Վերլուծական Քաղաքականություն 

Հայկական լոբբինգը արտասահմանում և Վրաստանի մտավախությունները

analitik.am

Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, Սրբազնագույն և Երանաշնորհ Իլյա Երկրորդը պատրիարքարանում սեպտեմբերի 25-ին հանդիպում է ունեցել վիրահայ համայնքի` Թբիլիսիի, Սամցխե-Ջավախեթիի և Քվեմո Քարթլիի տարածաշրջանների հայկական մշակութային ու կրթական օջախների և հասարակական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը Իլյա Երկրորդը խոսել է վրաց-հայկական դարավոր բարեկամության մասին: Հանդիպամանը նա այսպիսի արտահայտություն է արել. «Ցավոք, հաճախ է պատահում, որ թե' վրաց, թե' հայ ազգերի առանձին ներկայացուցիչներ հանդես են գալիս հայտարարություններով, որոնք խախտում են մեր հարաբերությունները»:

Հետո նա համոզմունք է հայտնել, որ աշխարհաքաղաքական ներկայիս բարդ իրավիճակում Վրաստանն ու Հայաստանը համատեղ, միմյանց փոխհզորացմամբ են պահպանում իրենց ինքնությունն ու անկախությունը: Իսկ դա, ըստ Իլյա Երկրորդի, նշանակում է` երբ լավ է Վրաստանը, լավ է նաև Հայաստանը և հակառակը` երբ վատ է Վրաստանը, վատ է նաև Հայաստանը:

Փաստորեն Իլյա Երկրորդը վերջին 20 տարում առաջին անգամ հիշել է, որ ՀՀ-ն և Վրաստանը քիստոնեական փոքրիկ կղզյակներ են մահմեդական ահռելի օվկիանոսի մեջ: Ըստ երևույթին՝ ճիշտ է: Բայց տարօրինակ է, որ նա 20 տարվա մեջ նոր է հիշում այդ մասին: Մի մարդու հիշողություն, որ եթե չասենք՝ տառապում է հայատյացությամբ, ապա գրեթե հասնում է դրան: Վրաց-հայկական եղբայրության մասին հիշելով և հանդիպելով Վրաստանում ապրող հայերի հետ, որոնք Սաակաշվիլու ռեժիմից հետո հիմա գրեթե պատանդի կարգավիճակում են, նա խոսում է այն մասին, որ մենք պարտավոր ենք իրար նկատմամբ վատ բաներ չասնել: Իսկ իրականում ո՞րն է խնդիրը:

Վրաստանի հայերը հարյուրավոր տարիների պատմություն ունեն Վրաստանի մեջ: Վիրահայերը և ջավախահայերը խնդիր ունեն Վրաստանում: Ջավախահայերը ունեն հայոց լեզվի ուսուցման և ինտեգրաման անվան տակ վրացականացման պրոցեսի կասեցման խնդիրը: Նրանք փայլուն վրացերեն գիտեն, բայց նրանց այս կամ այն պատճառով դուրս են մղել Վրաստան քաղաքական և մշակութային կյանքից՝ պատճառաբանելով, որ վրացերեն լեզվին լավ չեն տիրապետում: Մինչդեռ, ըստ միջազգային ստանդարտների, հայերն այնտեղ պետք է մշակութային ինքնավարություն ունենան: Իսկ հայությունը Վրաստանում, խոսքը Ջավախքի մասին չէ, գրեթե զրոյական կարգավիճակում է:

Իլյա Երկրորդը հոգևորականի կերպարին հակառակ բավականին քաղաքականացված մարդ է: Եվ եկեղեցուց ստացած իր արտոնությունների շնորհիվ երկար ժամանակ է՝ «գրոհ» է կազմակերպում հայերի դեմ՝ լեզվի, աշխարհագրության և պատմության դեմ: Նա այնպես է անում, որ հայերը լավ իմանան Վրաստանի պատմությունն ու լեզուն: Այդպիսով, նա հայերին փոձում է հեռացնել իրենց բուն մշակույթից և արմատներից: Դա էլ, հավանաբար, Թուրքերից են սովորել:

