Հիշում եմ և պահանջում 

«Թույլ և վախկոտ». Նորվեգիան չի ցանկանում բարկացնել Թուրքիային

analitik.am

Հարյուր տարի առաջ, ներկայիս Թուրքայում մեկ միլիոնից ավել հայեր են սպանվել: Քսաներկու երկիր ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, բայց Նորվերգիան` ոչ: Վարչապետ Էրնա Սուլբերգը հրավիրվել է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառմանը, սակայն ո՛չ նա կմասնակցի, և ո՛չ էլ նախարարները: Նորվեգական փորձագետները խիստ քննադատում են իրենց կառավարության որոշումը։



Ըստ Verdens Gang նորվեգական պարբերականի հոդվածագիր Բրունյար Շեռլիի՝ Նորվեգիան չի ցանկանում բարկացնել Թուրքիային:



«Թույլ և վախկոտ». այսպես է վերնագրել հեղինակն իր հոդվածը, որը ներկայացնում ենք ստորև.



«Հայոց ցեղասպանությունը» եզրույթն օգտագործվում է 1915-1920 թվականներին Օսմանյան կայսրությունում երիտթուրքական կառավարության կողմից հայերի նկատմամբ իրականացված զանգվածային կոտորածների և բռնագաղթի վերաբերյալ: Թուրքիան մինչ այժմ էլ ժխտում է ցեղասպանությունը:



Անցյալ տարի հոկտեմբերի 11–ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հրավեր էր ուղարկել Նորվեգիայի վարչապետ Էրնա Սուլբերգին` 2015թ. ապրիլի 24-ին ներկա գտնվելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված արարողությանը:



Սույն հրավերի հետ միաժամանակ Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը վարչապետի գրասենյակ է ուղարկում հետևյալ նամակը. «Հայտնի է, որ միջազգային անհամաձայնություն կա 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականցված ոճրագործությունները դասակարգելու որպես ցեղասպանություն: Նախարարությունը Նորվեգիայի մասնակցության մասին իր կարծիքն ավելի ուշ կներկայացնի»:



Փետրվարի 16-ին Արտաքին գործերի նախարարությունը նամակ է ուղարկել Մոսկվայում Նորվեգիայի դեսպանին` նրան ուղարկելով Հայաստանի Հանրապետության նախագահի հրավերը. «Նորվեգիայի դեսպանությանը խնդրվում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը տեղեկացնել, որ միջոցառմանը Նորվեգիան կներկայացնի դեսպան Նամտվեդտը: Վերը նշվածը համաձայնեցված է վարչապետի գրասենյակի հետ»:



Հետևաբար, Նորվեգիան չի ներկայացնի ո՛չ վարչապետը, ո՛չ արտաքին գործերի նախարարը, ո՛չ նախարարներից որևէ մեկը, և ո՛չ էլ պետքարտուղարը` 1,5 միլիոն սպանված հայերի հիշատակին նվիրված միջոցառմանը: Արտաքին գործերի նախարարությունը հաստատում է, որ միայն Մոսկվայում Նորվեգիայի արտակարգ և լիազոր դեսպան Լեյդուլվ Նամտվեդտն է ներկայացնելու Նորվեգիան: Նա նաև Հայաստանում Նորվեգիայի արտակարգ և լիազոր դեսպանն է:



Միաժամանակ Նորվեգիան չի ցանկանում օգտագործել «Ցեղասպանություն» տերմինը զանգվածային կոտորածների վերաբերյալ:



«Այսպես է Նորվեգիան հոգում իր շահերի մասին: Սաուդիան Արաբիայի և Չինաստանի հետ հարաբերություներում էլ նույն ձևով է հանդես գալիս»,- ասում է պատմաբան Բորդ Լարսենը:



«Սա մեր պատմության ամենամեծ ողբերգություններից մեկն է, անվանել այն ցեղասպանություն, թե՝ ոչ: Նորվեգիան պետք է ավելի ծանրակշիռ մասնակցություն ապահովեր, քան դեսպանի մասնակցությունը: Մնացածը շատ աննշան քայլ է Նորվեգայի կառավարության կողմից, որը ես նույնիսկ կցանկանամ անվանել` վախկոտ»,- ասում է խոսքի ազատության ակտիվիստ և թուրքագետ Յուջին Շուլգինը:



«Տարօրինակ է, որ ավելի բարձրաստիճան պաշտոնյայով Նորվեգիան չի ներկայանում»,- ասում է լրագրող, գրող և NRK-ի վետերան (փորձագետ) Յան Օտտո Յոհանսենը, ով վերջերս գրել է Հայերի ցեղասպանության մասին գիրքը:



«Սա արվում է՝ ելնելով մեր երկրի շահերից և հաստատում, որ Նորվեգիան անում է այն, ինչ մշտապես արել է՝ չի ցանկանում բարկացնել Թուրքիային»,- ասում է պատմաբան Բորդ Լարսենը: Նա կարծում է, որ Նորվերգիայի որոշումը կապված է «Ռեալ պոլիտիկի» հետ:



