Միջազգային 

he New York Times-ն անդրադարձել է ԼՂ-ին

analitik.am

Ամերիկյան  The New York Times թերթը գրում է, որ «Ուկրաինան միակ վայրը չէ, որտեղ Ռուսաստանը խնդիրներ է հարուցում»:

 

1991-ին ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր Մոսկվան կանոնավոր կերպով «անջատողականների» է սատարում, և վերջին նման դեպքը Հարավային Կովկասում էր: 

 

Նշվում է, որ վերջին շաբաթներին Մոսկվան կարծես սրում է Հայաստանի և Ադրբեջանի բազմամյա հակամարտությունը: Մյուս կողմից էլ խաղաղարար է ձևանում երկու կողմերի առաջ: Աղբյուրը նշում է 40 զոհի մասին, որ գրանցվել էին օգոստոսի սկզբին հայ - ադրբեջանական սահմանային բախումների ժամանակ: Թերթը նկատում է, որ դա տեղի էր ունեցել Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից առաջ:

 

Նկատվում է, որ Հարավային Կովկասը գուցե հեռավոր թվա, բայց այնտեղով է անցնում կենսական նշանակության գազատար, որը բնական գազի հոսք է ապահովում Կենտրոնական Ասիայից Եվրոպա՝շրջանցելով Ռուսաստանը: Ըստ աղբյուրի՝ այս անգամ արևմտյան առաջնորդները չեն կարող Մոսկվային թույլ տալ «կլանել» տարածաշրջանի ևս մի մաս, ինչպես դա եղավ Հարավային Օսիայի և Աբխազիայի դեպքում: Այս տարի էլ՝ Ղրիմի: 

 

Իսկ ԼՂ հակամարտությունը «կենդանի» պահելու ձևեր Ռուսաստանը գտել է. ըստ աղբյուրի՝ 1990-ականներին Հայաստանն ու Ադրբեջանը երեք անգամ մոտ են եղել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, սակայն Ռուսաստանը խոչընդոտել է Հայաստանի մասնակցությանը, այդ թվում՝ Հոկտեմբերի 27-ի միջոցով:

 

Ըստ աղբյուրի՝ այս «սառեցված հակամարտությունը» Ռուսաստանին թույլ է տալիս մուտք գործել տարածաշրջան՝ ըստ իր հայեցողության: Իսկ ռուսական զորքերի առկայությամբ կողմերից ոչ մեկը չի կարողանում սերտորեն համագործակցել Արևմուտքի հետ:

 

Նշվում է, որ վերջին բախումների համատեքստում Պուտինը ցանկանում էր «խաղաղարարներ» տեղակայել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Իսկ դրան նախորդել էին ճնշումները տարածաշրջանի վրա, որոնց շարքում նշվում է այն, որ Հայաստանի իշխանությունները հրաժեշտ տվեցին ԵՄ-ի հետ գործընկերության համաձայնագրի ստորագրման հավակնություններին:

 

Ըստ The New York Times-ի՝ վերսկսվելիք նոր ռազմական գործողությունները Ռուսաստանին թույլ կտային տարածաշրջանն ապակայունացնելու միջոցով խոչընդոտել գազամուղի նախագծի իրականացմանը, որով Եվրոպան հույս ունի թեթևացնել իր կախվածությունը ռուսական վառելիքից:

 

Հոդվածագիրն առաջարկում է, որ Արևմուտքը՝ Վրաստանի պատերազմից դասեր քաղելով, գործի. ըստ այդմ՝ Օբաման պետք է Հայաստանի ու Վրաստանի առաջնորդներին հրավիրի Վաշինգտոն և ցույց տա, որ «ԱՄՆ-ն չի լքել Հարավային Կովկասը»: Դա այդ երկրների առաջնորդներին թույլ կտա դիմակայել Ռուսաստանի ճնշումներին:

 

Կանխատեսում է արվում, որ հաջորդ շաբաթ մեկնարկող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստը կարծես թե լավ առիթ է աջակցության նման մի դրսևորման համար:

 

Սակայն դրանից բացի, ըստ աղբյուրի, Արևմուտքին հստակ ռազմավարություն է հարկավոր, որով կկանխվի Մոսկվայի կողմից սահմանային որևէ այլ շրջան զավթելը: Այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղը՝ որքան էլ հեռու, այնուամենայնիվ, Ռուսաստանի համար «իր կորուսյալ կայսրությունը վերստեղծելու հաջորդ ճակատն» է: Իսկ ԱՄՆ-ի համար Հարավային Կովկասի ինքնիշխանության կորուստը հերթական հարվածը կլինի նախկին ԽՍՀՄ-ի երկրների հետ դաշինքներ կազմելու հնարավորության առումով, հնարավորություն, որն արդեն իսկ նվազել է, գրում է թերթը։

Նույն շարքից