Բարի օր Հասարակություն 

Նարեկ Մալյանը միակ պաշտոնյան էր, ով կանգնեց մեր կողքին. Ինչո՞վ է վտանգավոր Մհեր Ենոքյանին ներում շնորհելը գաղտնի պահելը

analitik.am

Այսօր՝ հունվարի 24-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Մհեր Ենոքյանի կողմից դաժանաբար սպանված Իոսիֆ Աղաջանովի քույր Ելենա Աղաջանովան ասաց, որ մարդասպան Մհեր Ենոքյանի ներման հետ կապված իրենց դիրքորոշումն անփոփոխ է, դա անթույլատրելի է. «Մենք նամակ էինք գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն մինչ այժմ որևէ պատասխան չունենք ոչ ներման գործընթացի մասին, ոչ էլ հանդիպման մասին: Մի քանի օր անց նորից հայրս դիմեց նամակով՝ հանդիպման համար, սակայն նորից որևէ արձագանք չունենք: Դիմել ենք Արդարադատության նախարարություն՝ պահանջելով մեզ տեղեկություն տալ ներման գործընթացի մասին, որտեղից ստացանք գրեթե ոչ մի պատասխան, ոչ մի բան չնշանակող պատասխան, որտեղ հղում էին տալիս անձնական տվյալների պաշտպանության, ներման մասին օրենքներին, որոնց համաձայն չեն կարող տրամադրել այդ ինֆորմացիան մեզ, մինչդեռ մենք հանդիսանում ենք տուժող կողմն այս գործում»:

Աղաջանովան նաև նշեց, որ ընդունել են Հանրային հեռուստաընկերության հրավերը. «Անցյալ շաբաթ Հանրային հեռուստաընկերության տաղավար հրավիրվել էր Զարուհի Մեջլումյանը՝ որպես մարդասպան Մհեր Ենոքյանի կին, և հարցազրույցի վերջում Պետրոս Ղազարյանն ասաց, որ պատրաստ է հրավիրել նաև մյուս կողմին, սակայն միայն այսօր առավոտյան Ռուբեն Մելիքյանի միջոցով մեզ տեղեկացրել է, որ երեքշաբթի կամ չորեքշաբթի պատրաստ է մեզ լսել, մենք ընդունեցինք այդ հրավերը»:

Ելենա Աղաջանովան նաև խոսեց այն մասին, որ 1996 թվականին, երբ իր եղբայր 19-ամյա Իոսիֆ Աղաջանովը դաժանաբար սպանվել է, իսկ մարդասպաններին էլ օրենքով սահմանված պատիժը տվել են,  իրենք  փորձել են ինչ-որ կերպ շարունակել ապրել, սակայն վերջին 10 տարիների ընթացքում սկսել է հասնել ինֆորմացիա այն մասին, որ գնում է մարդասպանի գովազդը սոցցանցերում, թերթերում. «Մարդասպանին փորձում էին  ամեն կերպ հերոսացնել, դա շատ մեծ ցավ էր պատճառում, սակայն մենք չէինք մտնում նրանց հետ պոլեմիկայի մեջ, մենք չէինք ուզում հրապարակել մեր վիշտը: Այդ ընթացքում մեր ընտանիքի մասին տարբեր ապատեղեկատվություններ տարածեցին՝ թե իբր մենք կապված ենք նարկոբիզնեսի հետ, մեր փողերով ու ծանոթություններով 20 տարի անմեղ մարդուն բանտում պահում ենք, ազդեցություն ունենք բոլոր 3 նախագահների վրա, ունենք հրեական արյուն, հրեական արմատներ, հրեական ինչ-որ ակումբների մասնակից ենք և այլն: Այս ամեն ինչը  սուտ է, զրպարտություն է, դատի ենք տալու՝ պահանջելու համար պատիվ Զարուհի Մեջլումյանից: Մեզ միշտ հետաքրքրում էր, թե ինչ շահ կարող էր ունենալ այդ աղջիկը, ով նման ստեր էր տարածում, վերջերս իմացանք, որ նա ընդամենը մարդասպանի կինն է, պաշտպանում էր իր մտերիմի շահերը»:

Ելենա Աղաջանովան նշեց նաև այն մասին, որ բոլոր այն մարդիկ, ովքեր փորձում են իրականությունը ներկայացնել, հալածանքների են ենթարկվում. «Դրա վառ օրինակը Նարեկ Մալյանն է, ով, ասեմ անպայման, իմացեք, որ միակ պաշտոնյան էր, որը լինելով ոստիկանապետի խորհրդական, միակ պաշտոնյան էր, որ եկավ մեր տուն և հետաքրքրվեց երկրորդ կողմի կարծիքով , եկավ և ուզեց իմ ծնողների աչքերին նայել, հիմա տեսնում ենք, որ այդ մարդը, որ բոլոր փաստերը ջրի երես հանեց, որ ոչ մեկս չէինք իմանում, որ այդքան բան կա՝ կլինի դա Սորոսի գրանտները, որ ապացուցում է, որ Զորուհի Մեջլումյանն անաչառ լրագրող չէ, անաչառ իրավապաշտպան չէ, հիմա ենթարկվում է հալածանքների: Ամեն ձևով ուզում են լռեցնեն նրանց, ովքեր փորձում են իրականությունը ներկայացնել»:

