Վերլուծական Տնտեսություն Քաղաքականություն 

Վրաստանի՝ ԵՄ մտնելուց հետո կփոխվե՞ն ՀՀ-ի հետ հարաբերությունները

analitik.am

 

 Վրաստանի փոխարտգործնախարար Թամար Բերուճաշվիլին հայտարարել է, որ վրաց պաշտոնյաներն առաջիկա օրերին Բրյուսելում վերջին քննարկումները կանցկացնեն Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ, որը կստորագրվի  հունիսի 27-ին:


Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով նախարար Ալեքսանդր Պետրիաշվիլին Ասոցացման համաձայնագրի ստորագրումը պատմական կարևորության իրադարձություն է համարում Վրաստանի համար: «Այս համաձայնագրի ստորագրումը Վրաստանի եվրոպականացման գործընթացն անշրջելի կդարձնի: Սա Վրաստանի արդիականացման ծրագիրն է, որն ի վերջո հանգեցնելու է Վրաստանի անդամակցությանը Եվրոպական միությանը», - նշել  է Պետրիաշվիլին:


Թե նրա և թե վրացի մյուս պաշտոնյաների գլխավոր մտահագությունն այս օրերին կապված է Մոսկվայի հետ: Բանն այն է, որ մտավախություն կա, թե Մոսկվան վերջին պահին կփորձի խոչընդոտել Վրաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Ամեն դեպքում, Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն երեկ վրաստանյան լրատվամիջոցներին  փոխանցել է, որ նման մտագոհությունները հիմք չունեն և որ իրենք հունիսի 27-ին շատ հանգիստ կստորագրեն Ասոցացման համաձայնագիրը:


Թեմայի վերաբերյալ երեկ հայտարարություն է տարածել նաև Եվրամիությունը, որը շեշտել է, որ Վրաստանն այսօր օտարերկրյա ներդրումների կարիք ունի, ուստի՝ այս համաձայնագիրն առանձնահատուկ նշանակություն կունենա այս երկրի համար:


«Եվրամիության շուկան վրացական ապրանքների համար կբացվի առանց անցումային փուլի: Ասոցացման համաձայնագրից Վրաստանի հետագա օգուտները կախված են բարեփոխումների հաջող ընթացքից»,- ասված է հայտարարության մեջ:

Այս ամենից հետևում է, որ թե Եվամիության կողմից և թե Վրաստանի կողմից նշված երկրի՝ ԵՄ-ին անդամակցելու քայլերը հստակեցվում են և իրավիճակն այս հարցում ավելի որոշակի է դառնում: 


Այսպիսով, Վրաստանը ընտրել է Եվրամիության ճանապարհը, իսկ Հայաստանը՝ Մաքսային Միության (ապա՝ ԵԱՏՄ): Եվ ի՞նչ ազդեցություն կունենան այս որոշումները Հայաստան-Վրաստան տնտեսական և քաղաքական հարաբերությունների վրա:


Տնտեսականի մասին: Փաստորեն, Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին և Վրաստանի՝ ԵՄ-ին անդամագրվելով, երկու հարևան պետությունները որդեգրելու են մաքսային տարբեր քաղաքականություններ: Թեմայի շուրջ Analitik.am-ի հետ զրույցում տնտեսագետ, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Աշոտ Թավադյանը հիշեցրեց, որ հունիսի 18-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Վրաստան կատարած այցի շրջանակներում այս հարցը բարձրացվել է: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Վրաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին այն հնարավորություններով, որոնք ձեռք կբերի ԵՄ-ին անդամագրվելուց հետո, իսկ Հայաստանը կաջակցի այն հնարավորություններով, որոնք ձեռք կբերի ՄՄ-ին անդամագրվելուց հետո, մասնավորապես՝ վրացական ապրանքների արտահանմանը դեպի ՄՄ երկրներ:


