Հասարակություն 

Հայաստանյան ԶԼՄ-րի ազատությունն ու պարտականությունները

analitik.am

«Ազատությունն առաջին հերթին առավելություն չէ, այլ պարտավորություն»
Ալբեր Քամյու

 

Խոսքի և տեղեկատվության ազատությունը հասարակության և յուրաքանչյուր անհատի զարգացման հիմնական նախապայման է: Այս ազատությունները կարևոր տեղ ունեն մարդու իրավունքների համակարգում, քանի որ տեղեկացված չլինելու պարագայում անհատը չի կարողանա իրականացնել իր մնացած իրավունքները: Խոսքի, արտահայտման և տեղեկատվության ազատությունը կարևոր երաշխիք է երկրի տնտեսության, մշակույթի, քաղաքականության և այլնի զարգացման համար: 

Հայաստանը մի շարք միջազգային կազմակերպությունների անդամ լինելով՝ ստորագրել է մարդու իրավունքներին վերաբերող կարևորագույն միջազգային փաստաթղթերը և այսպիսով պարտավորվել է հարգել մարդու իրավունքները, այդ թվում՝ արտահայտվելու և տեղեկատվության ազատության իրավունքը:

Չպետք է մոռանալ, որ չի կարող գոյություն ունենալ անսահմանափակ ազատություն` առանց պատասխանատվության: Ըստ այդմ՝ լրագրությունը գտնվում է ազատության ու պատասխանատվության սահմանագծում:

Եթե կա ազատություն, կա նաև պատասխանատվություն կատարվող աշխատանքի նկատմամբ: Դիտարկելով այսօրվա հայաստանյան լրատվամիջոցների կողմից կատարվող աշխատանքը, կարելի է հանգել միայն մեկ տխուր եզրահանգման. չկա պատասխանատվություն աշխատանքի նկատմամբ, երկրում մեծ թվով լրատվամիջոցների գործունեությունը կողմնակալ է և կուսակցականացված, վերջիններս զբաղված են այս կամ այն քաղաքական ուժին քարկոծելով կամ գովազդելով, առկա է ԶԼՄ-ի շահագործում և նրանց գործունեության ազատության սահմանափակում: Ասվածը փորձենք հիմնավորել փաստերով: 

• Այսօր մեր հեռուստաալիքների զգալի մասը, պատկանելով որևէ քաղաքական ուժի, հանդիսանում է վերջինիս խոսափողը, այդպիսով ունկնդիր հանրությանը, թելադրելով սեփական քաղաքական և գաղափարական առաջնայնությունները: ԶԼՄ-ները հանդիսանում են հանրությանը իրականությանը հետ կապող կարևորագույն օղակ, սակայն վերոնշյալից կարելի է եզրակացնել, որ իրականությունը հանրությանը հրամցվում է որևէ գաղափարական պրիզմայով անցնելուց հետո միայն: 

• Այսօր ԶԼՄ-ների ազատության սահմանափակման պատճառով, մենք ունենք ոչ ճիշտ տեղեկացված հասարակություն: Այդ իսկ պատճառով հասարակությունը ժամանակի խնդիրներին նայում է ոչ ճիշտ տեսանկյունից՝ պատրաստ չլինելով կռվել իրակությանը համապատասխան տեղեկատվական զենքերով, որը կարևոր է հատկապես հայ հասարակության համար, քանի որ Հայաստանը պետք է լրջորեն կարողանա դիմագրավել ժամանակի տեղեկատվական պատերազմներին:

• Հայաստանում շատերը, մոռանալով, որ լրագրողների ու լրատվամիջոցների գլխավոր գործառույթը ժողովրդին հավաստի տեղեկատվության տրամադրումն է, ամեն ինչ անում են խոսքի ազատութան քողի ներքո՝ ԶԼՄ-ների միջոցով տարածելով ապատեղեկատվություն և երկրում ստեղծելով բազմակարծություն ու ոչ առողջ քաղաքական մթնոլորտ:

Հայտնի փաստ է, որ այս կամ այն հասարակության ժողովրդավարության մակարդակի մասին կարելի է դատել ըստ այն չափանիշի, թե որքանով են այդ հասարակության մեջ օրենսդրորեն ապահովված ու կարգավորված խոսքի, տեղեկատվության և լրատվամիջոցների ազատությունները: Լինելով լավատես, հուսանք, որ կգա բոլորիս համար բաղձալի այն օրը, երբ մեր երկրում էլ խոսքի, տեղեկատվության, արտահայտվելու ազատությունները կլինեն ոչ թե բառեր՝ երազանքի տեսքով, որոնք ամրագրված են միայն միջազգային և հայաստանյան իրավական փաստաթղթերում, այլ դրանք կդառնան կարևորագույն միջոցներ՝ Հայաստանում ճշմարտության հասնելու և սուտն ու անարդարությունը վերացնելու համար, քանի որ ազատության ու տեղյակ լինելու իրավունքն ապրելու իրավունք է, իսկ մեր ազգը դեռ պետք է ապրի…

 

Նույն շարքից