Միջազգային 

Բաց նամակ՝ ուղղված Բեռլինում Ռուսաստանի Դեսպանին

analitik.am

Մեծարգո պարոն Դեսպան Վլադիմիր Մ. Գրինին,


Ողջ Հայաստանի Հանրապետությունը, նրա հետ միասին սփյուռքը, ներառյալ Գերմանիայի ավելի քան 50 000 հայերը ցնցված են: Վստահաբար տեղյակ եք հունվարի 12-ի ողբերգական իրադարձությանը, ինչը տեղի է ունեցել Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիում, որտեղ և տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան: Ավետիսյանների յոթ անդամանոց ընտանիքը, այդ թվում և երկու տարեկան փոքրիկ աղջիկը՝ Հասմիկը, ինքնաձիգով դաժանաբար գնդակահարվեցին սեփական տանը: Նաև վեց ամսեկան մանուկ Սերյոժան, ով սվինահարության բազմաթիվ վերքից մահացու վիրավորվել էր, կյանքի ու մահու պայքարի տանջալից օրերից հետո, չապաքինվելով վերքերից, հունվարի 19-ին հեռացավ կյանքից:


Կասկածյալը ՌԴ քաղաքացի և 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն է, ով դեպքից հետո ենթադրաբար փախուստ է կատարել դեպի հայ - թուրքական սահմանը, ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից և հանձնվել է ռուսական 102-րդ ռազմաբազային, որտեղից էլ նա ենթադրաբար ավելի շուտ կատարել էր զինված փախուստը: Այս սարսափելի միջաադեպը միևնույն ժամանակ շատ խորհրդավոր է: Քանզի կան լուրջ կասկածներ, որ ոչ թե մեկ, այլ մի քանի զինված անձինք են ներխուժել Ավետիսյանների տուն և միաժամանակ սպանել ընտանիքի բոլոր անդամներին: Կասկածելի է նաև այն հանգամանքը, որ ռուս սահմանապահները քաղաքացիական հագուստով Պերմյակովին, ով իր մոտ անձը հաստատող փաստաթղթեր չուներ, ՀՀ ոստիկանությանը կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը հանձնելու փոխարեն՝ ինչպես ենթադրում են իրավական համաձայնագրերը և Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև կնքված պայմանագրերը, հանձնեցին ռուսական ռազմաբազային: Բացի այդ, ողբերգական դեպքից միայն մի քանի օր հետո, երբ Հայաստանում ժողովուրդը սարսափելի սպանության լիարժեք հետաքննման համար դուրս եկավ փողոց և ցույցի միջոցով պահանջեց հարգել իրավունքն ու օրենքը, արձագանքեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, այն էլ ոչ թե հրապարակայնորեն, այլ ենթադրաբար հեռախոսազրույցով հայտնեց իր ցավակցությունը:


 Այժմ Ձեր կառավարությունը շարունակում է հրաժարվել Պերմյակովին հանձնել Հայաստանի Հանրապետությանը այն հիմնավորմամբ, որ, որպես ռուսաստանի քաղաքացի՝ կասկածյալը գտնվում է Ռուսաստանի իրավասության ներքո:


Այդպիսով Ռուսաստանը միտումնավոր խախտում է 1997 թ. օգոստոսի 29-ին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված պայմանագիրը, ինչը ներկայացնում է Հայաստանի տարածքում 102-րդ ռազմաբազայի գոյության հիմնական դրույթները և ըստ որի՝ ռուսական ռազմաբազայի կազմում ընդգրկվող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում հանցագործություն կատարելու վերաբերյալ գործերը ենթակա են Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների քննությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառմամբ (տես 4-րդ հոդվ.): Համաձայն նույն պայմանագրի 11-րդ հոդվածի՝ դատավարությունը պետք է իրականացվի, և հանցագործը պատիժը պետք է կրի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետությունում: Հարգարժան պարոն Դեսպան, ներկայումս ինչպես Ռուսաստանի Դաշնությունը այնպես էլ Հայաստանի Հանրապետությունը գտնվում են տնտեսական, նաև քաղաքական դժվարին կացության մեջ: Սակայն ներկայիս հանգամանքները չեն արդարացնում Ձեր կառավարության տևական լռությունը և նրա անօրինական, պայմանագրերն արհամարհող վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների հանդեպ: Ձեր կառավարությունը պնդում է, որ Վալերի Պերմյակովը իր օրինական պատիժը կկրի նաև Ռուսաստանում:


