Տնտեսություն 

«ՄՄ-ի կազմում Հայաստանում օտարերկրյա ներդրումների պատկերը կփոխվի». Վարդան Բոստանջյան

analitik.am

Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների նվազումն ունի մեկ պարզ բացատրություն՝ ներդրումային գործունեության համար ՀՀ-ն բացարձակապես հրապուրիչ երկիր չէ: Analitik.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

 

Ըստ նրա՝ դա է պատճառը, որ ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին ներդրողները, հակված չեն ՀՀ-ում գործունեություն ծավալելու ու ներդրումներ իրականացնելու: «Մասնավորապես, առայժմ գոնե միջին և փոքր ձեռնարկությունների գործունեությունների դադարեցումն ուղղակի նշանակում է, որ փոքր ծավալի շրջանակներում իրականացվող գործունեության համար Հայաստանը նպաստավոր չէ: Ներդրողները հասկանում են, որ կա մեծ ռիսկ՝ իրենք կարող են կորցնել իրենց կապիտալը»,- ասաց տնտեսագետը: 2013 թվականին ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների հոսքը կազմել է 597.4 մլն. դոլար, որից ուղղակի ներդրումներն են` 271.2 մլն. դոլարը, ներդրումները նվազել են նախորդ տարվա նկատմամբ համապատասխանաբար 20.5 և 52.2%-ով: Հաշվետու ժամանակաշրջանում ներդրումները կատարվել են հիմնականում Արգենտինայից (117.9 մլն. դոլար), Ֆրանսիայից (99.1 մլն. դոլար), Ռուսաստանի Դաշնությունից (86.3 մլն. դոլար) և Կանադայից (53.6 մլն. դոլար):

 

Այս ցուցանիշները մտահոգիչ են հատկապես Հայաստանի արտաքին պարտքի աճի ֆոնի վրա: Օրեր առաջ «Պետական պարտքի կառավարումը Հայաստանում: Քաղաքական որոշումները և դրանց հետևանքները» թեմայով քննարկման ժամանակ անկախ հետազոտող, Թուլեյնի համալսարանի բիզնես-կառավարման մագիստրոս Արտակ Քյուրումյանը հայտարարեց, որ վերջին 5 տարիներին Հայաստանի պետական պարտքը կտրուկ ավելացել է՝ 584.6 միլիարդ դրամից 2013 թ. վերջում հասնելով 1861.3 միլիարդ դրամի՝ կազմել է ՀՆԱ-ի 44%-ը: Հուսադրող չեն նաև ՀՀ-ում կատարված օտարերկրյա ներդրումների ցուցանիշները՝ վերջին 5 տարվա կտրվածքով: 2008 թվականից հետո Հայաստանում նկատվում է ներդրումների նվազում: Միայն ռուսական ներդրումների ծավալը Հայաստանի տնտեսության իրական հատվածում 2013 թվականին կազմել է 86.25 մլն դոլար` նախորդ տարվա համեմատ կրճատվելով 29.7%–ով:

 

Սա վերջին վեց տարիներին գրանցված ամենացածր ցուցանիշն է։ 2007-2013 թվականների ընթացքում ռուսական ներդրումների ծավալի կրճատմանը զուգընթաց արձանագրվել է նաև երկրի համախառն արտասահմանյան ներդրումներում դրանց բաժնեմասի կրճատում` 2008 թվականի 70 տոկոսից մինչև 14.4 տոկոս 2013 թվականին։ Վ. Բոստանջյանը հակված է մտածելու, որ Հայաստանի՝ Մաքսային Միության անդամ դառնալուց հետո այս պատկերը կարող է փոխվել, քանի որ այդ ժամանակ վերահսկողության նոր ինստիտուտ է առաջ գալու՝ կապված հարկային դաշտի, մենաշնորհների և այլնի հետ: «Այդ դեպքում սուբյեկտիվ մի շարք գործոններ կմղվեն հետին պլան: Դա իր հերթին կբերի ռիսկերի նվազեցման: Ու այս ամենի արդյունքում Հայաստանում օտաերկրյա ներդրումների ծավալը կմեծանա»,- կարծում է տնտեսագետը: Նրա համոզմամբ՝ Հայաստանն ու հայ ժողովուրդը միշտ էլ ունեցել են մարդկային հզոր կապիտալ՝ ինտելեկտ: Ու եթե այդ կապիտալն օգտագործվի շահագրգիռ եղանակով, այն մեծ արդյունքներ կբերի. «Այս առումով խորհրդային տարիներին Հայաստանը կարևոր կենտրոն էր:

 

Մեր ազգն այդ պոտենցիալն այսօր էլ չի կորցրել»: Նշենք, որ 2013 թվականին ՀՀ-ում օտարերկրյա ներդրումները հիմնականում ուղղվել են «Հանքագործական արդյունաբերության և բացհանքերի շահագործում» (168.2 մլն. դոլար), «Հեռահաղորդակցություն» (113.7 մլն. դոլար), «Օդային տրանսպորտի գործունեություն» (108.9 մլն. դոլար) և «Անշարժ գույքի հետ կապված գործունեություն» (46 մլն. դոլար) ոլորտներ: Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալով 2013-ին առաջին հորիզոնականում գտնվել է Ֆրանսիան, որը 57%-ով նվազեցրել է ներդրումները՝ կազմել է 99,1 մլն դոլար։ Մեր մյուս խոշոր գործընկերներից Գերմանիան ներդրումները նվազեցրել է 54%-ով, Կանադան՝ 50%-ով, Շվեյցարիան՝ 77%-ով, իսկ Միացյալ Նահանգները՝ 35,5%-ով։


Սեդա Հերգնյան

Նույն շարքից