Վերլուծական Տնտեսություն 

Հայաստանից Գերմանիա չզտած պղնձի արտահանումը զգալի ազդեցություն է ունեցել ՀՀ-ից արտահանման ցուցանիշի վրա

analitik.am

 

 Վերջին ժամանակահատվածում  նկատվում է հայ-գերմանական առևտրային կապերի աշխուժացում: Մասնավորապես, այս տարվա առաջին 7 ամիսներին (հունվար-հուլիս) Հայաստանի և Գերմանիայի միջև առևտրաշրջանառությունը, 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ, 30.4 %-ով աճել է՝ կազմելով 261,1 մլն ԱՄՆ դոլար: Սրանք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներն են՝ հիմնված ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված և հավաքագրված օպերատիվ տվյալների վրա:


Հունվար-հուլիսին Հայաստանի արտաքին ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության 7.9%-ը բաժին է ընկել Գերմանիայի հետ առևտրաշրջանառությանը (2013-ի նույն ժամանակաշրջանում այդ ցուցանիշը 6.3% էր): Ընդ որում նշված երկրին բաժին է ընկել արտահանման համախառն ծավալի 11%-ը, ներմուծման ծավալի՝ 6.9%-ը: Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությանը բաժին է ընկել 22.2%-ը, Չինաստան հետ՝ 9.4%-ը, իսկ երրորդ տեղում ներկա դրությամբ հենց Գերմանիան է:


Հասկանալու համար, թե ինչի հաշվին են զարգանում հայ-գերմանական առևտրային կապերը, նախ դիտարկենք արտահանման և ներմուծման ցուցանիշները:


2014-ի առաջին 7 ամիսներին Հայաստանից դեպի Գերմանիա արտահանվել է ավելի քան 93,4 մլն դոլարի  ապրանք, ինչը 2,1 անգամ գերազանգում է 2013-ի հունվար-հուլիսի ցուցանիշը: Նույն ժամանակահատվածում Գերմանիայից Հայաստան ներմուծումը՝ ըստ ապրանքի ծագման երկրի (ապրանքի ծագման երկիր է համարվում այն երկիրը, որտեղ դա ամբողջությամբ արտադրվել է կամ վերջին անգամ ենթարկվել է բավարար վերամշակման` համաձայն օրենսդրությամբ սահմանված չափանիշների), կազմել է  ավելի քան 167,7 մլն դոլար, 2013-ի հունվար-հուլիսի համեմատ՝ 8.4% աճ: 


Փաստորեն, ստացվում է, որ հայ-գերմանական առևտրաշրջանառության ծավալներն աճել են և ներմուծման, և արտահանման հաշվին (Հայաստանի տեսանկյունից), բայց ավելի մեծ դեր է ունեցել արտահանման աճը:


Իսկ ի՞նչ ենք սկսել արտահանել Գերմանիա, որ նախկինում չէինք արտահանում  կամ քիչ էինք արտահանում: Ըստ  ՀՀ ֆինանսների նախարարության վերջին տվյալների՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից Գերմանիա է արտահանվել.


Ավելի քան  1680 լիտր  բնական ջրեր  կամ արհեստական քաղցրածրած ՝ 2013-ի առաջին կիսամյակի 780 լիտրի դիմաց 


Ավելի քան 3950 տոննա չզտած պղինձ, պղնձե անոդ էլեկտրալիտիկ զտման համար (2013-ի առաջին կիսամյակում չի արտահանվել)


Ավելի քան  1600 տոննա  ալյումինե նրբաթիթեղ (2013-ի առաջին կիսամյակում չի արտահանվել)


 Մոտ 170 տոննա հուշարձ. և շինարար. համար մշակած քար և  իրեր դրանից (2013-ի առաջին կիսամյակում՝ 97 տոննա)


Մոտ 192  տոննա թափոն և սև մետաղի ջարդոն (2013-ի առաջին կիսամյակում՝ 26 տոննա):


Հարկ է նշել, որ ՀՀ-ից առաջին կիսամյակում Գերմանիա արտահանված չզտած պղնձի  ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 28 մլն ԱՄՆ դոլար: Այս ցուցանիշը զգալի ազդեցություն է թողել Գերմանիա արտահանման աճի վրա: Իսկ վերընշված  մնացած ապրանքատեսակների արժեքներըը համեմատաբար փոքր են: Օրինակ՝ ալյումինե նրբաթիթեղի դեպքում այն կազմել է 4,5 մլն դոլար:


Ինչպես 2013-ի առաջին կիսամյակում, այս կիսամյակում ևս խոշոր ծավալի երկաթի համահալվածք ենք արտահանել Գերմանիա՝ ավելի քան 24,5 մլն ԱՄՆ դոլարի: Ինչպես նաև՝ մոլիբդեն (մոտ 9,7 մլն դոլար):


Իսկ Գերմանիայից Հայաստան ներմուծվող հիմնական ապրանքատեսակներն են կաթնամթերքը, շոկոլադը, սուրճի և թեյի խտանյութը, գարեջուրը, կենդանիների կեր, ծխախոտը, նավթը և նավթամթերքը, դեղորայքը, ներկերը, կենցաղային սարքավորումները, մետաղամշակման հաստոցները, ավտոմեքենաները, ընտանի թռչունները և այլն:


Ի դեպ, չնայած Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, Գերմանիայում արտահանման ծավալն առաջին անգամ գերազանցել է ամսական 100 մլրդ եվրոյի շեմը: Այս տարվա հուլիսին գերմանացի արտահանողների եկամուտները կազմել են 101 մլրդ եվրո՝ 2013թ. հուլիսի համեմատ աճելով 8,5 տոկոսով և 4,7 տոկոսով՝  2014թ. հունիսի համեմատ: Այս մասին գերմանական լրատվամիջոցներին հայտնել է ԳԴՀ-ի Դաշնային վիճակագրական գերատեսչությունը: 


Ըստ գերմանացի տնտեսագետների՝ հուլիսին արտահանման բարձր աճը պայմանավորված է 2014 թ. հարաբերականորեն ուշ ամառային արձակուրդների հետ:

 

Սեդա Հերգնյան

 

Նույն շարքից