«Կարծում եմ՝ սա շատ ճիշտ պայմանավորվածություն է երկու երկրների միջև: Ինչ վերաբերում է Վրաստանից Հայաստան ներմուծվող վրացական ծագման ապրանքների թանկացմանը, իմ կարծիքով՝ զգալի փոփոխություններ չեն լինի: Ես մեծ հույսեր ունեմ, որ ՀՀ նախագահի այցը Վրաստան կարևորություն կունենա Ռուսաստան-Վրաստան-Աբխազիա–Հայաստան երկաթգծի բացման հարցում: Դա ապրանքափոխադրման հարցում ձեռնտու է ինչպես Հայաստանին, այնպես էլ՝ Վրաստանին: Երկու ժողովուրդներն էլ խելոք են և կարող են քաղաքական շահերն առանձնացնել տնտեսական շահերից: Դա այս դեպքում իսկապես անհրաժեշտ է»,- նշեց Ա. Թավադյանը:


Տնտեսագետն անդրադարձավ օրեր առաջ՝ Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի հայտարարությանը, թե երբ Հայաստանը հաջող կերպով միանա ԵԱՏՄ-ի ձևաչափին, ստորագրի համաձայնագիրը և այն վավերացվի, այդ դեպքում փոխհատուցումների վերաբերյալ Հայաստանը պետք է բանակցություններ սկսի Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ: Դառնալով Եվրասիական տնտեսական միության անդամ՝ Հայաստանն անցնելու է միության տարածքում գործող ավելի բարձր մաքսատուրքերի, մինչդեռ 2003-ից ԱՀԿ-ի կազմում պարտավորվել է կիրառել և կիրառում է ցածր մաքսատուրքեր:  Ըստ Ա. Թավադյանի՝ այս պարագայում Հայաստանը պետք է խելացի քայլեր կատարի և կայացնի որոշումներ, որոնք կբխեն իր շահերից: Այս դեպքում  բանակցելու խնդիր կա:


 «Այս խնդիրներից մենք կարող ենք որոշակի օգուտներ ունենալ: Կարող է ԱՀԿ-ն որոշ մաքսատուրքերի բարձրացմանը, որոնք հակասում են իրենց նորմատիվներին, չհամաձայնի, այսինքն՝ դրանք կլինեն ավելի ցածր: Բայց մենք այստեղ չպետք է շատ ուրախանանք: Ներմուծվող ապրանքների գների աճը նպատակ ունի՝ դրանով մենք պաշտպանում ենք մեր տեղական արտադրողին ներմուծողից: Եվ չպետք է մոռանալ նաև, որ ներմուծման մաքսատուրքերը պետության բյուջեն են ուղղվում: Եթե կառավարությունը կարողանա ցույց տալ, որ գումարները ուղղվում են սոցիալական խնդիրների լուծմանը, ապա այս պարագայում ներմուծման մաքսատուրքերի բարձրացումը խնդիր չէ: Մենք նաև խոսում ենք գների աճի մասին՝ մոռանալով, որ դա համակարգ է, որն ունի տարբեր օղակներ և տարբեր խդիրներ»,- նշեց տնտեսագետը:


Նշենք, որ ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ այս տարվա հունվար-ապրիլի տվյալների համաձայն Վրաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը կազմել է 43 մլն 694,8 հազ. ԱՄՆ դոլարի, որի տեսակարար կշիռը Հայաստանի արտաքին ընդհանուր առևտրաշրջանառության մեջ կազմել է 2,4 %-ը: Նույն ժամանակահատվածում, ըստ առևտուր անող երկրի, ՀՀ-ն Վրաստանից ներմուծել է 141 մլն 755,1 հազար դոլարի ապրանք (տեսակարար կշիռը՝ 10.5 %), իսկ դեպի Վրաստան արտահանել՝ 24 մլն 176,9 հազար դոլարի (տեսակարար կշիռը՝ 5.2 %):


Քաղաքականի մասին: Ավելի վաղ «Անալիտիկ» մամուլի ակումբում Հայաստան-Վրաստան տնտեսական համագործակցության հեռանկարները՝ աշխարհաքաղաքական հակադիր (ՄՄ-ԵՄ) դիրքորոշումների պայմաններում» թեմայով ասուլիսին վրացագետ Ալիկ Էրոյանցը տեսակետ հայտնեց, որ այս պարագայում, չնայած, որ երկու երկրների ուղղվածությունները լիովին տարբեր են լինելու, այնումենայնիվ լուրջ փոփոխություններ ու ազդեցություն երկու երկրների հարաբերությունների վրա չեն լինի: Այսինքն՝ դա չի կարող հանգեցնել հայ-վրացական հարաբերությունների լարմանը:


Սեդա Հերգնյան

 

Նույն շարքից