Միջազգային 

Թող ռուսերենից լեհերեն ճիշտ թարգմանեն. Ժիրինովսկին դժգոհել է սխալ թարգմանությունից

analitik.am

Ռուսաստանի Լիբերալ- դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ Լեհաստանի ոչնչացման մասին իր ասածները, որի պատճառով ռուս դեսպանին Լեհաստանի ԱԳՆ էին կանչել, սխալ թարգմանության արդյունք է, տեղեկացնում է Lenta.ru-ն:

 

«Թող ռուսերենից լեհերեն ճիշտ թարգմանեն: Իմ ասածի միտքն այն էր, որ մեծ պատերազմի դեպքում որոշ փոքր երկրներ կկորցնեն քաղաքական քարտեզին մնալու իրենց հեռանկարը»,-ասել է Ժիրինովսկին:

 

Գործիչը նշել է, որ զինյալ հակամարտության ժամանակ առաջին հարվածը կհասնի այն երկրներին, որտեղ ՆԱՏՕ-ն ամենաշատ բազաներն ունի. Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան և Ռումինիա: Ժիրինովսկին ընդգծել է, թե չի խոսել այն մասին, որ այդ երկրներն այլևս չեն լինի, այլ ասել է, որ այդ երկրներն իրենք իրենց վտանգի տակ են դնում:

 

Երեկ Լեհաստանի ԱԳՆ-ն կանչել էր Վարշավայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Ալեքսեևին, իսկ Լատվիայի ԱԳՆ-ն՝ Ռիգայում դեսպան Ալեքսանդր Վեշնյակովին: Նման քայլի պատճառը Ժիրինովսկու վերջին հարցազրույցն էր, որտեղ նա նշել էր, թե պատերազմի սկսվելու դեպքում առաջին հարվածը բաժին կհասնի բալթյան այն երկրներին, որոնց տարածքից ՌԴ-ի ուղղությամբ հրթիռներ կարձակվեն:

Նույն շարքից