Հարցը միայն դրանում չէ: Թեև մենք ծանրակշիռ հիմքեր ունենք այդ խոստմանը հավատ չընծայելու, քանի որ նախկինում բազմիցս է պատահել, երբ ռուսական ռազմաբազայի անդամները Գյումրիում՝ քաղաքի անմեղ բնակիչների հանդեպ իրականացրել են բռնություններ, մինչև անգամ սպանություն՝ առանց իրենց կատարած հանցագործության համար համապատասխան պատիժ ստանալու և մեղքերը քավելու: Նրանք մշտապես պաշտպանվել են ռուսական պետության կողմից և նրանցից ոմանք կարճ ժամանակ անց ազատ են արձակվել: Սակայն հայերի համար առաջնահերթ հարցն այն է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ երկկողմ պայմանագրերը խախտում է ըստ քմահաճույքի ու տրամադրության և իր իշխող դիրքերից ելնելով՝ թելադրում է իր կամքը հայկական պետությանն ու հայ ժողովրդին: Ռուսաստանի գերիշխող ռազմական ներկայությունը Հայաստանում, արտագնա հայ աշխատողների անապահով վիճակը Ռուսաստանում, գազամատակարարման շարունակվող գնաճի միջոցով ճնշումը և Հայաստանի ստիպողաբար անդամակցումը չհաջողված Եվրասիական տնտեսական միությանը այդ կամայականությունների միայն մի քանի օրինակներ են: Ռուսաստանի Դաշնության համար Հայաստանի Հանրապետությունը այն միակ վայրն է, որտեղ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո թույլատրվել է միևնույն ժամանակ ռուսական ռազմաբազայի առկայությունը և պետական սահմանի ապահովությունը ռուսական սահմանապահ զորքերի միջոցով:


1992 թ. Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանի Հանրապետությունը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապհ զորքերի կարգավիճակի և դրա գործունեության մասին» պայմանագիր: Այդ ժամանակ Հայաստանը՝ որպես Ռուսաստանի ռազմավարական գործընկեր, Թուրքիայի և Իրանի հետ պետական սահմանների ապահովումը փոխանցեց ռուս զինվորներին: 1995 թ. Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմաբազայի անփոխհատույց գործունեության մասին» մեկ այլ պայմանագիր մտավ ուժի մեջ. համաձայն որի՝ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ծախսերի մի մասը իր վրա է վերցնում Հայաստանի Հանրապետությունը: Այդ պայմանագիրը մի քանի տարի առաջ երկարացվեց ևս 49 տարով:


Վերը նշված պայմանագրերը ենթադրում են Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխադարձ հարգանք, երկկողմանի հետաքրքրություն և համագործակցություն: Այս պայմանագրերը Ռուսաստանի համար առաջ են բերում հսկայական շահեր: Սակայն, որքան էլ տարօրինակ է, Հայաստանի քաղաքացիները վերջին տարիների ընթացքում ռուսական կողմի օրեցօր ավելի հաճախակի դարձած ոչ բանական և անօրեն որոշումների ականատեսն են դառնում: Սա է ապացուցում ավելի քան չորս միլիարդ դոլարի զինամթերքի վաճառքը Ադրբեջանին, ում հետ Հայաստանը գտնվում է պատերազմական հակամարտության մեջ: Չնայած որ Ռուսաստանը ԵԱՀԿ-ի շրջանակներում հանդես է գալիս որպես միջնորդ Հայաստան և Ադրբեջան հակամարտող կողմերի միջև, սակայն Ձեր կառավարությունը խաղում է երկակի խաղ և կրկին ու կրկին երկու երկրներին հանում է միմյանց դեմ: Ամեն օր բազում անմեղ երիտասարդներ են զոհվում երկու երկրների սահմանակետերում: Հարգարժան պարոն Դեսպան, ներկա իրավիճակում Հայաստանի և Ռուսաստանի, ինչպես նաև նրանց քաղաքացիների հարաբերությունների առճակատումից խուսափելու ցանկությամբ, հայ ժողովուրդը Ձեր կառավարության կողմից ակնկալում է հարգալից և իրավական վերաբերմունք:


Վալերի Պերմյակովը, ով մեղադրվում է չափազանց ծանր հանցագործության մեջ, պետք է անհապաղ հանձնվի Հայաստանի Հանրապետության իշխանություններին, և յոթ անդամանոց ընտանիքի սպանդը պետք է լիարժեք բացահայտվի: Սա է Հայաստանի քաղաքացիների, Գերմանիայի և ողջ աշխարհի հայության պահանջը:


Հարգանքներով՝


«Կիլիկիա» Հայկական Երիտասարդական Միություն


Հայ Ակադեմիականների Միություն 1860


Հայերի Եվրոպական Համագումար - Գերմանիա


Հայկական Վերածնունդ - Գերմանիա

Նույն շարքից