Հիշում եմ և պահանջում 

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայկական տաղավարը Վենետիկի բիենալեում «Ոսկե առյուծ» է ստացել

analitik.am

Վենետիկի 56-րդ բիենալեում, որին 53 երկիր է մասնակցում, Հայաստանի տաղավարն արժանացել է «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակին։ ՀՀ-ն ներկայացված էր «Հայություն» (Armenity) խորագրով ցուցադրությամբ, տաղավարը տեղակայված է Սուրբ Ղազար կղզում` Մխիթարյան միաբանության տարածքում։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայկական տաղավարի ցուցադրությանը մասնակցում է սփյուռքահայ 18 արվեստագետ: Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի տարբեր քաղաքներում ստեղծագործող արվեստագետներին միավորել էր իրենց ազգությունը։ Նրանք Հայոց ցեղասպանությունը վերապրածների սերունդներն են, որոնք ճակատագրի բերումով հայտնվել են հայրենիքից դուրս։ Բիենալեի տաղավարի համադրողն Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգն է, գրում է PanARMENIAN.Net-ը:


 

«Ցուցահանդեսը «Հայություն» (Armenity) կոչելու ինձ ներշնչել է ֆրանսերեն Armenity բառը, որն ինձ թվաց նոր ու հարմար՝ նկարագրելու հայ արվեստագետների ու մտավորականների անընդհատ հոսքի մեջ գտնվող մի սերունդ` ինքնասահմանման իր բազմազանությամբ, որը, սակայն, պահպանել է աշխարհում լինելու սուբյեկտիվ զգացողությունը»,- իր մտահղացումը բնորոշել է հայկական տաղավարը համադրողը։

 


Մայիսի 6-ին հայկական տաղավարի բացմանը ներկա են եղել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանը, Մխիթարյան միաբանության ընդհանրական աբբահայր Եղիա Քիլաղբյանը, իտալացի հայտնի արվեստագետներ ու արվեստասերներ։Տպագրվել է հայկական տաղավարում ներկայացված արվեստագետների աշխատանքների կատալոգը, որի հրատարակությամբ զբաղցել է իտալական SKIRA հրատարակչությունը:

 


Հայաստանը ներկայացնում էին սփյուռքի ժամանակակից արվեստագետներ Հայկ Այվազյանը (Լիբանան / Ֆրանսիա), Նիկոլ Բեզջյանը (Սիրիա / ԱՄՆ), Աննա Բողիգույանը (Եգիպտոս / Կանադա), Հերա Բուքուքթաշչյանը (Թուրքիա), Սիլվիա Տեր-Մեգուերդիտչյանը (Արգենտինա, Գերմանիա), Այրին Անաստասը (Իրան / Պաղեստին / ԱՄՆ), Մխիթար Կարապեյանը (Բելգիա), Այքաթերինի Գեգիզյանը (Հունաստան), Անժելա Ռիչի Լուչչին (Իտալիա), Արամ Ջիբիլյանը (ԱՄՆ), Նինա Խաչատուրյանը (ԱՄՆ / Ֆինլանդիա), Մելիք Օհանյանը (Ֆրանսիա), Միքայել Օհանջանյանը (Հայաստան / Իտալիա), Ռոսանա Փալազյանը (Բրազիլիա), Սարգիսը (Թուրքիա / Ֆրանսիա) և Հրայր Սարգսյանը (Սիրիա / Մեծ Բրիտանիա):Սփյուռքի ժամանակակից նկարիչների Armenity կազմակերպության կուրատորական գաղափարը ենթադրում է տարհանումն ու տարածաշրջանային հասկացությունը, արդարադատությունն ու հաշտեցումը, բնավորությունն ու ճկունությունը:Սեպտեմբերի 5-ից 11-ն Արսենալի Piccolo ամֆիթատրոնը, Armenity-ի համատեքստում, կազմակերպելու է ներկայացումների, քննարկումների և վիդեոնախագծերի շարք՝ ներկայացնելով փոքրասիական ծագում ունեցող նկարիչների, գրողների և անկախ ռեժիսորների:



Վենետիկի բիենալեն կգործի մինչև նոյեմբերի 22-ը։

 


Վենետիկի բիենալեն համաշխարհային արվեստի ամենահայտնի ֆորումներից է՝ միջազգային ցուցահանդես, որն անցկացվում է երկու տարին մեկ միջազգային ժյուրիի գլխավորությամբ։ Այն հիմնադրվել է 1895-ին որպես «Վենետիկ քաղաքի արվեստի միջազգային ցուցահանդես»։ Առաջին բիենալեին ներկայացված էին 16 երկրի նկարիչների աշխատանքներ։ Շուտով դրա հեղինակությունը միջազգային մասշտաբի հասավ, իսկ երբ Երկրորդ համաշխարհայինից հետո՝ 1948-ին պարբերական կազմակերպումը վերսկսվեց, այն համընդհանուր ճանաչված միջազգային ավանգարդի կենտրոն դարձավ։ 1930-ականներին բիենալեի շրջանակում երաժշտության, թատրոնի ու կինոյի միջազգային փառատոններ հիմնադրվեցին, 1975-ին՝ Ճարտարապետության միջազգային ցուցահանդես։ 20-րդ դարի երկրորդ կեսին Վենետիկի բիենալեն ժամանակակից արվեստի կայացման գործում առանցքային դեր խաղաց։

Նույն շարքից