Հասարակություն Տեսանյութեր 

ՀԷԿ-երից տուժված Արագած համայնքի բնակիչները կարտոֆիլ են բերել կառավարության մոտ /Տեսանյութ/

analitik.am

Այսօր՝ հունիսի 27-ին, Արագածոտնի մարզի Արագած համայնքի բնակիչները համայնքում աճող կարտոֆիլ էին բերել կառավարության մոտ. կարտոֆիլի պալարները նեխման պրոցեսում էր, բերքը`չորացած:

Գյուղի բնակիչներից մեկն ասաց, որ Գեղարոտ գետի վրա կառուցված ՀԷԿ-երից է ջուրը թունավոր, ծառերը չորանում են, ձկներն էլ սատկել են․ «Ջուրը տրուբեքով ա գալիս, ֆիլտրացում չի կատարվում, որ իր հունով գար՝ կմաքրվեր»,- ասաց բնակիչներից մեկը՝ հավելելով, որ ՀԷԿ-երը 2008թ-ից աշխատում են, և Արագածի խառնարանից եկող ջուրն ուղղվում է դեպի իրենց հողատարածքներ ու վարակում է ծծմբով, ծանր մետաղներով:

«Կենդանական աշխարհը գետում վերացել է, կարմրախայտը, որ ծփում էր՝ չկա, ոչ գորտ կա, ոչ որդ կա: Որոշում կար ՀԷԿ-երի աշխատանքի կասեցման մասին, բայց չեն կասեցնում՝ ինչո՞ւ, եկել ենք վարչապետին դիմենք, որ ՀԷԿ-երը փակեն»,- ասաց Արագած գյուղի բնակիչներից մեկը:

Կառավարությունից Արագած գյուղի բնակիչներին պատասխանել են, որ 10 օրվա ընթացքում հարցը կլուծեն և գրավոր կպատասխանեն:

Նշենք, որ Ապարանի տարածաշրջանում գտնվող Գեղարոտ գետի վրա կառուցված ՀԷԿ-երի սեփականատերերը դիմել են դատարան ընդդեմ բնապահպանության նախարարության, որը ՀԷԿ-երի շահագործումը դադարեցնելու որոշում է կայացրել: Նրանք վիճարկում են նաև Արագածոտնի մարզպետի և Ապարանի քաղաքապետի գործողությունների օրինականությունը, որոնք ուղղված են ՀԷԿ-երի գործունեության խոչընդոտմանը:

Նշենք նաև, որ «Գեղարոտ» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Արագած համայնքի վարչական տարածքում, կառուցված է Գեղարոտ գետի վրա: ՓՀԷԿ-ը շահագործում է «Էլ Կաս» ՍՊԸ-ն: ՓՀԷԿ-ը շահագործվում է 2010թ-ից:

Գեղարոտ գետի վրա կառուցված մյուս ՀԷԿ-ը «Արագած-1» ՓՀԷԿ-ն է, որը շահագործում է «Վակուֆլո» ՍՊԸ-ն:

Հիշեցնենք, որ դեռևս 2016թ-ին Շրջակա միջավայրի նախարարության Մթնոլորտային օդի և ջրերի վերահսկողության բաժնի կողմից ՓՀԷԿ–երին տրված ջրօգտագործման թույլտվության պահանջների խախտման հիմքով «Վակուֆլո» ՍՊԸ-ն ենթարկվել էր 400.000 դրամի վարչական տուգանքի։

Անկախ փորձագետներ Սեյրան Մինասյանի և Արևիկ Հայրապետյանի «Գեղարոտ գետի վերին  միջին հոսանքների ջրերի էկոքիմիական վերլուծություն» հետազոտության մեջ մասնավորապես նշված է. «Գեղարոտ գետի ջրերում Fe, Al, Co, Mn, Cr, Cd, Zn, Na, Mg, Ca, K մետաղների ու տարրերի պարունակության հետազոտությունից պարզվում է, որ երկու գործող ՓՀԷԿ-երից անմիջապես ներքեւի դիտակետերի ջրերում նշված տարրերի կոնցենտրացիաները զգալի (2-10 անգամ, միջինը` 5-7 անգամ) գերազանցում է ՓՀԷԿ-երից վերեւ գտնվող դիտակետերի ջրերում առկա կոնցենտրացիաներին: Սա ցույց է տալիս, որ գործող 2 ՓՀԷԿ-երը զգալի ազդեցություն ունեն գետի ջրերի որակի վրա»:

Տարածքի բնակիչները նշում էին, որ ջրի որակը վատացել է, գետի ջուրը գույնը փոխել է, դարձել է դարչնագույն, բացի այդ ՀԷԿ-երի օգտագործած ջուրը բացասաբար է ազդում բույսերի աճի վրա և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության մասնագետներն ուսումնասիրել են գետի քիմիական կազմի փոփոխության պատճառները:

«ՍՊԱրմԾ» ՊՈԱԿ-ի մասնագետները պարզել էին, որ գետում երկաթի երևակումներ կան, որոնցից ժանգ է առաջանում և բնական ճանապարհով գունափոխում գետի գույնը` դարձնելով այն դարչնագույն: Սակայն մինչ այժմ գետը կարողացել է ինքնամաքրվել: Հիմա ՀԷԿ-ը խախտել է գետի հիդրոերկրաբանական վիճակը, և գետը չի կարողանում իր ճանապարհին մաքրվել»:

Բացի նրանից, որ ՓՀԷԿ-երը չեն պահպանել էկոլոգիական թողքը և որի համար նախարարությունը տուգանել է, նաև ՓՀԷԿ-երն օգատգործում են Ապարանի ջրամբարի ջրերը, իսկ որն է խնդիրը: Խնդիրը նրանում է, որ սովորաբար վերջին տարիներին չլցվող ջրամբարները ոռոգման համար պատուհաս էին, քանի որ չէին լցվում ու կիսադատարկ էին: Պարզապես ինչպես Գեղարոտ գետի վրա գտնվող փոքր ՀԷԿ-երը, այնպես էլ Հայաստանի այն ՓՀԷԿ-երը, որոնք կառուցված են ջրամբարներից դուրս եկող գետակների, ջրանցքների վրա, մշտապես օգտագործում են ջրամբարների ջուրը՝ թաքուն կամ ակնհայտ և ջրամբարները դատարկում են անգամ ոչ ոռոգման սեզոնին, իսկ ահա ոռոգման սեզոնին ջրամբարները դատարկվում են կամ կիսադատարկ են և չեն լցվում:

Գուցե ինչ-որ ժամանակ իրավապահ համակարգը զբաղվի այս խնդրով և ՓՀԷԿ-երը ոչ թե դիմեն դատարան, այլ ջրամբարներից ներքև գտնվող ՓՀԷԿ-երի գործությունը դադարեցվի, որովհետև տարիներ շարունակ նրանք հարված են հասցրել երկրի ջրային ռեսուրսներին ու գյուղատնտեսությանը:

Ի դեպ, ջրամբարների լցվածությունը 2018թ-ին կազմել է 30 տոկոս, 2017 թվականին եղել է 47.3 տոկոս, 2016-ին՝ 58 տոկոս:

Նույն շարքից