Քաղաքականություն 

Թուրքիան տարին սկսում է բանակը վերազինելու որոշումներով

analitik.am

 

Եվս 4 միավոր F-35 կործանիչ, ևս 5 միավոր CH-47F Chinook ուղղաթիռ, MPT-76 ինքնաձիգի սերիական արտադրություն, սեփական կործանիչի նախագծման աշխատանքների շարունակություն… 2015 թվականը Թուրքիան սկսում է նման ռազմական նորություններով:


Հունվարի 7-ին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավորությամբ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության հանձնաժողովի հերթական նիստի արդյունքները ոչ միայն կարևոր են Թուրքիայի համար, այլ նաև տարածաշրջանային առումով մեծ հետաքրքրություն են ներկայացնում: Թուրքիան իր որոշումներով ցույց է տալիս, որ ոչ միայն շարունակում է զինվել նորագույն ռազմատեխնիկայով, այլև փորձում է զարգացնել սեփական ռազմարդյունաբերությունը` մի կողմից ապահովելով սեփական զինուժի պահանջները և մյուս կողմից զարգացնելով երկրի տնտեսությունը: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ ներկա փուլում թուրքական ռազմարդյունաբերությունը, զարգացում ապրելով հանդերձ, ունակ չէ սեփական բանակին տեղական արտադրության գերժամանակակից զինատեսակներով ապահովել, սակայն թուրքական կողմը բացը լրացնում է հիմնականում ԱՄՆ-ից նորագույն սպառազինություն գնելով:


Հայաստանի տեսանկյունից ևս կարևոր է պատմականորեն ոչ բարիդրացիական տրամադրված հարևանի սպառազինումը: Հարևան, որը փորձում է հավակնել ռազմաքաղաքական առաջատարի դերին ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ սահմանակից այլ տարածաշրջաններում` Բալկաններ, սևծովյան ավազան, Կովկաս:


Թուրքիան իր քայլերով ցույց է տալիս, որ մեծ ուշադրություն է դարձնում հատկապես օդում գերակայության հասնելուն, և գնում է այնպիսի ռազմատեխնիկա, որը նրան առավելություն է տալիս հեռու և մոտ հարևանների նկատմամբ: Օրինակ, 5-րդ սերնդի F35 կործանիչներ, որոնք F-16 կործանիչների պարկի հետ մեկտեղ զգալի կավելացնեն թուրքական օդուժի պոտենցիալը:


Իհարկե, Թուրքիան նորագույն սպառազինության տեսանկյունից դեռ զիջում է համաշխարհային առաջատարներին: Դրա պարզ ապացույցներից մեկն էլ այն է, որ Թուրքիան չունի մեծ և միջին հեռահարության հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության համակարգեր, որի բացն էլ փորձում է լրացնել վերջին տարիներին, սակայն դեռևս ապարդյուն: Այս ամենի հետևանքով թուրքական կողմը ստիպված է դիմել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին` սեփական երկնքի անվտանգությունն ապահովելու համար: Այս հարցը նույնպես հանձնաժողովի նիստի քննարկման թեմաների շրջանակներում էր:


Հայաստանի տեսանկյունից ևս կարևոր է Թուրքիայի սպառազինումըորը փորձում է հավակնել ռազմաքաղաքական առաջատարի դերին ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ սահմանակից այլ տարածաշրջաններում` Բալկաններ, սևծովյան ավազան, Կովկաս:


Այժմ անդրադարձ կատարենք ռազմարդյունաբերական հանձնաժողովի առավել ուշագրավ որոշումներին, որոնք պետք է հետաքրքրեն նաև մեզ:


Կործանիչներ


Նիստի արդյունքներով որոշվել է արդեն պատվիրվածներին ավելացնել ևս 4 միավոր 5-րդ սերնդի F-35A կործանիչի պատվեր: 2013-ի մայիսին Անկարան հայտարարեց 2 միավոր F-35A (Block-3F) կործանիչ գնելու, ինչպես նաև հետագայում դրանց թիվը 100-ի հասցնելու մտադրության մասին։ Այսպիսով, Թուրքիան միացավ այն փոքրաթիվ պետություններին, որոնք իրենց ավիապարկում կունենան ժամանակակից այս կործանիչից: ԱՄՆ-ի հետ բանակցությունները բավական երկար շարունակվեցին, քանի որ ամերիկյան կողմը չէր շտապում թուրքերին փոխանցել բոլոր ծրագրային կոդերը, որոնք սահմանափակում էին կործանիչի որոշ ֆունկցիաներ:


