Վերլուծական Տնտեսություն 

Մրցունակության համաշխարհային զեկույց. ինչ ունենք այս անգամ

analitik.am

Հրապարակվել է 2014-2015 թթ. Մրցունակության համաշխարհային զեկույցը, որտեղ Հայաստանը 144 երկրների շարքում գրավել է 85-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ դիրքը զիջելով 6 տեղով:  Զեկույցն այսօր լրագրողների  հետ հանդիպմանը ներկայացրեց «Ի - Վի Քոնսալթինգ» ընկերության տնօրեն  Մանուկ Հերգնյանը:

 

Համաշխարհային մրցունակության զեկույցն իր վերլուծություններն ամփոփում և համեմատվող երկրներին դասակարգում է Համաշխարհային մրցունակության ցուցչի (ՀԱՄ ցուցիչ) միջոցով: Այն մշակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ)  կողմից:

«Տնտեսություն և արժեքներ»  հետազոտական կենտրոնը, որը հանդիսանում է «Ի - Վի Քոնսալթինգ»-ի հետազոտական թևը`  որպես ՀՏՖ Համաշխարհային մրցունակության ցանցի գործընկեր Հայաստանում,  ներկայացնում է «Համաշխարհային մրցունակության զեկույց 2014/15»-ի հիմնական արդյունքները:

 

Զեկույցի արդյունքներով Շվեյցարիան շարունակում է պահպանել առաջատարի դիրքը:

 

Մ. Հերգնյանի տեղեկացմամբ՝   վերջին տարիներին Մրցունակության համաշխարհային զեկույցի երկրների առաջին տասնյակը  գրեթե չի փոփոխվել:

 

 

ԱՊՀ տարածաշրջանի (ներառյալ Վրաստանը) երկրների խմբում զգալի առաջընթաց են արձանագրել Ղրղըզստանը (13 կետով), Ռուսաստանը (11 կետով) և Ուկրաինան (8 կետով):

 

Հայաստանը, ըստ այս զեկույցի, առաջընթաց է գրանցել ենթակառուցվածքների,  բարձրագույն կրթության և տեխնոլոգիական պատրաստվածության հենասյուները: Սակայն վատթարացել են մնացած հենասյուների ցուցանիշները: Մասնավորապես, ավելի քան 20 կետով վատթարացել են աշխատուժի շուկայի արդյունավետության և ֆինանսական շուկայի զարգացվածության հենասյուների ցուցանիշները:   

 

 

Ըստ առանձին ցուցանիշների՝ զգալի բարելավվել են տեղական մրցակցության ուժգնության, նոր բիզնես սկսելու համար անհրաժեշտ օրերի քանակի, բջջային կապի հասանելիության, ինտերնետից օգտվողների թվի և դպրոցներում ինտերնետի հասանելիության ցուցանիշները:  Վատթարացել են գնաճի (2013թ․տվյալներն են), ֆինանսական միջոցների հասանելիության, օտարերկրյա ուղղակի ներդրումների միջոցով տեխնոլոգիաների փոխանցման,  քլաստերային զարգացման,  և իրավական դաշտի ցուցանիշները:

 

Մ. Հերգնյանը ներկայացրեց Հայաստանի մրցունակության առավելություններն ու թերությունները:   

Ինչպես տեսնում ենք մրցակցային թերությունները այնպիսի կարևոր ոլորտներում են, ինչպիսիք են արտահանումը և երկրում տաղանդների պահպանումը:

 

Զեկույցում խոսվում է նաև ներդրողների իրավական պաշտպանվածության մակարդակի մասին: Այնուամենայնիվ փաստ է, որ դրան զուգահեռ օտաերկրյա ներդրումները Հայաստանում զգալի պակասել են: Analitik.am-ի հարցին՝ ինչ հեռանկարներ կան ՀՀ-ում կատարվելիք ներդրումների մասով, Մ. Հերգնյանը պատասխանեց.  «Ներդրումները շատ կարևոր են ոչ միայն կապիտալի ներհոսքի տեսանկյունից, քանի որ մեր ներքին խնայողությունները ցածր մակարդակում են և բավարար չեն ներդրումները ֆինանսավորելու համար, այլև՝ տեխնոլոգիաների փոխանցման տեսանկյունից: Ի վերջո, օտարերկրյա ներդրողները շատ դեպքերում իրենց հետ արդեն ապահովված շուկաներ են  բերում: Այդ առումով արտահանման շուկաների հնարավորություն  է տրվում: Կարծում եմ՝ հիմա շատ հետաքրքիր հնարավորություն է բացվում՝ դիրքավորվելու որպես կարևորագույն հարթակ Մաքսային Միության ներկրներում արտահանման տեսանկյունից, դրսի ընկերությունների համար: Եվ այդ դիրքավորման հնարավորությունը մենք պետք է շատ լավ  օգագործենք: Դա օտարերկրյա ներդրումների համար շատ կարևոր հնարավորություն է»:

 

Ուշագրավ է, որ չնայած ՀԱՄ ցուցանիշի նվազմանը, Հայաստանը միջանկյալ փուլից անցում է կատարել դեպի արդյունավետության վրա հիմնված փուլ,  շնորհիվ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի աճին (2,991  ԱՄՆ դոլարից 3,208 ԱՄՆ դոլար 2012-2013 թթ․): Սա նշանակում է, որ զարգացման այս փուլում փոխվում են Հայաստանի առջև եղած մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները:  Զարգացման արդյունավետության փուլում գտնվող երկրների  հիմնական մարտահրավերը արտադրողականության աճն է:

 

Սեդա Հերգնյան

Նույն շարքից