Հասարակություն Հարցազրույց 

«Մենք 1988-89 թվականներից կորցրել ենք քաղաքացի երևույթը». Վրեժ Առաքելյան

analitik.am

 

«Հայաստանում կա քաղաքացիության պակաս: Մենք 1988-89 թվականներից կորցրել ենք քաղաքացի երևույթը»,- համոզված է լրագրող, հրապարակախոս Վրեժ Առաքելյանը: Օրերս նա միացել է «Ընդվզում» շարժմանը՝ համարելով, որ շարժման գաղափարախոսությունն ու նպատակները կարող են մի շարք խնդիրների լուծման հիմք հանդիսանալ:


«Իմ ուսումնասիրությունների արդյունքում ես մի եզրահանգման եմ եկել՝ սարի ամենահետին գյուղում ապրող գյուղացին կարող է լինել քաղաքացի, բայց քաղաքացի կարող է չլինել, ասենք, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը: Քաղաքացի լինել նշանակում է ունենալ ազգային ինքնագիտակցություն և արժանապատվություն: Մեզ մոտ հասարակությունը քնած է, և սա շատ զարմանալի է, քանի որ քաղաքացիությունը մեզ մոտ դարձավ անհայտ բացակայող պետականության կառուցման հենց առաջին օրերից:  Դրա պատճառով մենք մեծագույն կորուստներ ենք ունեցել»,- «Ընդվզում» շարժմանը միանալու մասին Analitik.am-ի հետ զրույցում նշեց Վ. Առաքելյանը՝ հավելելով, որ ճանաչելով շարժման հիմնադիր Կարեն Թումանյանին և սկզբունքորեն վստահելով նրան միացել է այս շարժմանը:


Ըստ նրա՝ Հայաստանին պետք է, որ ավագ և երիտասարդ սերունդները ընդհանուր մի ընդվզման դաշտ կառուցեն: Նա կարծում է, որ սա իրական բարեփոխման ճանապարհն է: «Մեր քաղաքական և տնտեսական գործիչների մեծ մասը գրեթե սպառել է իրեն: Ոչ իշխանությունը, ոչ էլ քաղաքական քառյակն այսօր ժողովրդին առաջարկելու նոր բան չունեն: Մենք որևէ մեկին դեմ կամ կողմ չենք, մենք խոսում ենք երևույթների մասին: Մարդիկ, եթե սպառել են իրենց, պետք է հեռանան: Այսօր մեր հասարակությունը  դասական կիսագաղութացման վիճակում է գտնվում, և իշխանությունը նրան վստահորեն տանում է դեպի գաղութացում: Այսինքն՝ հասարակական կարծիքը որևէ գործուն արժեք չի ներկայացնում: Արժեհամակարգը խստագույնս տրորվում է »,- ասաց լրագրողը:


Նա ընդգծեց, որ «Ընդվզում»-ը չի նշանակում հեղափոխություն, չի նշանակում քաղաքականացվածություն: «Ընդվզում» շարժման նպատակն է դուրս գալ բոլոր հակազգային, հակապետական, հակահայկական և հակամարդկային երևույթների դեմ: Վ. Առաքելյանը հավաստիացնում է, որ շարժման բոլոր անդամները անկուսակցական են:  «Ուրիշ ճանապարհ չկա, մենք պետք է մեր բախտը կոփենք:  Հարգելի ժողովուրդ, եկեք միասնական կանգնենք ու մի քանի օր հոսանք չսպառենք: Ամառ է, կարող ենք: Ու թող հոսանք թանկացնողները տեսնեն, որ չեն կարող անել ամեն ինչ իրենց ուզածով: Խնդիրն է այն է, որ երկրի ներսում բազում հարցեր կան կուտակված, որոնք հիմնարար լուծումներ են պահանջում: Այդ խնդիրների մասին գիտի քաղաքական գործիչը, տնային տնտեսուհին, տաքսու վարորդը և համատարած անդորր է, որը ճահիճ է գոյացրել»,- կոչ է անում Վ. Առաքելյանը:


Ըստ նրա,  իրենց նպատակն է խաղաղ ճանապարհով լուծարել այս իշխանությունը: Նա շեշտում է, որ հեղափոխություն չի նշանակում թուրը վերցնել ու կոտորած անել: Ամեն ինչ կարելի է խաղաղ ճանապարհով անել: Մեզ արմատական փոփոխություններ են պետք՝ առանց գրոհների, կործանման և տապալման:  «Ոստիկանի մեջ չպետք է թշնամանք տեսնել: Ոստիկանը մեր բարեկամն է: Մեր թշնամին իշխանությունն  է, որը այսօր շատ լավ համագործակցում է Արևմուտքի և Ռուսաստանի հակահայկական ուժերի հետ: Մենք հերոսական ճանապարհ ենք անցել, սակայն տնտեսական խայտառակ կառուցվածքն  է այսօր իշխում Հայաստանում: Այն պետք է հիմնովին վերափոխվի: Մենաշնորհված տնտեսությունն իրեն չի արդարացնում: Գոնե, վերջին 5 տարում սա պարզորոշ երևույթ է: Քաղաքականությունն ու տնտեսությունը մեր երկրում այնպես են սերտաճել, որ բաժանելն արդեն անհնար է դառնում: Երկրում  գերմոնոպոլիզացված տնտեսություն է: Մինչև մենք չունենանք ազգային տնտեսությունը, պետությունը չունենա իր սեփականության մասը, մենք զարգացում չենք ունենա»,- նշեց լրագրողը:

