Մշակույթ 

Օրվա ծնունդը. Ավետ Ավետիսյան

analitik.am
Ավետ Ավետիսյանը (իսկական ազգանունը՝ Ոսկանյան) մինչև հինգերորդ դասարանը սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, ապա կտորեղենի խանութում եղել է աշակերտ և գործակատար: Առևտրական աշխարհում նա ծանոթացել է այն հերոսներին ու բարքերին, որոնք տարիներ անց պիտի ներկայացներ բեմում:


1918 թ-ին մեկնել է Բաքու, ընդունվել Հովհաննես Աբելյանի թատերախումբ. առաջին դերը Ոսկանն էր՝ Շիրվանզադեի «Չար ոգի» պիեսում: 1919–21 թթ-ին` Թիֆլիսի հայոց դրամատիկական թատերախմբում, Ղարաքիլիսայում (այժմ՝ Վանաձոր)՝ Ամո Խարազյանի և այլ շրջիկ թատերախմբերում Ավետիսյանը մարմնավորել է իրեն ծանոթ ու հարազատ դերեր, որոնցով ձևավորվել և հասունացել է նրա արվեստը: 1922 թ-ին Ավետիսյանն ընդունվել է Երևանի նորաստեղծ Առաջին պետթատրոն (այժմ՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն): Նրա խաղացանկն ընդգրկել է հայ, ռուս և արևմտաեվրոպական հեղինակների պիեսներ: 1920-ական թվականներին հայ դրամատուրգիայում Ավետիսյանը հայտնի է դարձել Սաքոյի, Զամբախովի (Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար», Գ. Սունդուկյանի «Խաթաբալա») դերերով:


Ժամանակի հայ թատրոնում լինելով Գ. Սունդուկյանի կերպարների խոշորագույն մեկնաբաններից`  դերասանը նրանց ներկայացրել է երգիծական շեշտված գծերով: Հիշարժան են Զամբախովի և Փարսիղի, Սարգսի դերակատարումները «Խաթաբալայում», «Քանդած օջախում» և «Էլի մեկ զոհում»: Բեմական անձնավորման լավագույն օրինակներ են Ավետիսյանի Միկիտան Սաքոն (Պերճ Պռոշյանի «Հացի խնդիր»), Շպրիխը (Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես»), Յագոն (Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո»), Սաղաթելը, Մարութխանյանը (Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար», «Քաոս»):


Պարզ, ցայտուն, տպավորիչ արտահայտչաձևերով, հստակ ու հատու բեմական խոսքով նա իր անձնավորած կերպարներին հաղորդել է հավաստի, ճշմարտացի նկարագիր: Ավետիսյանի վերջին դերակատարումը թատրոնում ծերունի Անտոնիոն էր՝ Էդուարդո դե Ֆիլիպոյի «Շաբաթ, կիրակի, երկուշաբթի» պիեսում:


Ավետիսյանը նկարահանվել է   հայկական 28 կինոնկարում: Հիշարժան կինոդերերից են Հայրապետը («Նամուս», 1925 թ.), Բազազ Արտեմը («Գիքոր», 1934 թ.), Զիմզիմովը («Պեպո», 1935 թ.), Սպարապետը («Զանգեզուր», 1938 թ.), Սաղաթելը («Պատվի համար», 1956 թ.), Ավետ աղան («Սայաթ-Նովա», 1960

Ա. Ավետիսյանը Սաղաթելի (Ա. Շիրվանզադեի «Պատվի համար») դերում

թ.), Մինթոևը («Մորգանի խնամին», 1970 թ.) և այլն:

Նույն շարքից