Սաակաշվիլու ռեժիմի ժամանակ նրանք ծնկել են հայությանը: Դա իրենց համար բավարար վիճակ է: Իլյա Երկրորդը կոչ է անում, որ հայերը արտերկրում Վրաստանի մասին վատ բաներ չխոսեն: Հայերը Վրաստանի մասին արտասահմանում վատ բաներ չեն էլ խոսում: Արտասահմանի հայությունը՝ Միացյալ Նահանգների, Փարիզի, Եվրոպայի և այն, լոբբինգի միջոցով ճնշում է Վրաստանի իշխանությանը, որպեսզի կասեցնի Վրաստանում հակահայկական քաղաքականությունը: Սա արդյունք է տալիս, դրա համար էլ Վրացական կողմը փորձում է դիմադրել:

Ինչպես նշեցինք, Իլյա Երկրորդն ասել է, որ այն ինչ լավ է Վրաստանի համար, լավ է նաև Հայաստանի համար: Այս թեզը բացարձակ սխալ է: 1920 թվականին Վարաստանի համար լավ եղալ, երբ նա Թուրքիայի հետ գործարքով ստացավ հայկական Ջավախքը և այլ տարածքներ: Բայց դա հայերի համար լավ չէր: Հայաստանն այդ տարիների առաջարկում էր բարեկամություն թուրքական ներխուժման դեմ պայքարելու համար, բայց Վրաստանը, իմանալով թուրքական արշավանքի պատճառով Հայաստանի նեղ վիճակի մասին, գնաց գործարքի Թուրքիայի հետ:

Վրացիները պետք է իմանան, որ հայերը լավ հիշողություն ունեն և ամենևին էլ այնպես չէ, որ այն, ինչ Վրաստանի համար լավ է, լավ է նաև Հայաստանի համար: Նրանք նախիջևանում հավաքվում են թուրքական ղեկավարության հետ՝ Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան ռազմական դաշինք են ստեղծում: Դա անշուշտ Հայաստանի ազգային և Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին դեմ է: Ախալքալաք-Կարս երկաթուղին կառուցում են, բայց Հայասատանը շրջափակում են: Նաև Ջավախքի սրտի մեջ՝ Հայաստանի սահմանի վրա ռազմակայան են ստեղծում: Սա, անշուշտ, ուղղված է Հայաստանի և Գյուրիում գտնվող ռուսական ռազմակայանի դեմ:

Վրաստանի քաղաքական իշխանությունը երբեմն իր հարցերը լուծում է Իլյա Երկրորդի միջոցով: Վրացական եկեղեցին այնքան ուժեղ է և վրացիներն իբրև այնքան են նվիրված եկեղեցուն, որ նրանց խոսքը միշտ տեղ է հասնում: Նրանք իրենց դեմ վտանգ են տեսնում Հայաստան-Ռուսասատան ռազմավարական համագործակցության մեջ: Դրա համար էլ նրանք հիմա աղվեսի կեղծ ժպիտով փորձում են կայացնել «իսկական» հայ-վրացական համագործակցություն: Իսկ եթե դա անկեղծորեն են ցանկանում, ապա հրապարակավ պետք է հայտարարեն վիրահայերի նկատմամբ քաղաքականության արմատական փոփոխություն: Ջավախքի հայությանը պետք է տրամադրվի քաղաքական և մշակութային ինքնուրույնություն: Այլապես հայական կողմը պետք է նրանց հստակ ասի այն ամենը, ինչը նշվեց վերևում: Լոբբինգը պետք է ավելի ուժեղացվի: Իրենք պետք է հավասարակշռեն իրենց համագործակցությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Վրացիները պետք է հրաժարվեն քաղաքականության մեջ Բյուզանդական ավանդույթներից:

Լևոն Տիգրանյան

Նույն շարքից