Ասուլիսի ընթացքում խոսեց նաև Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Միխաիլ Աղաջանովը, ով ասաց, որ իրեն զայրացնում է այն, որ լրագրողների կողմից բարձրացվում են հարցեր, թե իբր դատավճիռը սխալ է. «Եղել է դատական պրոցես, մենք մեր ընտանիքով մասնակցել ենք բոլոր այդ նիստերին, և դա այնքան ակնհայտ էր մեր համար, որ մենք մի վարկյան չէինք կասկածում, թե ով է եղել գլխավոր կազմակերպիչը՝ դա Մհեր Ենոքյանն է եղել: Ես երկուսի համար էլ մահապատիժ եմ պահանջել, ասում են, թե իբր ես կողմնապահություն եմ արել, ոչ, ես երկուսի համար էլ մահապատիժ եմ պահանջել, թե ինչպես որոշեց դատարանը, դա արդեն ուրիշ հարց է: Ինձ բացատրեցին, որ պետք է անպայման տարբերություն լինի կազմակերպչի և կատարողի պատժաչափերի միջև: Մենք համակերպվեցինք, որ Մհեր Ենոքյանին մահապատժի դատապարտեցին, իսկ մյուսին 15 տարվա ազատազրկման: Ես զարմանում եմ, թե ինչու են մահապատժի դատապարտված անձանցից հենց իրեն ընտրել, ես ուղղակի զարմանում եմ, թե ինչու հենց այդ հրեշին: Հրեշ բառը պատահական չեմ ասում: Զարմանում եմ, թե ինչպես է մեր հասարակությունը  թույլ տալիս, որ ամենավտանգավոր հանցագործին ուզում են ներկայացնեն ներման, և կան որոշ մարդիկ, որ կողմնակից են դրան: Ես կարծում եմ, որ այն հասարակությունը, որ այսպիսի հարցեր է քննարկում, չի կարող առողջ լինել: Եթե հանկարծ այդ մարդը ներվի, հասարակության առողջ մասը կհիասթափվի և պառակտման պատճառ կդառնա մեր հասարակության մեջ: Հրեշը պետք է մեկուսացված լինի հասարակությունից»:

Իրավաբան Ռուբեն Մելիքյանն էլ իր խոսքում ասաց, որ ներկա է Աղաջանովների ընտանիքի խնդրանքով՝ իրավապաշտպանական աջակցություն ցույց տալու համար, այլ ոչ թե կոնկրետ գործի շրջանակներում. «Մենք երկար տարիներ ունեցել են միակողմանի տեղեկատվություն, որի շնորհիվ տարբեր մարդկանց մոտ թյուր պատկերացում է ձևավորվել»:

Ինչ վերաբերում է իրավաբանական պրոցեսներին, ապա Մելիքյանն ասաց, որ մարդու իրավունքների ժամանակակից իրավունքը շատ հստակ և տրամաբանական պահանջներ է պարտադրում, որ ներման պրոցեսում նույնպես պետք է հաշվի առնել տուժողների շահերն՝ առնվազն ծանրացնող հանգամանքներով սպանության դեպքում. «Մենք այստեղ գործ ունենք ծանրացնող հանգամանքներով սպանության հետ: Սա մի շարք փաստաթղթերում ամրագրված է: Այն մեկնաբանությունները, որ ներկայացվում են պաշտոնապես, որ որևէ տեղեկություն չենք ներկայացնում, ինձ համար առնվազն անհասկանալի են: Ես ուզում եմ մի օրինակ բերել, որ շատ ավելի հասկանալի լինի, թե ինչի եմ ես սա իրավապաշտպանական դիրքերից այդքան կարևորում: Այս մասին խոսում է Զարուհի Մեջլումյանը, Մհեր Ենոքյանը, որ սա անձնական տվյալ է և այլն, այսինքն ստացվում է, որ մի օր կարող է Մհեր Ենոքյանը, օրինակ, ներման արժանանալ և հայտնվել փողոցում և դրա մասին որևէ մեկը չիմանա, տուժողի ընտանիքը չիմանա»:

Մելիքյանը մի օրինակ բերեց ավելի հասկանալի դարձնելու համար ասվածը. «Դե հիմա եկեք մի ուրիշ օրինակի վրա այս հարցը տեսնենք, ես ներողություն եմ խնդրում այն մարդկանցից, ում անունն այս օրինակում տալու եմ: Երկրորդ ամենահայտնի ցմահ ազատազրկվածը Նաիրի Հունանյանն է, եկեք պատկերացնենք՝ մի օր իմ կողմից շատ հարգված Անահիտ Բախշյանը՝ լուսահոգի Յուրի Բախշյանի տիկինը, կամ իմ կողմից շատ հարգված Ստեփան Դեմիրճյանը՝ լուսահոգի Կարեն Դեմիրճյանի որդին, կամ իմ կողմից շատ հարգված Արամ Սարգսյանը՝ լուսահոգի Վազգեն Սարգսյանի եղբայրը փողոցում պատահական հանդիպում են Նաիրի Հունանյանին, ասում են՝ Նաիրի ի՞նչ գործ ունես այստեղ, ասում է՝ դե գիտեք, դուք իրավունք չունեք իմանաք, ինձ պետությունը ներում շնորհեց: Սա նորմա՞լ  իրավիճակ է, սա որևէ իրավաբանական տրամաբանության մեջ մտնող իրավիճա՞կ է, և այսօր փաստացի պետությունն այս դիրքորոշումն է որդեգրել»:

Նույն շարքից