Բարի օր Լրահոս Հասարակություն 

Երևանի տրանսպորտային գլխավոր ռեֆորմը պետք է դառնա ճոպանուղու ցանցը. Մանե Թանդիլյան

analitik.am

Քաղաքների երեք «տարածությունների» միաժամանակյա արդյունավետ օգտագործումը միայն կարող է հնարավորություն տալ լուծել Երևանի առջև ծառացած մի շարք խնդիրները, այդ թվում, տրանսպորտային և հետիոտնի անխոչընդոտ տեղաշարժին վերաբերողները։

👉Առաջին «տարածությունը»՝ գետինը, գրեթե սպառել է իրեն և Երևանի բնակչության և տնտեսության զարգացման տեմպերի համար ունի սակավ հնարավորություններ լուծելու քաղաքի խնդիրները։ Նոր ճանապարհների, փողոցների կառուցման հնարավորությունները սահմանափակ են։

👉Երկրորդ՝ ստորգետնյա «տարածությունը» բավական քիչ է օգտագորված։ Ունենք շատ քիչ թունելներ, գետնանցումներ։ Միևնույն ժամանակ, Երևանի ռելիեֆը և ստորգետնյա ենթակառուցվածների առկայությունները նույնպես թույլ չեն տալիս քաղաքը դարձնել լիարժեք «երկհարկանի»։ Սակայն, այստեղ նույնպես ունենք սկզբունքային խնդիր։ Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով գետնանցումները չեն դառնում մարդկանց հիմնական ճանապարհը, որը նաև անվտանգության խնդիրներ է առաջացնում։ Քաղաքը, նախ և առաջ, պետք է լինի մարդկանց համար, հետևաբար Երևանի մի շարք գետնանցումներ պետք է վերածվեն թունելի՝ մեքենաների համար, իսկ մարդիկ քայլեն գետնի վրայով։

Միևնույն ժամանակ, Երևանում առկա են մի շարք հնարավորություններ փոքր թունելների շնորհիվ ունենալ նոր հետիոտնային հատվածներ։

👉Երրորդ՝ վերգետնյա, օդային «տարածությունը» գրեթե չի օգտագործվում։ Վերնանցումները շարունակում են մնալ անհարմար մարդկանց համար, իսկ 1-2 էստակադաները չեն լուծում քաղաքի տրանսպորտային խնդիրները։

Հաշվի առնելով Երևանի ռելիեֆային առանձնահատկությունը՝ քաղաքի տրանսպորտային գլխավոր ռեֆորմը պետք է դառնա ճոպանուղու ցանցը։

Քաղաքային ճոպանուղին ունի հետևյալ առավելությունները՝

✔️Մարդկային մեծ հոսքերի տեղափոխման հնարավորություն

✔️Կանգառներում սպասելու բացակայություն

✔️Էկոլոգիապես մաքուր՝ օդի աղտոտվածության բացակայություն

✔️Ամենաանվտանգ տրանսպորտային միջոցը աշխարհում

✔️Ամենակարճ ճանապարհների ստեղծում՝ ուղիղ գծի շնորհիվ

✔️Հաշմանդամություն ունեցող անձանց համար այն բացառիկ հարմար

✔️Նոր, ազատ տարածությունների օգտագործման հնարավորություն

✔️Կայարանների կառուցման համար փոքր տարածքների անհրաժեշտություն

✔️Արագ կառուցման հնարավորություն՝ չխոչընդոտելով առկա տրանսպորտային ուղիները շինարարական աշխատանքների ժամանակ

Առաջիկայում կներկայացնենք Երևանի ճոպանուղու համակարգի ներդրման նախագիծը։

Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյան

Նույն շարքից