Առողջապահություն 

2015թ. հունվարի 1-ից ԼՂՀ-ում կմեկնարկի սրտի անհետաձգելի վիրահատության՝ ստենտավորման ծրագիրը

analitik.am

ԼՂՀ առողջապահության նախարարությունը մշակել  և արդեն հաստատել է սրտի անհետաձգելի վիրահատությունների նոր ծրագիր` սրտամկանի սուր ինֆարկտ ախտորոշված հիվանդների համար:

Այս մասին հաղորդագրությունը տարածել է ԼՂՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը:

ԼՂՀ առողջապահության նախարարի «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատության (ոչ դեղապատ ստենտի տեղադրում ծառայության) կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին» հրամանի համաձայն սրտի անհետաձգելի ներանոթային վիրահատության կարիք ունեցողներին ոչ դեղապատ մեկ ստենտը կտեղադրվի անվճար: Այն տարածվելու է սրտամկանի սուր ինֆարկտ ախտորոշված (ST-էլեվացիայով) ԼՂՀ քաղաքացիների վրա անկախ սոցիալական պատկանելությունից, բացառությամբ այն քաղաքացիների, որոնք օգտվում են պետական այլ ծրագրերից:

Ծրագրի իրականացման համար պետական բյուջեից հատկացվել է շուրջ 179 մլն դրամ, ինչի շնորհիվ սուր ինֆարկտի ժամանակ (ST-էլեվացիայով) մոտ 80 հիվանդ կստենտավորվի ամբողջովին անվճար, իսկ պլանային հետազոտությունների` կորոնարոգրաֆիայի և պլանային վիրահատությունների արժեքի 70 տոկոսը ևս կֆինանսավորի պետությունը:

Ծրագիրը մեկնարկելու է  2015 թվականի հունվարի 1-ից:

Ծրագրի արդյունավետությունն ապահովելու համար իրականացման ընթացքում ի հայտ եկող բոլոր կազմակերպչական խնդիրները կլուծվեն ԼՂՀ առողջապահության նախարարության և Հանրապետական բժշկական կենտրոնի համապատասխան մասնագետների անմիջական աջակցությամբ:

ԼՂՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից մշտապես կկազմակերպվեն բժշկական օգնության և սպասարկման որակի և ծրագրի արդյունավետությունը գնահատելու նպատակով մշտադիտարկումներ:

Հիշեցնենք, որ 2014 թվականի նոյեմբերի 15-ին ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի բազայի վրա բացվել է Անգիոգրաֆիայի կենտրոնն, ինչը Արցախի բնակչությանը հնարավորություն է ընձեռել սրտի կորոնոգրաֆիան և  ներանոթային վիրահատությունները կատարել տեղում:

Մինչ այդ սրտի ինվազիվ միջամտությունների կարիք ունեցողները հիմնականում վիրահատվում էին Հայաստանում:

Նույն շարքից