Բարի օր Լրահոս Հասարակություն 

Ինքնասիրության դեֆիցիտ

analitik.am

Հունիսի 6-ին լրացավ հայ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի 120-ամյակը: Բարեբախտաբար, Երևանի քաղաքապետարանը չէր մոռացել աշխարհահռչակ հայի հոբելյանի մասին ու մի շարք միջոցառումներ էր կազմակերպել, այդ թվում՝ բացօթյա, որին մասնակցելու հնարավորություն ունեին բոլոր ցանկացողները: Չնայած, դեռ փաստ չէ, որ դա կարվեր, եթե առջևում Երևանի ավագանու ընտրություններ չլինեին:

Նշյալ միջոցառումներից էր Թումոյի այգում կազմակերպվածը: Հունիսի 6-ին, 7-ին, 8-ին այստեղ ներկայացվեցին մեծանուն կոմպոզիտորի ամենահայտնի ստեղծագործություններից «Գայանե», «Դիմակահանդես», «Սպարտակ» բալետները: Բայց Երևանի քաղաքապետարանը Երևանի քաղաքապետարան չէր լինի, ձախողված պարետ Տիգրան Ավինյանն էլ Տիգրան Ավինյան չէր լինի, եթե չփչացներ ամեն ինչ:

Ինչպես և սպասվում էր, Տիգրան Ավինյանը հերթական միջոցառումն օգտագործեց իր անձնական փիառի համար՝ բեմից ելույթ ունենալով 3-օրյա միջոցառման 2 օրերին: Սա առնվազն ծիծաղելի է, եթե հաշվի առնենք այն, որ Ավինյանի փոխարեն այստեղ պետք է խոսքով հանդես գար Երևանի քաղաքապետի պաշտոնակատարը՝ Լևոն Հովհաննիսյանը, ում կանդրադառնանք ավելի ուշ:

Այսպես, ձախողված պարետը բեմից ելույթ ունեցավ ինչպես առաջին, այնպես էլ վերջին օրը: Ընդ որում, վերջին օրը նա հայտարարեց պարգևատրման մասին: Երևան քաղաքի մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով  պարգևատրվեցին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը:

Մեդալ ստանալուց հետո Կարեն Դուրգարյանը նախ հանդիսատեսից հետաքրքրվեց՝ արդյոք դուր են գալիս նման միջոցառումները: Դրական պատասխան ստանալուց հետո նա, արդեն դիմելով Տիգրան Ավինյանին, ասաց, որ պետք է մտածել ամենամյա միջոցառումների մասին: Մշակութային գործիչը ակամայից հայտնվեց Ավինյանի ծուղակում: Նա թերևս իրեն հարց պետք է տար, թե ով է Տիգրան Ավինյանը, որ սույնի մասին մտածի: Ավինյանը քաղաքապետ չէ, քաղաքապետի պաշտոնակատար չէ, հնարավոր է, որ քաղաքապետ չի էլ դառնա, հետևաբար հարց է առաջանում, թե ինչու պետք է նա մտածի վերոնշյալի մասին: Թե՞ այս հարցն արդեն որոշված է:

Դուրգարյանն ու հատկապես Ավինյանը պետք է չմոռանան, որ ընտրություններում ամեն ինչ որոշելու է երևանցու քվեն, իսկ մայրաքաղաքի բնակիչն իր խոսքը դեռ չի ասել: Ավինյանը, որ պատահականորեն հայտնվեց քաղաքապետարանում, ապա նաև տիրեց քաղաքապետի աթոռին, անգամ ընտրություններին չի մասնակցել, առավել ևս երևանցու քվեն չի ստացել:

Հիմա վերադառնանք Լևոն Հովհաննիսյանին, ում ինքնասիրությունը կարծես թե այդքան էլ խորը քնած չէ:

Այս շաբաթ խորհրդարանում 2022 թվականի կատարողականը ներկայացրեց նաև Երևանի քաղաքապետարանը: Այն, բնականաբար, ներկայացրեց Լևոն Հովհաննիսյանը: Դե դա տրամաբանական է, եթե հաշվի առնենք այն, որ այստեղ փիառվելու հարց չկար: Առավել ևս, որ ներկայացվելու էր Հրաչյա Սարգսյանի արած-չարածը: Դե Ավինյանի պագոնները կընկնեին, եթե նա դա աներ: Կատարողականը ներկայացնելուց հետո Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչու է բոլոր փիառվելու հարցերում երևում Ավինյանը, իսկ ոչ փիառվելու՝ ինքը, ասաց, որ աշխատանքի բաժանում են արել, ու օրինակ ժապավեն կտրելն Ավինյանի ոլորտն է: Մի քանի հարցից հետո Հովհաննիսյանը, խիստ նեղվելով, հայտարարեց, որ միայն Ավինյանը չի աշխատում, բոլորն են աշխատում:

Կարելի է սպասել, որ պաշտոնից զրկվելուց հետո Հովհաննիսյանն ավելի ազատ կարող է խոսել, քանի որ այն ժամանակ բարձր աշխատավարձով այլևս չի կաշկանդվի: Այդ ժամանակ նա ավելի բաց կարող է խոսել այն մասին, թե ինչպես է Ավինյանը որոշել ամեն ինչ ու ասել, թե ով ինչ պետք է անի, որպեսզի ինքը քաղաքապետ դառնա:

Հավելենք, որ չնայած իր բոլոր ինքնավստահ հայտարարություններին՝ Տիգրան Ավինյանը շատ է վախենում չընտրվելուց ու այդքան էլ վստահ չէ իր հաղթանակում: Հենց սրա մասին է վկայում այն, որ նա ամենափոքր առիթն օգտագործում է իր հաղթանակին հասնելու համար: Ինքնավստահ թեկնածուն ավելի համեստ կլիներ ու չէր վարի անպոչ գդալի քաղաքականություն՝ երևալով ամենուր, հոգնեցնելով բոլորին:

Նույն շարքից