Միջազգային 

Էրդողանը մեկնաբանել է ընտրությունների արդյունքները

analitik.am

Եթե ժողովուրդը ընտրություն է կատարել երկրորդ փուլի օգտին, ապա մենք պատրաստ ենք ընդունել այս որոշումը. նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է «Անադոլու» գործակալությունը:

Նա նշել է նաև ընտրություններին մասնակցության ռեկորդային ցուցանիշը և շնորհակալություն է հայտնել 27 միլիոն քաղաքացիներին՝ իր օգտին քվեարկելու, իսկ 56 միլիոն քաղաքացիներին՝ քվեարկությանը մասնակցելու համար:

Հիշեցնենք, որ Թուրքիայում բոլոր քվեաթերթիկների հաշվարկից հետո հայտնի են դարձել նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները. ձայների թվով առաջատարն Էրդողանն է, որի օգտին քվեարկել է ընտրողների 49,24%-ը։

Էրդողանի հիմնական մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն ստացել է ձայների 45,06%-ը։ Նախագահի մյուս թեկնածուի՝ «Աթա» դաշինքից 55-ամյա Սինան Օգանի օգտին քվեարկել է ընտրողների 5,28%-ը։

«Մեմլեքեթ» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն ստացել է ձայների 0,42%-ը։ Վերջինս հանել էր իր թեկնածությունն ընտրություններից երեք օր առաջ, սակայն Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը վավեր է ճանաչել նրա օգտին տրված ձայները։

Մայիսի 14-ին կայացած ընտրությունների արդյունքներով թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ձայների 50%-ը, ինչը նշանակում է, որ հաղթողը կորոշվի երկրորդ փուլում։ Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա երկու շաբաթից՝ մայիսի 28-ին։

Նույն շարքից