Ամերիաբանկը, կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, ինչպես նաև խուսափելով բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից` որոշում է կայացրել բանկի բոլոր ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդներին ս.թ. մարտի 13-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ տրամադրել «վարկային արձակուրդ»:
Ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող բոլոր անձինք այդ ժամանակահատվածում կարող են չկատարել իրենց վարկերի հերթական մարումները, ներառյալ՝ մայր գումարները, հաշվեգրված տոկոսագումարները, սպասարկման և այլ վճարները, ինչը չի հանգեցնի որևէ բացասական հետևանքի:
Ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդների տոկոսադրույքները կհաշվարկվեն և կբաշխվեն վարկերի մնացած ամիսների վրա՝ համաձայն նոր կազմված ժամանակացույցի, որը հաճախորդները կարող են ստանալ իրենց կողմից նախապես ընտրված հաղորդակցման եղանակով:
Ամերիաբանկը շարունակում է հորդորել իր բոլոր հաճախորդներին` օգտվել բանկի հեռահար սպասարկման ծառայություններից և 24/7 Կոնտակտ կենտրոնից` զանգահարելով +374 10 561111:
«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին:
«Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):
Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով։