Տնտեսություն 

ԱՄՆ դոլարը հնարավոր է կորցնի իր գերիշխանությունը

analitik.am

Ռուսաստանը և Չինաստանն արդեն քննարկում են միջբանկային գործարքների համակարգի ստեղծման հեռանկարները, որը կդառնա միջազգային բանկային փոխանցումային  SWIFT  համակարգին այլընտրանք:Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Իգոր Շուվալովը՝ Պեկինում կայացած բանակցություններից հետո:

 

«Այո, այս գաղափարը քննարկվել է և դրական արձագանք ստացել», -ասել է նա, պատասխանելով SWIFT համակարգին  այլընտրանք ստեղծելու հեռանկարների վերաբերյալ հարցին:


Zerohedge.com-ը գրում է, որ հետաքրքիրն այն է, որ Ռուսաստանին երկու շաբաթով SWIFT  համակարգից օգտվելու սահմանափակում դրել է Մեծ Բրիտանիան: Այսինքն՝ Ռուսաստանը հերթական անգամ ցույց է տալիս, որ անհրաժեշտության դեպքում  իսկ պայմաններով կարող է հրաժարվել ԱՄՆ դոլարից:


Ռուսաստանը SWIFT ֆինանսական շուկայից կախվածությունն ուզում էր թուլացնել դեռևս այն ժամանակ, երբ կիրառվեցին առաջին պատժամիջոցները, երբ միջազգային վճարային  Visa և MasterCard համակարգերը հրաժարվեցին աշխատել որոշ ռուսական բանկերի հետ:


Շուվալովի խոսքերով, Չինաստանի հետ քննարկվում են նաև անկախ ռեյտինգային գործակալություն ստեղծելու հեռանկարները: Առաջարկություններն այդ մասով պատրաստ կլինեն 2014-ի վերջին:


Չինական UnionPay վճարային համակարգը, որը պետք է դառնա Ռուսական ազգային վճարային համակարգի գործընկերներից մեկը, պատրաստ է լիառժեք համագործակցության և պատրաստ է ապահովել անհրաժեշտ ենթակառուցվածքները:


 «Եթե վճարային համակարգի մասով հայտնի է, թե ինչ պետք է արվի և ինչպես, ապա SWIFT –ի դեպքում մի փոքր այլ է, դա գաղափար է, որն այսօր մեզ դուր է գալիս, մենք այն առաջ ենք մղել, բոլորը դրական արձագանք տվեցին, այժմ պետք է աշխատել այդ ուղղությամբ», — հայտարարել է Շուվալովը:

Zerohedge.com-ը գրում է, որ այս ամենը խոսում է այն մասին, որ Եվրազիական տնտեսական միությունը աստիճանաբար հրաժարվելու է դոլարից: Իսկ ԱՄՆ նախագահ Օբաման էլ կարող է պատմության մեջ մտնել՝ որպես երկրի նախագահ, ում օրոք դոլարը սկսել է կորցնել իր ազդեցությունը: Օբամային հիմա էլ են մեղադրում ԱՄՆ արտաքին քաղաքական ուղղության քայքայման մեջ և անվանում են պատմության մեջ եղած ԱՄՆ վատագույն նախագահ, իսկ դոլարի գերիշխանության ավարտը կթուլացնի համաշխարհային պահուստային ֆոնդի դիրքերը, և ամերիկյան իմպերիայում կսկսվի անկառավարելի ճգնաժամ:


Երբ Ռուսաստանը և Չինաստանը ցույց տան, որ փաստացի հնարավոր է հրաժարվել դոլարից, առավել ևս այն դեպքում, երբ հենց ԱՄՆ-ն է դրդում դա անել, մյուս երկրներն էլ կհետևեն նրանց օրինակին: Ապագայում հնարավոր է, որ այս մասին մտածեն նաև Եվրոպայում:


Ի՞նչ է SWIFT-ը

SWIFT — տեղեկատվության փոխանակման և դրամական փոխանցումների միջազգային միջբանկային համակարգ :

Հայտնի է նաև SWIFT-BIC  (Bank Identifier Codes), BIC code, SWIFT ID կամ SWIFT code անուններով: Հիմնադրվել է 1973թ-ին, հիմնադիրներն են՝ 239 բանկեր՝ 15 երկրներից:

SWIFT-ը ստեղծվել է բելգիական օրենսդրության հիման վրա, իսկ միություն կազմի մեջ մտնում են ավելի քան  9 000 բանկեր: Գլխավոր գրասենյակը տեղակայված է Բրյուսելում:  SWIFT համակարգից օգտվում են ավելի քան  10 000 կազմակերպություններ, այդ թվում՝ մոտ  հազար կորպորացիաներ:


Յուրաքանչյուր անդամ բանկ ունի իր սեփական SWIFT-կոդը: Եվրոպայում վճարում կատարելու համար բավարար է իմանալ բանկի SWIFT-կոդը  և ստացողի IBAN-կոդը: Մեկ օրում  SWIFT համակարգի միջոցով կատարվում է ավելի քան  1 միլիոն դրամական փոխանցում:


2001թ-ի սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո ԱՄՆ ԿՀԳ-ն և Ֆինանսների նախարարությունը   SWIFT համակարգին մուտք ստացան: Ամեն տարի SWIFT-ի միջոցով կատարվում են  ավելի քան  2,5 մլրդ վճարային գործարքներ:

 

Նույն շարքից