Ըստ նրա՝ ցանկացած նախագահական ընտրությունից 2-3 ամիս անց Հայաստանում սպառողական առաջնային ապրանքների գները բարձրանում են: Բացատրությունը, Վ. Առաքելյանի կարծիքով, շատ պարզ է. ղեկավարությունը կեղծել է ընտրությունները, կաշառք է բաժանում և հիմա այդ գումարը հետ է բերում ապրանքները թանկացնելու միջոցով:

«2008 թվականից ես փորձում եմ Տիգրան Սարգսյանի կառավարությանը բազում նամականերով և հոդվածներով հասկացնել՝ երբ իրենք հրավառություններ են կազմակերպում, պետք է օգագործեն լավորակ ապրանք, որ մի քանի մարդու զվարճության հաշվին 15-20 հազար մարդ հիվանդություն չստանա, վեր չթռչի՝ անկախ ժամից և տեղից: 5 տարի է, ինչ ես խայտառակ պատասխաններ եմ ստանում:

Անցյալ տարի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նամակով դիմել էր երկրի կառավարությանը, ուր նշված էր հետևյալը. «Հրավառության արդյունքում առաջացած աղմուկը ազդակային և իր ազդեցությամբ մարդու առողջության համար ամենավտանգավորներից է:

 

Այդպիսի աղմուկը կարող է բնակչության շրջանում առաջացնել մի շարք սրտանոթային, նյարդային, աղեստամոքսային համակարգերի, ինչպես նաև՝ լսողական ապարատի մի շարք հիվանդություններ»: Մոտ մեկ տարի անց, դարձյալ իմ հրապարակումների և նամակների ճնշման արդյունքում ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Մ. Հակոբյանը, կարծես թե, հուսալի պատասխան է տալիս առ այն, որ ոստիկանության կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, ուր դարձյալ խնդիրը խցկվում է փակուղի, քանզի խոսվում  է ինչ-որ տուգանքների բարձրացման, ժամերի սահմանափակման և այլնի մասին: Սակայն, չէ՞ որ մեր գլխավոր խնդիրն ինքնին հրավառությունները չեն, այլ՝ դրանց առաջացրած դիվային աղմուկը, որի հետևանքների մասին գրել է առողջապահության նախարարը:


Օրեր առաջ, երբ ես դարձյալ նշեցի, որ Սիլիկյան թաղամասում գտնվող «Լաթար» հյուրանոցային համալիրը երեկոյան ժամերին տառացիորեն դիվադարար է անում շրջակա շուրջ 20-30 հազ. մարդու, ի պատասխան դրա՝ երթուղային ավտոբուսների վրա ի հայտ եկավ նշյալ հյուրանոցի գովազդը, ուր առաջարկների թվում, օրինակ, շոգեբաղնիքի, խոհանոցի, ներկայացված էր նաև հրավառությունը: Այստեղ ակնհայտ է, որ ինչպես նախորդ, այնպես էլ՝ ներկա կառավարության այս գանգստերային գործարարության ակնհայտ հովանավորն է, և գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանն, այս իմաստով, էստաֆետային փայտիկը ժառանգել է Տիգրան  Սարգսյանից և հպարտորեն շարունակում է նրա՝ հանրության հոգին և առողջությունը բռնաբարելու «վեհ» գործը: Բայց այստեղ այլ խնդիր է առաջանում:

«Լաթար»-ը գտնվում է Սիլիկյան թաղամասի, ուր հիմնականում անապահով խավն է բնակվում, և Վահագնի թաղամասի, ուր մեծահարուստ խավն է բնակվում, սահմանագծի վրա: Եվ տեսեք՝ ոչ մեծահարուստները, ոչ էլ անապահովները չեն բողոքում կամ բողոքում են խոհանացում՝ անեծքաչոր անելով դիվային զվարճանքի հեղինակներին: Թեև ավելացնեմ, թե ովքեր են ներկրում հրավառության պարագաները՝ «Շոկոլադ սերվիս», «Մանուէլլա», «Զոլոտոյ պոցելույ»,- ասաց Վ. Առաքելյանը:


Ըստ նրա՝ Տ. Սարգսյանի կառավարությունն աղետ էր  այս ժողովրդի գլխին: «Չեմ խոսում նրա կառավարության օրոք գրանցված տնտեսական ցուցանիշների մասին: Միայն մեկ օրինակ բերեմ: Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետը քննարկում է ճանապարհային հոծ գծերի դեղին, թե սպիտակ լինելու հարցը: Կամ ավտոմեքենաների պետհամարանիշների հարցը ...  Դա Ճանապարհային ոստիկանության մի ավագ լեյտենանտի գործն է, ոչ թե՝ վարչապետի: Դրանով վարչապետը իջեցնում է կառավարության մակարդակը: Մարդիկ բացահայտ ասում են, որ իրենք միլիոնատեր են: Մարզպետը որտեղից է միլիոնատեր դարձել …

Դա ցինիզմի արտահայտություն չէ, այլ գիտակցված քաղաքականություն է՝ ծնկի բերել մարդուն, որ իրեն քաղաքացի չզգա: Հանրային բոլոր ծառայություններն  այսօր Թումանյանի Սուտլիկ որսկանն են: Վառ օրինակը Երևան քաղաքի ավագանին է»,- համոզված է Վ. Առաքելյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից