Առողջապահություն 

Ճարպային հյուսվածքը քայքայող դեղամիջոց դեռևս գոյություն չունի. դիետոլոգ

analitik.am

Գիրացումը երկու խնդիր ունի՝ ֆիզիկական և հոգեբական. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը և ներկայացրեց այն վնասները, որոնք կարող է առաջացնել նիհարելու միջոցներ օգտագործելը։

«Ես կարող եմ խնդիրները բաժանել խմբերի, և մարդն ինքը կհասկանա, թե արժի՞ դիմել դեղամիջոցներին։ Գիրացումը ճարպային ավելցուկն է, որոշակի կիլոգրամներով որոշվում են գիրության մակարդակները. գոյություն չունի ոչ մի դեղամիջոց, որը քայքայում է ճարպային հյուսվածքը, որ կարող ենք խմել ու ճարպային հյուսվածքը քայքայել»,-ասաց նա և նշեց, որ ճարպերը քայքայվում են միայն ֆիզիկական միջոցներով՝ լիպոսանկցիայով, որին նա ոչ թե կոչ արեց դիմել, այլ ընդամենը նշեց մեթոդը։ Իսկ ճարպից ազատվելու լավագույն միջոցն ըստ դիետոլոգի՝ առողջ սննդակարգն է և առողջ ֆիզիկական ռեժիմը։

Անդրադառնալով դեղերին, նա նշեց, որ թեյեր կամ էլ որոշակի դեղամիջոցներ կան, որոնք մասին ասվում է, թե կարելի է խմել և նիհարել, մինչդեռ ըստ նրա՝ դրանք ընդամենը միզամուղ են, որոնք մարդուն ջրազրկում են և ցույց տալիս, թե քաշը պակասել է՝ թվացյալ էֆեկտ առաջացնելով։

«Կան միջոցներ, որոնք լուծողական են, որոնք թույլ չեն տալիս, որ սննդամթերքը յուրացվի մարդու օրգանիզմի կողմից։ Արդեն կարելի է հասկանալ, թե ինչ հետևանքներ կարող են բերել, և ասեմ, որ նորից կլինի որոշակի քաշի ժամանակավոր փոփոխություն, բայց չէ որ մեր նպատակը ոչ թե քաշի փոփոխությունն է, այլ ավելորդ ճարպային հյուսվածքների դեմ պայքարը։ Եվ հետո, եթե դրանք չափից շատ են օգտագործվում առանց բժշկի հսկողության, կարող են բերել շատ ծանր բարդությունների, որովհետև մենք գիտենք, որ մեր առողջությունը կապված է նրանից, թե ինչ ենք ստանում մենք սննդի հետ»,-ասաց նա։

Կան նաև միջոցներ, որոնք ըստ նրա՝ հայտարարված են, որ հակադեպրեսանտ են, սակայն ըստ նրա, դրանք նույնպես վնասակար են։

Իսկ թե ինչ անել գիրության դեմ, Հասմիկ Աբովյանը նշեց, թե քանի որ գիրությունը հիվանդություն է, ապա առանց պատճառն իմանալու չի կարող խորհուրդ տալ, իսկ թեթև գիրանալու հակում ունեցող մարդկանց խորհուրդ տալուց նա չխուսափեց։

«Առաջին հերթին փոքր պորցիաներով 5-6 անգամ սնվելն է, խմել շատ քանակությամբ ջուր, 3 լիտր ամռանը, 2,5 ձմռան շրջանում, ունենալ առողջ և թարմ մթերքների նկատմամբ ճիշտ վերաբերմունք»,-ասաց նա։

Մասնագետը նկատեց, որ գիրանալու խնդրով տառապող մարդիկ շատացել են, որոնց մեջ են ներառվել նաև երեխաները։ «Առաջ գոնե երեխաները չէին առնչվում այդ խնդրի հետ, մարդիկ 30-ից հետո նոր էին հասկանում, որ փոքր ինչ գիրացել են, իսկ արդեն փոքրիկ երեխաներն են տառապում այդ խնդրով, և այս ինֆորմացիայի դարում, ծնողները դեռ ուրախանում են, որ իրենց երեխան լավ է ուտում, քաշ է հավաքում։ Ծնողները մատների արանքով են նայում երեխաների սննդին՝ տարբեր համեր տված արագ սնունդ, չիփսեր, սուխարիկներ, այնքան ինֆորմացիա կա, որ դրանք արհեստական են, քիմիական նյութերով, բայց շարունակում են իրենց վնասել»,-նշեց նա։

Ըստ նրա, մարդիկ այդ արհեստական հավելումներով այնքան են սնունդ ընդունել, որ նուրբ, մաքուր և բնական սննդի համը կորցրել են։ 

Նույն շարքից