Տնտեսություն 

Ի՞նչ կտա «Ակցիզային հարկի մասին օրենք»-ի փոփոխությունը

analitik.am
 Ստվերային շուկան վերահսկելու համար կան ավելի արդյունավետ մեթոդներ, քան լայն սպառման ապրանքների վրա ակցիզային հարկ դնելը: Analitik.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:


Հիշեցնենք՝ օրերս ՀՀ կառավարությունն առաջարկեց ակցիզային դրոշմապիտակներ փակցնել լայն սպառման մի շարք ապրանքատեսակների վրա: Ըստ կառավարության՝ այս մեթոդով Հայաստանում ստվերային տնտեսության ցուցանիշը զգալի կնվազի: Ինչպես երեքշաբթի օրը նշեց ՀՀ ֆինանսների նախարարությանը կից Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, մասնավորապես, առաջարկվում է դրոշմապիտակներով հաշվառման համակարգում ընդգրկել նաև կաթնեղենի, ձկնեղենի, մսեղենի որոշ տեսակներ, բազմապիսի պահածոներ, թեյատեսակներ, սուրճ, ձեթ, քացախ, պաղպաղակ, կոսմետիկ միջոցներ, օճառ և այլ ապրանքատեսակներ: Ըստ Միրումյանի` նոր ընթացակարգի ներդրումը խոչընդոտ չի դառնա բիզնեսի զարգացման համար։

«Կառավարության այս նախագծի նպատակն է առավել ճշգրիտ հաշվարկվել խանութներում իրացվող ապրանքների ծավալները: Նման բան արվեց 1-1,5 տարի առաջ՝ կապված ջրերի, հանքային ջրերի, զովացուցիչ ըմպելիքների հետ: Եվ պարզվեց, որ բավականին մեծացան շրջանառության ծավալները: Քանի որ սա գնահատվեց որպես դրական քայլ, Կառավարությունը հիմա փորձում է ակցիզային հարկ կիրառել նաև լայն սպառման այլ ապրանքների վրա, որպեսզի դրանց հաշվառումը ճիշտ իրականացվի: Իմ կարծիքով՝ սա է նպատակը»,- նշեց Վ. Սաֆարյանը: Բայց պետք չէ մոռանալ, որ մեդալը երկու կողմ ունի: Լայն սպառման ապրանքների վրա ակցիզային հարկ դնելը կարող է նաև բացասական հետևանքներ ունենալ տնտեսության վրա: «Սովորաբար, նման դեպքերում ստեղծվում է լրացուցիչ անվստահության մթնոլորտ ապրանք արտադրողների և առևտրային կազմակերպությունների միջև: Այսինքն՝ այն կարող է բացասաբար ազդել փոխվստահության մթնոլորտի վրա: Կարծում եմ, որ ճիշտ կլիներ այլ մեթոդներ գտնեին իրացվող ապրանքների իրական ծավալները հաշվառելու համար»,- ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահը: Բացի այդ, լայն սպառման ապրանքների վրա ակցիզային հարկ դնելը գնաճի վտանգ է պարունակում: Հայաստանում ստվերային տնտեսության ցուցանիշը կրճատելու համար Վ. Սաֆարյանը այլ մեթոդ է առաջարկում: Պետք է առևտրային կազմակերպությունների, ապրանք արտադրողների և մատակարարողների միջև ձեռք բերվեր փոխվստահելիության մթնոլորտ:


«Դա նշանակում է, որ հարկային քաղաքականությունն այնպիսին պետք է դարձվի, որ որևէ մեկը չցանականա թաքցնել իր արտադրանքի իրական ծավալները: Այդ դեպքում կգա մի ժամանակ, երբ այդ փոխվստահության մթնոլորտը ավելի գերակայող դիրքերում կլինի»,- համոզված է Վ. Սաֆարյանը: Հիշեցնենք, որ ակցիզային հարկը «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ներմուծման կամ Հայաստանի Հանրապետության տարածքում այդ ապրանքներն արտադրողների կողմից դրանց օտարման համար օրենքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե վճարվող անուղղակի հարկ է: Հավելենք, որ նախօրեին՝ մայիսի 14-ին, ՀՀ ԱԺ-ն արտահերթ կարգով առաջին ընթերցմամբ ընդունեց «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն առաջարկել էին պատգամավորներ Վարդան Այվազյանը, Հովհաննես Սոֆոյանը, Արմեն Մխիթարյանը, Միքայել Մելքումյանը:


Սեդա Հերգնյան

Նույն շարքից