«Սա քաղաքական մեծ խաղ է, որտեղ կողմերը իրենց շահերն են պաշտպանում: Նորվեգիայի և այլ երկրների միջև եղած տարբերությունը կայանում է նրանում, որ Նորվեգիան քողարկում է իր շահերը «ցինիկ» կերպով՝ չերևալու համար,-ասում է նա,-բավական է միայն նայել հետևյալ երկու օրինակներին. Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունը, երբ Նորվեգիայի թագաժառանգը մեկնում է մասնակցելու թագավոր Աբդուլայի հուղարկավորությանը: Մենք զբաղվում ենք մեծ քանակությամբ զենքի արտահանմամբ և միևնույն ժամանակ Նորվեգիան նրանց կոչ է անում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ աշխատանքներ տանել: Նույն էլ տեղի է ունենում, երբ Դալայ-Լաման ժամանում է Նորվեգիա: Այս երկուսը վառ օրինակներ են: Սա մի բան է, որ բնորոշում է ներկայիս կառավարությանը, դա Նորվեգիայի վարած արտաքին քաղաքականությունն է»։



Քսաներկու երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, որոնց մեջ են` Բելգիան, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրիան, Իտալիան, Նիդեռլանդները, Շվեդիան և Շվեյցարիան:



«Զարմանալի է, որ այս առիթը չի օգտագործվում ընդունելու այս ողբերգությունը որպես ցեղասպանություն,- ասում է նորվեգական ՓԵՆ(PEN) ասոցիացիայի նախագահ Վիլյամ Նիգորդը,-ես հետևյալ հարցն եմ տալիս՝ արդյո՞ք պատճառը ֆինանսական հիմնավորում ունի, եթե այդպես է, ուրեմն սա կրկնակի ողբերգություն է»։



Յան Օտտո Յոհանսենը համարում է, որ հայերի հետ տեղի ունեցածը նորագույն ժամանակների առաջին ցեղասպանությունն էր և այն ինչ այժմ տեղի է ունենում Սիրիայում և Իրաքում՝  վերջինը: Սկզբունքային գնահատական Սա Նորվեգիայի պաշտոնական դիրքորոշումն է Հայոց ցեղասպանության վերաբերյալ : Նորվեգական կառավարությունը դիրքորոշում չունի, որ տեղի ունեցածը համապատասխանում է այն չափանիշներին, որպեսզի կատարվածը դասակարգվի որպես ցեղասպանություն: Այս ողբերգական իրադարձությունների մեկնաբանությունները հարկավոր է թողնել պատմաբաններին, քան՝ քաղաքական գործիչներին: «Ցեղասպանություն» եզրույթն ամրագրված է 1948 թվականի ՄԱԿ-ի կողմից ընդունված կոնվենցիայում: Սկզբունքորեն խնդրահարույց է եզրույթը գործածել այն իրադարձությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել մինչ կոնվենցիայի ընդունումը:



«Սա հատուկ պատճառաբանություն է: Եթե այս տրամաբանությանը հետևենք, ապա հոլոքոսթն էլ՝ ցեղասպանություն չէ: Բոլորս էլ հասկանում ենք, որ սա դատարկ պատճառաբանություն է,- ասում է Բորդ Լարսենը և ավելացնում, -այն տեսակետը, թե սա միայն պատմական և տեսական խնդիր է, պարզապես սխալ է: Նրանք, ովքեր հետևել են վերջին տարիների քննարկումներին, նկատել են, որ այս հարցը հզոր միջազգային քաղաքական հետաքրքրություն ունի: Նորվեգիայի նման դիրքորոշումը նրան մասնակից է դարձնում պատմությունը խեղաթյուրելու գործին»:



«Նրանք, ովքեր ձևապաշտ են և ասում են, որ չի կարելի ցեղասպանություն տերմինն օգտագործել հայերի, գնչուների կամ հրեաների հետ կատարվածի նկատմամբ, իրականում նրանք ոչինչ չեն հասկացել, թե այս ամենն ինչի մասին է: Սա փորձ է Նորվեգական հանրության կարծիքը ձևականությունների մեջ պարուրելու ուղղությամբ, մինչդեռ իրականությունը Թուրքիայի հետ ունեցած կարծր տնտեսական շահերն են»,- ասում է Օտտո Յոհանսենը:



Նա ենթադրում է, որ Նորվեգիայի շահերն Ադրբեջանի հետ, որը Հայաստանի գլխավոր թշնամին է, նույնպես պատճառ են հանդիսանում Նորվեգիայի կողմից ցուցաբերվող վերաբերմունքի հարցում:



Կրագերո քաղաքի քաղաքապետ Կորե Փրեբեն Հեգլանդն ընդունել է Հայաստանի մայրաքաղաք Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը մասնակցելու հրավերը:



Կրագերոյում ապրած Բոդիլ Բյորնը վկա է եղել տեղի ունեցած իրադարձություններին, և այդ պատճառով էլ Կրագերոյի և Հայաստանի միջև հատուկ հարաբերություններ են հաստատվել:



«Մենք բազմիցս դիմել ենք կառավարություններին և Խորհրդարանին ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, սակայն նրանք չեն ցանկացել անդրադառնալ այդ հարցին: Սա Նորվեգիայի կողմից ցուցաբերած բավականին վախկոտ վերաբերմունք է»,- ասում է Հեգլանդը:

Նույն շարքից