Առողջապահություն 

Երեւանում բացվեց նոր «Սլավմեդ» բժշկական կենտրոնը

analitik.am

Փետրվարի 20-ին Երեւանում բացվեց նոր «Սլավմեդ» բժշկական կենտրոնը, որը հագեցած է վերջին սերնդի բարձրակարգ սարքավորումներով։ Բացման արարողությանը ներկա էր հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։

Բացման խոսքում առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նշեց, որ նման կլինիկայի ստեղծումը մի կողմից գործիքային հագեցվածության եւ դրանով պայմանավորված՝ ծառայությունների մատուցման նոր որակ է ապահովում, մյուս կողմից՝ մրցակցային դաշտն է ընդլայնում։

Նախարարի խոսքով՝ հիվանդանոցն ունի 5 վիրահատարան, ծննդատուն, ինտենսիվ բուժման, գինեկոլոգիական, էնդոսկոպիկ, ընդհանուր, միկրո եւ պլաստիկ վիրաբուժության, օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության, ուռոլոգիայի, անոթային, ԼՕՌ բաժանմունքներ, ինչպես նաեւ լաբորատոր եւ ախտորոշիչ՝ լայն սպեկտրի ծառայություններ, ներառյալ՝ համակարգչային շերտագրություն (KT) եւ ռենտգեն։

«Կենտրոնը, համագործակցելով բժշկական սարքավորումներ արտադրող առաջատար ընկերությունների հետ, ապահովել է նաեւ 55 բժիշկ-մասնագետների համապատասխան մասնագիտացումը»,- ասաց Դերենիկ Դումանյանը՝ հավելելով, որ «Սլավմեդը» առաջիկա տարիներին նախատեսում է Հայաստան հրավիրել արտերկրում ճանաչված փորձառու մասնագետների։

Ինչպես նշեց կենտրոնի տնօրեն Արմինե Մուրադյանը՝ բժշկական սարքավորումների ներդրման, շահագործման եւ անձնակազմի վերապատրաստման համար բանակցություններ են վարվել Toshiba, Pentax, Storz, Roche Diagnostics eu Drager ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց կենտրոնն առանձնանալու է նոր ձեռագրով, ժամանակակից սարքավորումներով եւ վերապատրաստված բժիշկներով։ Հիվանդանոցում լինելու է 60 մահճակալ, իսկ գները կլինեն հանրապետությունում սահմանված միջին գների չափ՝ չնայած ժամանակակից շատ թանկ սարքավորումների եւ նյութերի օգտագործմանը։

Հիվանդանոցը կունենա նաեւ պետպատվերով իրականացվող ծառայություններ, որոնց թվում՝ ծննդօգնությունը։ Ծննդաբերության բաժանմունքը ապահովված է բոլոր անհրաժեշտ նոր սարքավորումներով եւ հարմարավետ հիվանդասենյակներով ու ծնարաններով։

Հիվանդանոցում տեղադրված նոր սրտագրության սարքը տարբերվում է իր բարձր տեսանելիությամբ, համակարգչային շերտագրության Toshiba սարքը նկարում է 160 շերտով, եւ մնացած ԿՏ-ներից տարբերվում է քիչ ճառագայթմամբ, ուստի կարելի է օգտագործել երեխաներին հետազոտելու համար։ Սարքի սեղանի հնարավորությունն էլ է եզակի՝ կարող է հետազոտել մինչեւ 300 կգ քաշ ունեցող հիվանդի։

Նախարարը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կենտրոնը մասնավոր է, ստեղծվել է մասնավոր ներդրմամբ, բայց պետությունը պատրաստ է խրախուսել նաեւ հիվանդների բուժումը պետպատվերի շրջանակներում։ «Եթե կլինիկան դիմի պետպատվերի համար, մենք կդիտարկենք, պայմանագիր կստորագրենք. այսպիսի կլինիկաներից պետք է օգտվեն նաեւ սոցիալապես անապահով խավերը, եւ պետությունը որեւէ իրավունք չունի այստեղ պետպատվեր չկիրառելու»,- ասաց նա։ 

Կենտրոնի շինարարությունը սկսվել է 2012 թվականին նախկին «Ճշգրիտ սարքեր» գործարանի մասնաշենքում։ Իրականցվել է հիմնական մասնաշենքի 3603 քմ եւ մոտ 1500 քմ օժանդակ տարածքի վերանորոգում։ Ընդհանուր ներդրումը կազմել է 5 միլիարդ դրամ։ Կենտրոնն ունի 180 աշխատակից։

Նույն շարքից