակ չկա և սպասել , որ այն թավշյա հեղափոխության սցենարը, որը տեղի ունեցավ Հայաստանում, կարող է նաև լինել Ադրբեջանում, միամտություն կլինի: Ադրբեջանում կարող է լինել իրավիճակ, որը կարող է նման լինել Ուկրաինայի, Սիրիայի կամ Լիբիայի սցենարով իշխանափոխության, բայց երբեք Հայաստանում տեղի ունեցած գործընթացն  Ադրբեջանում չի կարող կրկնվել»:

Հարցին, թե ադրբեջանական  ընդդիմության դիրքորոշումն Արցախյան հակամարտության հարցով ինչո՞վ է տարբերվում գործող իշխանության դիրքորոշումից,  Մովսիսյանն ասաց, որ Ադրբեջանի ընդիմության դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ ավելի ծայրահեղական է. «Ընդդիմության մեջ շատ կարևոր կորիզ են կազմում Ադրբեջանի ազգայնականները, և նրանցից սպասել, որ Արցախյան հարցը կարող է ունենալ մեզ համար ավելի մեղմ ու ընկալելի դիրքորոշում, միամտություն կլինի: Գուցե տարօրինակ է, բայց այսօրվա Ադրբեջանի քաղաքական դաշտում, համեմատած մնացած ուժերի դիրքորոշումների, Արցախյան հարցի համար մի քիչ ավելի ընդունելի են Ադրբեջանի ներկայիս  իշխանության դիրքորոշումը: Ընդդիմության տեսակետներն Արցախյան հարցում մեզ համար սպառնալիքներ են: Նաև նշեմ, որ Ադրբեջանի ընդիմադիր դաշտն ավելի շատ է ատելությամբ լցված հայերի հանդեպ, քան  ներկա իշխանությունը»:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից