Բարի օր Լրահոս Հայաստան Քաղաքականություն 

Տիգրան Ավինյանի երազած ու պատկերացրած Երևանում ծառերը տեղ չունեն

analitik.am

Մայիսի 29-ին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստը սկսվեց ձախողված պարետի խիստ հայտարարությամբ, որը վերաբերում էր Կենտրոն վարչական շրջանում ծառերի հատման դեպքին: Նիստում նաև պարզվեց, որ ծառերի հատման վերաբերյալ երկու զանգ է եղել քաղաքապետարանի թեժ գծին, սակայն տեխնիկական խնդրի պատճառով հնարավոր չի եղել կապ ստեղծել թեժ գծի ու տարածքի տեսուչի միջև:

Առնվազն ծիծաղելի է, որ 21-րդ դարում, երբ արհեստական ինտելեկտն աստիճանաբար մուտք է գործում մեր կյանք, կարելի է խոսել նման տեխնիկական խնդրի մասին: Այստեղ ավելի շուտ կարող է լինել չարամտություն, կամ թեժ գծի վատ աշխատանք, քան՝ տեխնիկական խնդիր: Բայց դա մի կողմ թողնելով՝ արձանագրում ենք, որ այսպես կոչված տեխնիկական խնդրի պատճառով մայրաքաղաքի կենտրոնում հաստաբուն բարդիներ են հատվում, իսկ քաղաքապետարանը միայն պոստ սկրիպտում արձանագրում է փաստն ու անցնում առաջ:

Իհարկե, նիստում Ավինյանը պահանջեց ծառայողական քննություն իրականացնել: Ապա նաև վստահություն հայտնեց, որ ծառերը հենց այնպես չեն հատվել, ինչ-որ մեկի մտքով անցել է զավթել տարածք: Նա պահանջեց քաղաքապետարանի համապատասխան բաժնից տղաների ուղարկել պարզելու հարցը: Սակայն, միայն միամիտները կարող են հավատալ այս հայտարարությունների ազնվությանը:

Ավինյանն աստիճանաբար ավելի ու ավելի է նմանվում Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին, ով ամեն նիստում խիստ, ջղայն դեմքով հայտարարություններ էր անում, սակայն հաջորդ նիստում պարզվում էր, որ նրա հանձնարարականները չեն կատարել:

Նշենք, որ սա ծառերի սպանդի միակ դեպքը չէ: Քաղաքապետարանը հատել է «Պլանի գլխից» Հաղթանակի զբոսայգի բարձրացող ճանապարհի հաստաբուն ծառերը: Քաղաքային իշխանությունները պնդում են, որ դրանք խանգարում են նոր ավտոբուսների տեղաշարժին: Բացի դրանից, այդ ծառերն առհասարակ այնտեղ պետք է չլինեին:

Ստացվում է, որ Տիգրան Ավինյանի երազած ու պատկերացրած Երևանում ծառերը տեղ չունեն, հետևաբար զարմանալի չէ, թե ինչպես է ստացվում, որ մայրաքաղաքում ամեն օր ավելի ու ավելի շատ ծառեր են հատվում: Զարմանալի չէ նաև, որ քաղաքացիներն են կտրում ծառերը, որոնք իրենց խանգարում են: Նրանք ուղղակի օրինակ են վերցնում քաղաքապետարանից: Մտածում են՝ եթե իշխանություններին կարելի է, ինչո՞ւ իրենց չի կարելի:

Նույն շարքից