Տնտեսություն 

Մենք չպետք է մոռանանք գյուղացիների մասին

analitik.am

Հայաստանի կառավարությունն առավելագույն ուշադրություն է  դարձնում Սեւանա լճի խնդիրներին, սակայն չի կարող մոռանալ գյուղացիների ոռոգման կարիքների մասին: Այս մասին Գործադիրի օգոստոսի 14-ի նիստում ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով նիստում ներկա «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանի հարցին:

«Սեւանն առավելագույն ուշադրության կարիք ունի, եւ դրա ջուրը չափից շատ վատնելն անթույլատրելի է», - հայտարարել է Դանիելյանը:

Այս կապակցությամբ ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Անդրանիկ Անդրեասյանը հիշեցրել է. Սեւանից ջրառը հնարավորինս  նվազեցնելու համար Արարատյան դաշտավայրում 2 պոմպակայաններ են մոբիլիզացվել՝ Ռանչպարի եւ Մխչյանի, որոնք գետերից 54 միլիոն խմ ոռոգման ջուր կհասցնեն գյուղատնտեսություններին:

Սա լսելով՝ Հովիկ Աբրահամյանը խնդրել է մի կետ եւս ավելացնել. «Հիշեցրեք, որ մենք հրահանգել ենք վերաբացել 119 արտեզյան հորեր՝ չնայած Արարատյան դաշտավայրում կա ստորգետնյա ջրերը խնայելու խնդիրը: Սկզբնապես մենք որոշել էինք բացել 112-ը, այնուհետեւ ես հրամայեցի ավելացն ել եւս 7-ը: Մինչեւ ոռոգման սեզոնի ավարտը այս հորերից ջուր մղելու համար կպահանջվի  1,5 միլիարդ դրամ (3,66 միլիոն դոլար): Այս ծախսերը կառավարությունը նույնպես իր վրա է վերցրել: Մենք այս ամենն արել ենք Սեւանի ջուրը խնայելու համար: Սակայն գյուղացիներին էլ չենք կարող անջուր թողնել: Այդ պատճառով էլ ստիպված էինք ավելի շատ ջուր վերցնել, քան սովորաբար:  Տարին  չորային է, բնականաբար, ոչ ոք դա չէր ցանկանում», - հավելել է Աբրահամյանը:

Հիշեցնենք, Սեւանի  ջրառի օրենքով նախատեսված առավելագույն ծավալը տարեկան 170 մլն խմ է: Գարնանը կառավարությունը 2014թ. ջրառի ծավալը մինչեւ 240 մլն խմ ավելացնելու որոշում էր ընդունել՝ ոռոգման ջրի անբավարարության պատճառով:  Հունիսին էլ, ՀԿ-ների հետ քննարկումներից հետո, շեմը կրկին բարձրացվել 270 մլն խմ-ի, ինչն արագ ընթացակարգով ընդունվել էր խորհրդարանի կողմից:

Նույն շարքից