Առողջապահություն 

Սպանաղի բուժական հատկությունները

analitik.am

 

Սպանախը միամյա խոտաբույս է։ Բնության մեջ աճում է Այսրկովկասում, Թուրքմենիայում, Աֆղանստանում։ Հնագույն ժամանակներից մշակվել է մեր հայրենիքում։ Հիշատակվում է «Նաբաթեայի հողագործությունը» ձեռագրում, որը գրվել է 4-րդ դարում ժամանակակից Սիրիայի տարածքում։ Արաբական արշավանքների շրջանում բույսը սկսել են մշակել Հյուսիսային Աֆրիկայում և Իսպանիայում։ 13-րդ դարում հայտնվել է Արևմտյան Եվրոպայում. Գերմանիա, Ֆրանսիա, Անգլիա։ Առաջին եվրոպացիների հետ բույսը կտրեց, անցավ Ատլանտյան օվկիանոսը։ Սպանախը շատ մեծ ծավալներով է մշակվում ԱՄՆ-ում։ Արևմտյան երկրներում խանութներում վաճառվում են «սպանախի հաց» և կանաչ գույնի «մակարոնեղեն»։ Արաբ բժշկապետերը, որոնց մեջ բարձր դիրքեր են զբաղեցրել ազգությամբ հայ բժիշկները, բարձր են գնահատել սպանախի սննդարար և բուժիչ հատկությունները, անվանել են` «տերևաբանջարների թագավոր»։ Գրավոր տեղեկություններ է թողել Ա. Ամասիացին։ ՀՀ-ում մշակվում են սպանախի տեղական, նաև ռոստովյան, հոլանդական, Վիկտորյա և այլ տեսակներ։ Քիմիական բաղադրությունը Սպանախն աչքի է ընկնում ցածր կալորիականությամբ (ընդամենը` 23 կկալ) և բարձր սննդային արժեքով` տերևում պարունակվում է 3,4% սպիտակուց, 0,39 % ճարպ, մինչև 1,4% ածխաջրեր, 2,2 % բջջանք, 91% ջուր։ Պարունակում է մոտ 100 տեսակի օգտակար նյութեր, գրեթե բոլոր կենսահյութերը, մակրո և միկրոտարրեր, ֆլավոններ, օրգանիզմում չգոյացող բոլոր ամինաթթուները։ 100 գ տերևում պարունակվում է օրգանիզմին անհրաժեշտ 1-օրյա A վիտամինի 52 %, ֆոլիաթթվի 50 %, C վիտամինի 33 %, K վիտամինի 400 %, E վիտամինի 15 %, պիրիդոքսինի (B6) 10%, ռիբոֆլավինի (B2) 10 %, նիկոտինաթթվի (B3) 5%-10%, Կալիումի 25-33%, մագնիումի 20%, մարգանեցի 45 %, յոդի 9%, նաև պանտոտենաթթու (B6)-0,3 մգ (100 գ հումքի մեջ), բիոտին (H)-0,1 մգ, վիտամին D2, երկաթ-2,7-3,5 մգ, կալցիում-մոտ100 մգ, պղինձ, ցինկ, սելեն, քլորոֆիլ և այլն։ Սպանախում պարունակվող A և C վիտամինները կայուն են ջերմային մշակման հանդեպ, իսկ ֆոլիաթթուն քայքայվում է։ Ֆոլիաթթուն առաջին անգամ առանձնացվել է սպանախից։ Նման հարուստ քիմիական բաղադրություն քիչ մթերքներ ունեն։ Բացառիկ բուժիչ հատկությունները Բացի A, C, E վիտամիններից, սելենից, ցինկից, սպանախը հարուստ է հակաօքսիդանտ հատկություններ ունեցող ֆլավոնային նյութերով։ Պարունակում է ապիգենին` նյութ, որը ներդրվում է քաղցկեղի բջիջների մեջ և տրոհում դրանք։ Լյուտեին` նյութ, որը կանխարգելում է կատարակտի զարգացումը, տեսողության տարիքային անկումը։ Պարունակում է նյութեր, որոնք կարգավորում են թքագեղձերի և ենթաստամոքսային գեղձի աշխատանքը, ինչի շնորհիվ լավ է յուրացվում սննդամթերքը։ 

Մարգանեցը կարևոր է նյարդային և շարժողական համակարգերի, ուղեղի նյութափոխանակության գործընթացների և ինտելեկտի զարգացման համար, անհրաժեշտ է մի շարք ֆերմենտների գոյացման համար։ Սպանախը դանդաղեցնում է ուղեղի ծերացումը, կարգավորում է խոլեստերինի մակարդակը։ D2 վիտամինն ունի հակառախիտային հատկություն. Ընդհանրապես սպանախը շատ օգտակար է երեխաներին` ապահովում է բոլոր օրգանների համաչափ զարգացումը և աճը։ Սպանախը կարգավորում է զարկերակային ճնշումը, օգտակար է սրտին, ամրացնում է արյունատար մազանոթները։ 

 

 

 

Նույն շարքից