Բարի օր Հասարակություն 

Պարզ չէ, թե պառակտված Ադրբեջանը որքանով կարող է վտանգավոր դառնալ Հայաստանի համար. Ադրբեջանագետ

analitik.am

Թալիշական ազգային շարժման առաջնորդ Ֆահրադդին Աբբոսազադեի ձեռբակալության մասին լուրը մեծ աղմուկ չունեցավ Հայաստանում և հայկական մամուլում, սակայն, սա կարող էր լինել նաև քաղաքական ազդակ:

Հարցի քաղաքական տեսանկյունից դիտարկելու համար Analitik.am-ը զրուցեց քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի հետ: Վերջինս կարծում է, որ թալիշական շարժման ղեկավարներին ռուսներն օգտագործում են որպես մանրադրամ` Ադրբեջանի հետ հարաբերությունների համատեքստում և, ինչու ոչ, սա նաև քաղաքական ազդակ է. «Այս քայլը նաև նշանակում է, որ Ալիևի հետ հարաբերությունները Ռուսաստանի համար առաջնային է և, որ Ռուսաստանը կարող է անտեսել և հրաժարվել շատ այլ օգտակար գործոններից»:

Վերլուծաբանի խոսքով, այս իրադարձությունը ևս մեկ անգամ պետք է հիշեցնի հայերին, որ միակողմանի սերը Ռուսաստանի նկատմամբ կարող է նման դժբախտություն բերել:

Նա նաև նշում է, որ հայերի համար կարևոր է Ադրբեջանում բնակվող ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների խնդիրը:

Ադրբեջանում ապրող ազգային և կրոնական փոքրամասնությունների և նրանց նկատմամբ տարբեր քաղաքական հետապնդումների և ճնշումների մասին Analitik.am-ը զրուցեց նաև ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հետ:

Նա նշեց, որ Ադրբեջանում ամենամեծ ազգային փոքրամասնությունները համարվում են թալիշները, սակայն նրանցից բացի կան նաև լեզգիններ և մի շարք այլ ազգային և կրոնական փոքրամասնություններ, որոնք Ադրբեջանում գրեթե պաշտպանված չեն և պարբերաբար ենթարկվում են քաղաքական և հասարակական ճնշումների. «Ադրբեջանում ձուլման գործընթացում ակտիվորեն կիրառվում են մի շարք միջոցներ: Օրինակ` սահմանափակում են դպրոցներում սեփական լեզվի ուսուցումը, մշակութային ծրագրերը, թերթերը և ազգային ինքնագիտակցությունը պահող այլ գործոնները»:

Էլիբեգովայի խոսքով, քաղաքական և հասարակական գործիչները, որոնք ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ են, պարբերաբար հետապնդվում են և հաճախ նաև սպանվում բանտերում. «Մինչդեռ Ադրբեջանը միջազգային հանրությանը ներկայանում է որպես համբերատար երկիր, որտեղ բոլոր ժողովուրդներն ապրում են համերաշխ և պնդում, որ հայ- ադրբեջանական հակամարտությունում մեղավոր է Հայաստանը»:

Սակայն այս տեսանկյան կեղծ լինելու փաստացի ապացույցը, ինչպես նշում է Անժելա Էլիբեգովան, Ադրբեջանում ապրող բնիկ ժողովուրդների ճակատագիրն է և դեմոգրաֆիական աղետը: Իսկ կրոնական հողի վրա ճնշումները ևս մեկ գործոն է. «Եթե ադրբեջանցիների մեծամասնությունը՝ մոտ 65 տոկոսը, շիա իսլամի հետևորդներ են, ապա մնացած մասը սուննի են: Իսկ այս ճյուղի հիմնական հետևորդներն Ադրբեջանի հյուսիսային շրջանի բնակիչներն են, որոնք նաև դաղստանալեզու ազգային փոքրամասնություններ են և իրենց հաճախ ճնշում են ինչպես պոտենցիալ ահաբեկիչների»:

Ադրբեջանագետի խոսքով` սա ճշմարտությունից այդքան էլ հեռու չէ, սակայն հիմնականում լծակ է: Մինչդեռ շիա իսլամի հետևորդ ազգային փոքրամասնությունները թալիշներն են, որոնք ավելի շատ հակված են դեպի Իրան:

Հիշեցնենք նաև, որ թալիշական ազգային շարժման առաջնորդ Ֆահրադդին Աբբոսազադեին ադրբեջանական մամուլն արդեն ներկայացնում է որպես հայկական լրտես և մեղադրում հայերի հետ համագործակցության մեջ, ինչն ադրբեջանագետի կարծիքով, անհեթհեթություն է. «Սա քարոզչական հնարք է, քանի որ հայկական թեման բարձրաձայնելիս հնարավոր է լինում ապօրինությունները կոծկել»:

Իսկ ինչը վերաբերում է Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունների և հայերի համագործակցությանը, Անժելա Էլիբեգովան նշում է, որ պարզ չէ, թե պառակտված Ադրբեջանը որքանով կարող է վտանգավոր դառնալ Հայաստանի համար. «Ադրբեջանում ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ բացասական վերաբերմունքն ու դիրքորոշումն օգտագործվում է Հայաստանի օգտին»:

Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի խոսքով, Հայաստանը պետք է ապաստան դառնա այն հասարակական-քաղաքական գործիչների համար, որոնք հետապնդումների զոհ են դառնում և ներկայացնի ազգային փոքրամասնությունների իրավունքները միջազգային ատյաններում. «Նման մարդասիրական քայլով մենք կմեծացնենք վստահությունը Հայաստանի նկատմամբ և ևս մեկ անգամ կընդգծենք, որ Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների իրավունքները խախտվում են: Արցախի հարցի լուծման այլ տարբերակներով ցանկացած փորձ, քան` Արցախի լիակատար անկախությունն է, ուղղակի սպառնալիք է այնտեղի հայության համար: Սա լրացուցիչ վկայությունն է այն բանի, որ ադրբեջանական բոլոր խոստումները` հայերին տալ ամենալայն ինքնավարությունն Ադրբեջանում` ուղղակի ծիծաղելի է»,-շեշտում է Ռուբեն Մեհրաբյանը:

Այս տեսակետի հետ համակարծիք է նաև ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան: Պետական մակարդակով հայատյացության քարոզչությունը և ազգային փոքրամասնությունների նկատմամբ բացասական վերաբերմունքն ապացուցում են այն փաստը, որ Ադրբեջանի հասարակության համար խնդիրը կոմպլեքսային է և խաղաղասիրության մասին խոսելն անիմաստ է:

Արցախյան հակամարտության խնդիրն արագ լուծումներ ստնալ չի կարող:

Իզաբել Սահակյան

Նույն շարքից