Առողջապահություն 

«Սոցիալական առողջություն» համաժողովը նպատակ ուներ բարձրաձայնել այդ ոլորտում խնդիրներն ու առաջ քաշել լուծումներ. Գևորգ Գրիգորյան

analitik.am

Ապրիլի 12-ին ԵՊԲՀ-ում տեղի ունեցավ «Սոցիալական առողջություն» թեմայով համաժողով, որի ընթացքում քննարկվեց սոցիալական տարաբնույթ երևույթների ուղղակի և անուղղակի ազդեցությունը մարդկային առողջության վրա:

 

 Ներկայացնում ենք հարցազրույց «Սոցիալական առողջություն» թեմայով համաժողովի մասնակից,  ԵԲՀԱ նախագահ,  բժիշկ ուռոլոգ Գևորգ Գրիգորյանի հետ:

 

 -Ի՞նչ նպատակով են այսպիսի համաժողովներ կազմակերպվում:

 

-Համաժողովները կազմակերպում ենք փորձի, տեսակետների փոխանակման, ընդհանուր գիտական մակարդակի բարձրացման համար: Այսօրվա համաժողովի խնդիրներից էր պարզել սոցիալական առողջության մակարդակը Հայաստանում, վեր հանել մեր երկրում դրան սպառնացող վտանգների առանձնահատկություններն ու առաջ քաշել լուծումներ:

 

-Ի՞նչ հաճախականությամբ են կազմակերպվում այսպիսի համաժողովները:

 

-Մենք 4 ամսվա ընթացքում արդեն երեք կոնֆերանս ենք արել և կազմակերպել մեկ կլոր սեղան:

 

-Ինչպե՞ս են ընտրվում համաժողովների թեմաները:

 

-Թեմաներն ընտրվում են ասոցիացիայի կողմից: Ասոցիացիայում նախաձեռնող խումբը աաջարկում է կազմակերպել որևիցե  թեմայով կոնֆերանս, ասոցիացիայի ղեկավարությունը քննարկում է և, եթե հավանություն է տալիս ՝ կազմակերպվում է:

 

-Ի՞նչ թեմայով զեկույց Դուք ներկայացրեցիք այսօր:

 

-Զեկույցիս թեման  էր «Վերարտադրողական առողջությունը որպես սոցիալ-տնտեսական ցուցանիշ»:  Ներկայացրեցի վերարտադրողական առողջությանը վերաբերող աշխարհում առկա խնդիրները, խոսեցի, թե ինչպես է հնարավոր արագ  ձերբազատվել այդ խնդիրներից և այլն:

 

-Հայաստանում անպտղության վերաբերյալ վիճակագրական տվյալներ կա՞ն:

 

-Ցավոք ես չեմ տիրապետում  Հայաստանի ստատիստիկային, սակայն կարող եմ ասել, որ ամբողջ աշխարհում  վերարտադրողական առողջության վերաբերող խնդիրները բավականին ծանր վիճակում են  գտնվում:

-Արդյո՞ք Հայաստանում տղամարդկանց մոտ վերացել է ուռոլոգներին դիմելու բարդույթը:

 

-Այդ բարդույթը ոչ թե տղամարդկանց մոտ է, այլ մեր ազգի մենթալիտետի մեջ է: Տղամարդը վախենում է, որ կինը իրեն կսկսի այլ կերպ նայել, եթե ինքը այցելի ուռոլոգի: Սա ավելի շատ հոգեբանական խնդիր է: Ես կողմ եմ, որ անպտղությամբ տառապող զույգերը նախ դիմեն հոգեբանի, հետո նոր՝ բժշկի:

 

-Մոտ ապագայում այսպիսի համաժողովի կազմակերպում նախատեսվու՞մ է:

 

Բնականաբար: Այսօրվա կոնֆերանսը կարելի է համարել կայացած,  և ես կարծում եմ, որ պետք է կազմակերպել այս նույն թեմայով կոնֆերանսների շարք:

Նույն շարքից