Հայաստան 

Երևան քաղաքի սեյսմիկ վտանգավորության մակարդակը գնահատվում է 9-ից բարձր բալ. Հրաչյա Պետրոսյան

analitik.am

Ադրբեջանում գրանցվող երկրաշարժերը միայն ցնցում են առաջացնում ՀՀ տարածքում, և մեր տարածքի հետ երկրակեղևի սեյսմաակտիվ խզվածքների առումով անմիջական կապ չկա։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՏԿԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը  և նշեց, որ այնպիսի ուժգին երկրաշարժ ինչպիսին գրանցվեց սեպտեմբերի 4-ին Ադրբեջանի տարածքում և զգացվեց ՀՀ-ում ու ԼՂՀ-ում, վերջին անգամ եղել էր 1999-ին:

«2015թ-ին ևս 9 սեյսմիկ ցնցում է եղել տարածաշրջանում, այսինքն՝ մեր սահմաններին բավականին մոտ, որոնք ՀՀ տարածքի վրա 3-5 բալ ուժգնությամբ ազդեցություն են ունեցել։ Սեյսմիկ ակտիվության առումով վերջին հինգ տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամենաակտիվը եղել է 2011թ-ին և՛ տարածաշրջանի առումով, և՛ աշխարհի առումով»,-ասաց նա և հիշեցրեց Ֆուկուսիմայի, Վանի երկրաշարժերը։

Մասնագետն ընդգծեց, որ վերջին չորս տարիներին ուժգին երկրաշարժերի քանակը նվազել է։

«Հանրապետության տարածքում դիտվում է նորմալ ֆոնային սեյսմիկություն, ուժեղ երկրաշարժի նախապատրաստման տվյալներ, անոմալ երևույթներ սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցում այսօր չունենք»,-ընդգծեց նա։

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմակայուն շինարարության կենտրոնի ղեկավար Զավեն Խլղաթյանն էլ նշեց, որ Սպիտակի երկրաշարժից հետո ակնհայտ դարձավ, որ մինչ այդ կառուցված բոլոր շենք-շինությունները չեն դիմակայելու այն վտանգին, որը կանխատեսվում է։

«ԽՍՀՄ տարիներին Հայաստանի սեյսմիկ վտանգի մակարդակը գնահատվել է 7 բալ, այսօր վերանայվել է մակարդակը ու գնահատվում է 8-ից բարձր, մասնավորապես Երևան քաղաքի սեյսմիկ վտանգավորության մակարդակը գնահատվում է 9-ից բարձր բալ։ Ակնհայտ է, որ Երևան քաղաքը Հայաստանի տարածքում ամենաբարձր սեյսմիկ ռիսկ ունեցող տարածքն է, իսկ ռիսկը գնահատվում է կառուցապատման խտությամբ»,-ասաց նա։

Նա նշեց նաև, որ մայրաքաղաքում ռիսկայնությունը պայմանավորված է նաև տարբեր տիպի շենքերով, կան քարե շենքեր և հավաքովի երկաթբետոնյա շենքեր, ինչի հիմքով կառուցվեցին նոր թաղամասեր։

«Այդ կառուցապատման մեջ ակնհայտ դարձան բազմաթիվ թերություններ, հենց նման շենքերը փլուզվեցին Գյումրիում ու Սպիտակում։ Բայց քարի շենքերը ևս բազմաթիվ թերություններ ունեն»,-ասաց նա։

Նույն շարքից