Քաղաքականություն 

Պետք է իշխանություններն իմանան՝ ո՞ւմ են բերում ծառայության, որ ամեն հոգեկան հիվանդի կամ թմրամոլի չբերեն կապեն Գյումրիի ջանին…. Վահան Թումասյան

analitik.am

Գյումրիում տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ Analitik.am-ի հետ իր խոհերն ու մտահոգություններն է կիսում «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը:


- Պարո՛ն Թումասյան, ի՞նչ հոգեվիճակում են գյումրեցիները, խուճապն անցե՞լ է:

- Գյումրիում խուճապն ընդամենը մեկ օր է տևել և դա բնական էր: Հաջորդ օրվանից խուճապը փոխարինվել է ողբերգության: Մարդիկ ողբերգություն են ապրում. Թե՛ գյուղը, թե՛ քաղաքը ծայրահեղ ծանր են տարել այդ ցնցումը. Գյումրիում բոլորը միմյանց ճանաչում են: Դա մեծ հարված էր վիրավոր քաղաքի համար:



- Իսկ ի՞նչ են մտածում, ինչի՞ հետ են կապում այս ողբերգությունը:

- Եթե նույնիսկ այդ տղան, ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, հոգեկան հիվանդ է, ամեն դեպքում, գյումրեցիների համար սա արտառոց երևույթ էր, որը հազար ու մի հարցականներ ունի: Տարբեր կարծիքներ ու մոտեցումներ կան. այն կապում են և՛ միջազգային կառույցների, և՛ երրորդ ուժի, և՛ նմանատիպ այլ հանգամանքների հետ . Տարբերակները շատ են և իրականությանը մոտ: Այդ ամենը քննարկելու և առողջ դատողությամբ վերլուծելու պահանջ ունի: Մարդու գլխում չի տեղավորվում, որ 19 տարեկան լակոտը կարող է այդպիսի սպանդ անել: Այդ առումով բազմաթիվ մութ հարցեր կան: Այս պահին կարևոր է մտածել՝ ի՞նչ անենք, որ նման դեպք այլևս չկրկնվի: Մեղքի իր բաժինը ոչ միայն ռուսական բազայի հրամանտարությունն ունի, այլև մենք:


- Դուք անձամբ ճանաչո՞ւմ էիք Ավետիսյանների ընտանիքին:

- Մեզանից մի քանի տուն այն կողմ էին ապրում: Ճիշտ է, շփում չենք ունեցել, բայց տեսնում էինք , որ նորմալ ընտանիք են՝ խելոք, աշխատող: Առանձնապես աչքի չէին ընկնում իրենց ապրելակերպով :


- Ընտանիքից, փաստորեն, փրկվեց միայն փոքրիկը, որի վիճակն այս պահին գնահատվում է կայուն ծանր : Նա հարազատներ ունի՞: Կա՞ն մարդիկ, ովքեր հանձն կառնեն խնամել, հոգ տանել նրա մասին:

- Իհարկե ունի: Այս պահին նրա հարազատները սգի մեջ են: Այսօր, երբ սգի մեջ է նաև քաղաքը, եղան մարդիկ, որ խոսեցին երեխային որդեգրելու մասին, ինչը, կարծում եմ, ավելորդ խոսակցություններ են և միայն սեփական շահ է հետապնդվում: Վերջին հաշվով, չի կարելի նման բան անել՝ ուրիշի երեխայի վրա աչք ունենալ: Կան հարազատներ, երեխան ունի մորաքույր, հորաքույր և այլն: Տա՛ Աստված, երեխան առողջանա, և եթե շատ եք ուզում, սուսուփուս գնացեք, օգնեք էդ մարդկանց:


- Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ևս պատրաստակամություն է հայտնել հոգ տանելու երեխային մասին…

-Ի սեր Աստծո, չեմ ուզում նրա մասին խոսել. Ուզում եմ մոռանալ նրա մասին…


-Այնուամենայնիվ խնդրում եմ պատասխանել՝ գյումրեցիներն ինչպե՞ս են վերաբերվում այդ հայտարարությանը:

-Մարդիկ տարբեր են… գյումրեցիները շատ բաների նկատմամբ են այսօր անտարբեր, նրանցից շատերին չի էլ հետաքրքում ինչի մասին են խոսում իշխանություններն ու քաղաքապետը: Առանց այն էլ կյանքը բարդ է. նման բաների, եթե քիչ ուշադրություն դարձնենք, ավելի լավ կլինի:


- Ի՞նչ եք կարծում՝ ի վերջո ի՞նչ հանգուցալուծում կստանա այս քրեական գործը և ի՞նչ հետևություններ պետք է անել այսքանից հետո:

- Ես կարծում եմ, որ այս առիթը պետք է օգտագործենք և փոխենք մեր հարաբերությունները ռուսական ռազմաբազայի հետ, փոխենք վերաբերմունքը Գյումրիի հանդեպ. Դա կլինի ռուսական, ամերիկյան, թե ֆրանսիական, միևնույն է՝ պայթունավտանգ տարածք է և պետք է զգույշ լինել:


Պարտադիր պայման պետք է լինի, որ ռազմաբազայում ընդունվող որոշումների և այնտեղ կատարվող բոլոր դեպքերի մասին անմիջապես հաղորդվեն տեղի իշխանություններն, ոչինչ թաքուն չմնա: Ձևավորվեն արագ արձագանքող ստորաբաժանումներ, որպեսզի նման դեպքերին արագ արձագանքեն և կանխեն: Պետք է իշխանություններն իմանան՝ ո՞ւմ են բերում ծառայության, որպեսզի ամեն պատահած հոգեկան հիվանդի կամ թմրամոլի չբերեն կապեն Գյումրիի ջանին… Պարտադիր պայմաններից մեկը պետք է լինի ռուսական ռազմաբազայում որոշակի թվով (մոտ 30-40 տոկոս) հայազգի զինվորների ծառայությունը: Դուք պատկերացնո՞ւմ եք, որ սրանից հետո որևէ զինվորական թակի տեղաբնակներից մեկնումեկի դուռը. ի՜նչ սարսափի մեջ կընկնեն մարդիկ, եթե հաշվի առնենք, որ քաղաքի կեսը տնակներում է՝ ոչ նորմալ դուռ կա, ոչ պատուհան…Սա իշխանության խնդիրն է: Ուստի, կարծում եմ, պետք է անել ամեն ինչ՝ այս սարսափի մթնոլորտը վերացնելու համար:

Զրուցեց Հասմիկ Մովսիսյանը

Նույն շարքից