Հիշում եմ և պահանջում 

Ցեղասպանություն 100. բազմաթիվ հայերի կարծիքով` 100-րդ տարելիցի ոգեկոչումը կնպաստի միջազգային ճանաչմանը

analitik.am

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին լայնածավալ միջոցառումների անցկացումն ու միջազգային անդրադարձը չեն կարող ստիպել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ կարծում է հայաստանաբնակների կեսից ավելին, գրում է armenianow.com-ը:

«Գելափ ինթերնեշնլի» հայաստանյան ներկայացուցչության վերջին հարցման արդյունքների համաձայն՝ հայաստանցիների 58 տոկոսի գնահատմամբ այդ միջոցառումները Հայաստանի արևմտյան հարևանի՝ Ցեղասպանությունը ճանաչելու մտադրության վրա ազդեցություն չեն ունենա, մինչդեռ 83 տոկոսը համոզված է՝ դրական որևէ ազդեցություն կունենան այլ երկրներում ճանաչման գործընթաց սկսելու վրա:

 

Ապրիլին Հայաստանը հայտնվել էր աշխարհի ուշադրության կենտրոնում թե՛ երկրի ներսում անցկացվող մեծաթիվ միջոցառումների, այդ թվում` ապրիլի 24-ին երկիր 4 երկրների նախագահների, այդ թվում` Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Պուտինի և Օլանդի այցելության շնորհիվ, թե՛ Հռոմի Պապի, Եվրախորհրդարանի ու մի քանի եվրոպական երկրների՝ ցեղասպանության ճանաչման կամ դրա հիշատակման համար:

Հարցումը, որի սխալի հավանականությունը 3 տոկոս է, արվել է մի քանի պատասխանի հնարավորության մեթոդով Հայաստանի ողջ տարածքում ավելի քան 1000 մարդու շրջանում, որոնց 49 տոկոսի համար Ցեղասպանության ապրիլյան միջոցառումներից ամենատպավորիչը Ռուսաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի և Կիպրոսի նախագահների այցելությունն էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Մյուս հիշվող իրադարձություններից էին՝ Հռոմի Պապի մատուցած պատարագը՝ 42 տոկոս, Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի այցը՝ 24 տոկոս, Sistem of a Down ռոք խմբի համերգը Հանրապետության հրապարակում՝ 21 տոկոս:

Ընդհանուր առմամբ մարդիկ գոհ են եղել ապրիլյան միջոցառումներից՝ դրանք 5 բալանոց սանդղակով 4,58 գնահատելով:

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում հայերի մեծ մասը՝ 60 տոկոսը, ակնկալում է հողերի վերադարձ, 54 տոկոսը՝ նյութական փոխհատուցում, և միայն 26 տոկոսն է ձգտում հայ-թուրքական սահմանի բացման:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված որոշակի երկկողմանի քայլեր արվել են 2009-ին, երբ ստորագրվեցին հայ-թուրքական համատեղ արձանագրությունները, որոնք, սակայն, հետագա ընթացք չստացան, քանի որ երկու երկրներից ոչ մեկի խորհրդարանը չվավերացրեց դրանք:

Գելափի տեղական ներկայացուցչության հարցումը անդրադարձել է նաև իրենց ընդդիմադիր որակող Հիմնադիր խորհրդարանի անդամներին՝ ապրիլի 24-ին նախատեսված հանրահավաքից առաջ ձերբակալություններին:

Հարցվածների 43 տոկոսն ասել է, որ իրենց կարծիքով` այդ ձերբակալությունները կանխարգելիչ գործողություններ էին, իսկ 26 տոկոսը դրանք իշխանության կողմից ճնշում է որակել:

Նույն շարքից