Թուրքիան արդեն պատվիրել է 6 կործանիչ, որոնք կարող է ստանալ 2018 թվականից, և նախատեսում է գնել ևս 94-ը: Մերձավոր Արևելքում կամ հարևան պետություններից դեռ միայն Իսրայելն է, որ արդեն պատվիրել է F-35 կործանիչներ:


Ամերիկյան նորագույն ինքնաթիռներ գնելու հետ մեկտեղ Թուրքիան փորձում է նախագծել սեփական կործանիչը, այն էլ` 5-րդ սերնդի (TF-X անունը կրող նախագծով): Սա բարդագույն խնդիր է, Թուրքիան իր ներկա ռեսուրսներով ունակ չէ նման հարցեր լուծել, սակայն արտաքին տեխնոլոգիական աջակցության և միլիարդավոր դոլարների ներդրումները կարող են որոշ արդյունք տալ: Նիստի արդյունքներով վերահաստատել են շարունակել նախագծի աջակցությունը: Լրատվադաշտում խոսում են, որ Անկարան պատրաստ է 33 մլրդ ամերիկյան դոլար ծախսել այս նախագիծը կյանքի կոչելու համար: Ընդ որում, թուրքական իշխանությունները փորձում են նախագիծն ավարտին հասցնել 2023 թվականին` Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-րդ տարում: Ընդհանրապես, Թուրքիայում այս տարեթվին բավական խանդավառ են մոտենում, մանավանդ ռազմական տեսանկյունից: Թուրքերը ցանկանում են մինչ 2023 թվականն ունենալ սեփական արտադրության տանկը, կործանիչը, ուղղաթիռները, ռազմանավերը, այլ զինտեխնիկա: Անցնող ժամանակն ու արդյունքները ցույց են տալիս, որ հավակնոտ այս ծրագիրը դժվար թե հաջողվի ամբողջովին իրականացնել:


Ուղղաթիռներ


Շարունակելով խոսել թուրքական ավիացիայի համալրման մասին` այս ուղղությամբ ևս մեկ կարևոր քայլ կարելի է արձանագրել. նիստի արդյունքներով որոշվեց ավելացնել ամերիկյան CH-47F Chinook ծանր բեռնատար ուղղաթիռների պատվերի քանակը: Թուրքիան վերջին տարիներին ռազմական ուղղաթիռների մեծ պահանջարկ ունի: Թուրքական զինուժի սպառազինությունում առկա ուղղաթիռները և՛ քանակապես չեն բավականացնում, և՛ թարմացման ու նորացման կարիք ունեն, ուստի Անկարան փորձում է ոչ միայն գնել անհրաժեշտ ավիացիան արտասահմանյան ընկերություններից, այլ նաև փորձեր է կատարում ստեղծել սեփական տարբերակները (օրինակ, արդեն շահագործման հանձնված թուրք-իտալական T-129 Atak հարվածային ուղղաթիռը):


Հատկապես քրդերի դեմ պայքարում ուղղաթիռների կարիքը տարիներ շարունակ իրեն զգալ է տվել: Թուրքիան, սակայն, ունակ չէ արտադրել CH-47F Chinook ուղղաթիռների տվյալներին անգամ մոտ ուղղաթիռներ, ուստի ստիպված է դրանք գնել ամերիկյան կողմից: Նորագույն «Չինուքները» կարող են դառնալ լուրջ համալրում թուրքական ավիացիոն պարկում:


Հավելենք, որ նիստի արդյունքներով որոշվել է 5-ով ավելացնել ավելի վաղ կատարված 6 ուղղաթիռի պատվերը:


Պետք է փաստել, որ Թուրքիան շարունակում է նորագույն տեխնիկա ձեռք բերել` զարգացնելով նաև սեփական ռազմարդյունաբերությունը: Վերջին շրջանում հատկապես մեծ ուշադրություն է դարձվում ավիացիոն տեխնիկային, ինչը կարելի է հասկանալ ոչ միայն լոկալ հակամարտությունների (քրդական հարց) տեսանկյունից, այլև տարածաշրջանային առումով ռազմական առավելություն ստանալու մղումով:


Տեղական ինքնաձիգ


MPT-76-ը դարձավ Թուրքիայի` սերիական արտադրության դրված տեղական առաջին ինքնաձիգը: Թուրքական կողմը շարունակ թմբակահարում է, թե ինքնաձիգը թուրքական մշակում է, սակայն այն ստեղծելու համար թուրքերն օգտագործել են գերմանական Heckler & Koch ինքնաձիգների լուծումները:


Եվ ահա, նիստի արդյունքներով, երկար փորձարկումներից հետո MPT-76 ինքնաձիգը, որը հայտնի է նաև «Մեհմեթչիք-2» (Թուրքիայում զինվորներին տրված փաղաքշական անուն) անունով, դրվելու է սերիական արտադրության և ստեղծվելու է 35 000 օրինակ` թուրքական բանակին հանձնելու նպատակով: Տեղական արտադրության ինքնաձիգներով թուրքերը նախատեսում են փոխել ներկայումս Թուրքիայի զինված ուժերում կիրառվող Heckler & Koch G-3 ինքնաձիգները, որոնք արդեն հնացած են համարում: Ամեն դեպքում, դեռ անհայտ է, թե նոր ինքնաձիգն իրեն ինչպես կդրսևորի մարտական պայմաններում, ուստի միայն փորձարկումների արդյունքներով բարդ է հստակ գնահատել ժամանակի ընթացքում թուրքական բանակի հիմնական հրաձգային զենքը դառնալ հավակնող MPT-76-ը:

ՀՕՊ համակարգ

Մեծ և միջին հեռահարության հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության համակարգերի մրցույթը վերջնական արդյունք չի ունենում 2013 թվականից: Թուրքիան չունի մեծ հեռահարության ՀՕՊ սեփական համակարգ և, չունենալով այն ինքնուրույն ստեղծելու հնարավորություններ, փորձում է իր համար հարմար տարբերակ գտնել արտաքին շուկաներում:


2013-ի սեպտեմբերին ՀՕՊ համակարգի մրցույթում հաղթող էր ճանաչվել չինական տարբերակը (HQ-9 համակարգերով, որոնք ստեղծվել են խորհրդային Ս-300 համակարգերի հիմքի վրա), սակայն Թուրքիան չի շտապում պայմանագիր կնքել (նաև ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի դժգոհությունների տարափի պատճառով)՝ հնարավորություն տալով մրցույթի մյուս մասնակիցներին շարունակել պայքարը։ 3-4 մլրդ դոլար արժողությամբ պայմանագրի համար պայքարում են նաև ամերիկյան Patriot PAC3 և ֆրանս-իտալական Aster Samp/T համակարգերը: Թուրքիան ցանկանում է, որ վաճառքից բացի, իրականացվի նաև զենիթահրթիռային համալիրների համատեղ արտադրություն երկրի տարածքում, որին պատրաստ է միայն չինական կողմը, որի առաջարկը ձեռնտու է նաև գնի տեսանկյունից: Սակայն ՆԱՏՕ-ն պնդում է, որ թույլ չի տա չինական զենիթահրթիռային համակարգերին ինտեգրվել Հյուսիսատլանտյան դաշինքի հակաօդային պաշտպանության միացյալ համակարգին, ինչի հետևանքով դրանց արդյունավետությունը շեշտակի նվազում է: Թուրքիան էլ արդեն 1.5 տարի (չհաշված մրցույթի հայտարարմանը նախորդած շրջանը) չի կարողանում վերջնական ընտրություն կատարել և շարունակում է սպասել ու քննարկել:


Կարելի է փաստել, որ սեփական մեծ և միջին հեռահարության ՀՕՊ համակարգի բացակայության պարագայում Թուրքիան ոչ նախանձելի վիճակում է և որոշակիորեն զիջում է տարածաշրջանային այլ երկրների: Տեղին է նշել, որ ՀՕՊ համակարգի տեսանկյունից Հայաստանը ևս Թուրքիայից ավելի շահեկան դիրքում է:


Այսպիսով, պետք է փաստել, որ Թուրքիան շարունակում է նորագույն տեխնիկա ձեռք բերել` զարգացնելով նաև սեփական ռազմարդյունաբերությունը: Վերջին շրջանում Թուրքիան հատկապես մեծ ուշադրություն է դարձնում ավիացիոն տեխնիկային, ինչը կարելի է հասկանալ ոչ միայն լոկալ հակամարտությունների (քրդական հարց) տեսանկյունից, այլ նաև տարածաշրջանային առումով ռազմական առավելություն ստանալու մղումով:


Գևորգ Պետրոսյան, թուրքագետ

 

Նույն շարքից