Հիշում եմ և պահանջում 

Սրբադասված նահատակների սրբապատկերի խորհուրդը

analitik.am

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը «Հայերն այսօր»-ին պատմել է Հայոց Ցեղասպանության Սուրբնահատակների սրբապատկերի մասին, որը օծվեց ապրիլի 23-ին:

 


Սուրբ նահատակների  սրբապատկերն իր պատկերագրությամբ եզակի ստեղծագործություններից է հայկական հաստոցային սրբանկարչության մեջ: Հավաքական այդ պատկերը ներկայացնում է վասն Հավատի և վասն Հայրենիքի մարտիրոսացած հայորդյաց` այր և կին, ծեր և մանուկ: Սուրբ նահատակները պատկերված են իրենց առօրյա զգեստներով, իրենց հանգամանքի մեջ, և ըստ այդմ ներկայացնում են Արևմտյան Հայաստանի հասարակության բոլոր դասերը` հոգևորականներ, մտավորականներ, երաժիշտներ, դպրոցականներ, երկրագործներ և այլք:

 


Սրբապատկերի կերպարները թեև մեկ ամբողջություն են ներկայացնում, սակայն նրանցից յուրաքանչյուրն անհատականացված է: Պատկերի կենտրոնում դեպի երկինք բարձրացող բյուրավոր սուրբերն են, իսկ վերին հատվածում պատկերված են սերովբեներ, Հայր Աստված և աղավնակերպ Սուրբ Հոգին, ովքեր ընդունում են հայոց ազգի նահատակության սուրբ պատարագը:

 


Այո՛, սուրբ պատարագ, քանի որ Ցեղասպանությամբ պատարագվում էր Քրիստոսի Սուրբ Եկեղեցին` Տիրոջ խորհրդական մարմինը: Ուստիև սրբապատկերում բյուրավոր նահատակները մարմնավորում են Տեր Հիսուս Քրիստոսին. ինչպես Տերը մահվան մատնվեց, խաչվեց ու թաղվեց, սակայն Իր հրաշափառ հարությամբ խորտակեց մահը ու հաղթանակեց, նույնպես էլ հայոց ազգի զավակները նահատակվեցին, բայց Սուրբ Հարության զորությամբ մնացին անմահ և պսակվեցին անթառամ պսակներով, որպեսզի այլևս որպես Հաղթանակած Եկեղեցի բարեխոսեն առ Աստված վասն Զինվորյալ Եկեղեցու:

 


Սուրբ նահատակների շուրջ կիսաբոլոր պատկերված են հայոց խորտակված ու ոտնահարված սրբությունները, որոնք լուռ վկայում են նաև հայոց ազգի մշակութային եղեռնի և Հայրենիքի կորուսյալ հատվածի մասին: Միով բանիվ, Սրբոց նահատակաց սրբապատկերն իր խորհրդաբանությամբ ներկայացնում է Հայոց ցեղասպանության պատմությունը, այլև պատգամում է, որ ամեն հայ միշտ պատրաստ պետք է լինի վասն Հավատքի և վասն Հայրենյաց իր աստվածապարգև կյանքը զոհաբերելու:

 


Սրբապատկերը նկարվել է Սրբադասման արարողության առիթով` Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ: Նկարիչն աշխատանքներն ավարտել է Սրբադասումից օրեր առաջ: Ամենայն Հայոց Հայրապետը հաճախ էր լինում նկարչի արվեստանոցում՝ հետևելու   նկարի պատրաստման ընթացքին: «Սրբոց նահատակաց» սրբապատկերը ստեղծվել է Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի անմիջական հովանու ներքո:

 


Իսկ  «Սրբոց Նահատակաց» սրբապատկերի հեղինակը շնորհալի գեղանկարիչ Տիգրան Բարխանաջյանն է: Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ 2010 թ. նա հրավիրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Եվ այլևս շուրջ հինգ տարի իր գնահատելի ավանդն է բերում Հայոց եկեղեցուն` ստեղծելով նոր սրբանկարներ ու գեղանկարներ, ինչպես նաև բարձրարվեստ կրկնօրինակելով մեր հին սրբապատկերները:

 


«Սրբոց Նահատակաց» սրբապատկերը, բնակաբանար, պահվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Ներկայումս այն ցուցադրվում է Սբ. Էջմիածնի Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանում: Այցելուները և ուխտավոր հայորդիները մեծապես տպավորված են այդ պատկերով: Գրեթե բոլորը վկայում են, որ այդ պատկերից լույս և քաջալերություն է ճառագում, աստվածային խաղաղություն է տարածվում:

Նույն շարքից