Առողջապահություն 

Հայաստանը և Ռուսաստանը սերտացնում են համագործակցությունը

analitik.am

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող դաշնային ծառայության («Ռոսպոտրեբնադզոր») ղեկավար Աննա Պոպովայի գլխավորած պատվիրակությանը: 


Ողջունելով հյուրերին` նախարարն ընդգծեց, որ մեծ է ռուսական կողմի օժանդակությունը մեր երկրում վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի,  մահացության ցուցանիշների կտրուկ կրճատման, ինչպես նաև մասնագետների վերապատրաստման գործում:


«Մենք  բարձր ենք գնահատում ձեր աջակցությունը նաև Հայաստանում ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գործում, ինչի ուղղությամբ համատեղ ծրագրեր ենք իրականացնում։ Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի շրջանակներում ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական մեր կենտրոնին տրամադրված շար¬ժական բժշկական-ախտ¬որոշիչ համա¬լիրը շուտով կուղարկվի Հայաստան և, անկասկած, զգալի դեր կունենա ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման ազգային ծրագրի իրականացման գործում:


Եվ վերջապես, վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում մենք համագործակցության, աշխատանքային նույն ավանդույթներն ու նույն դպրոցն ունենք, ինչն ամուր հիմք կարող է հանդիսանալ այդ ծրագրերի շարունակականությունն ապահովելու համար»,-ասաց Արմեն Մուրադյանը: 


Առողջապահության նախարարը շեշտեց, որ իրականացվող ծրագրերին զուգահեռ երկու երկրի մասնագետները պետք է իրենց դիտակետում պահեն ոլորտի առջև ծառացած նոր մարտահրավերների ու հիմնախնդիրների լուծման հեռանկարները: 


Աննա Պոպովան  համաձայնեց նախարարի հետ և նշեց. «Առողջապահության ոլորտում մենք ունենք լավ ավանդույթներ, հատկապես կադրերի պատրաստման գործում: Շատ կարևոր է, որ ԱՊՀ տարածքում մենք խոսում ենք միևնույն մասնագիտական լեզվով»:


Նա բարձր գնահատեց  ՀՀ առողջապահության նախարարության և «Ռոսպոտրեբնադզորի» միջև համագործակցությությունը և փոխգործակցության հուշագրի շրջանակում իրականացված ծրագրերի արդյունքում ձեռք բերված հաջողությունները։


Կարևորելով Առողջապահական պետական տեսչության դերը բժշկական օգնության որակի վերահսկման գործում` Աննա Պոպովան այդ կառույցի պատվիրակությանը հրավիրեց Մոսկվա` տեղում ծանոթանալու Ռուսաստանի Դաշնության փորձին։ Միաժամանակ,  պատրաստակամություն հայտնեց շարունակելու մասնագետների վերապատրաստումների կազմակերպումը։  


«Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարն առաջարկեց նաև իրենց փորձագետների աջակցությունը, ինչը գոհունակությամբ ընդունվեց նախարարի կողմից։ 


Երկուստեք կարևորվեց տուրիզմի ակտիվացմամբ պայմանավորված վարակիչ հիվանդությունների կառավարման մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունը: 


ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը  հակիրճ ներկայացրեց ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդ¬մանն ուղղված Ռուսաս¬տանի Դաշնության աջակցության ծրագրի շրջանակներում Ռոսպոտրեբ¬նադզորի, «Սպիդ ինֆոսվյազ» տարածաշրջանային հասարակական կազմա-կեր¬պության և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ կատարված աշխա¬տանքները: Նշեց, որ ծրագրի շրջանակներում վերապատրաստվել է 540 մասնագետ, վերանորոգվել և ժամանակակից սարքավորումներով հագեցվել է ուսումնական ռեսուրսային կենտրոնը, ընդլայնվել և վերանորոգվել է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետազոտության և խորհրդատվության ենթա¬կառուցվածքը: 60 համայնքում, ուր առավել բարձր է աշխատանքային միգրացիայի մակարդակը, հաջողությամբ իրականացվում է ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագիրը` աշխատանքային միգրանտների և նրանց զուգընկերների շրջանում: 


Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավար Արտավազդ Վանյանը ներկայացրեց վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակային իրավիճակը։ Նա նշեց, որ վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում ձեռք բերված  բարձր ցուցանիշներն իմունականխարգելման ազգային ծրագրի շրջանակներում պատվաստումների 95-96 տոկոս ընդգրկվածության արդյունք է։ Պոլիոմիելիտից զերծ Հայաստանը նախանշում է մինչև 2015 թվականը երկիրը դարձնել կարմրուկից և կարմրախից ազատ գոտի։ Հանդիպման ավարտին մասնակիցները շեշտեցին համատեղ ծրագրերը շարունակելու և ընդլայնելու անհրաժեշտությունը` ընդգրկելով նաև ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը:

Նույն շարքից