Գլխավոր Հասարակություն 

Անի Հովհաննիսյանի գործին ծանոթ չեմ, բայց մեր պետական ինստիտուտները պետք է պաշտպանեն հենց ՀՀ քաղաքացուն. Ստեփան Գրիգորյան

analitik.am

Այն ընթացքում, երբ իմ մուտքը Ռուսաստան արգելվեց ռուսական մամուլում տարբեր հոդվածներ հայտնվեցին Հայաստանում գործող այն կազմակերպությունների դեմ, որոնք աշխատում են Եվրոպայի հետ և հայցեր ներկայացվեցին Ստեփան Սաֆարյանի դեմ: Այս բոլորը ժամանակային առումով համընկան: Analitik.am-ի թղթակցի հետ նման հայտարարություն արեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյան՝ հավելելով, որ Հայաստանում տարբեր ոլորտներում, այդ թվում նաև իրավական դաշտում ռուսական ազդեցությունն օրեցօր մեծանում է:

 -Պարոն Գրիգորյանը, ակնհայտ է, որ Ռուսաստանը լուրջ ազդեցություն ունի Հայաստանում քաղաքական որոշումների վրա: Կարելի՞ է ենթադրել, որ այդ ազդեցությունը չի սահմանափակվում  միայն քաղաքական դաշտով: Ես նկատի ունեմ կոնկրետ իրավական դաշտը: Որպեսզի ասածս ավելի պարզ լինի, բերեմ մեկ օրինակ. Analitik.am-ի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանը, ով արդեն 7 ամսից ավել գտնվում է անազատության մեջ, բազմիցս հայտարարել է, որ իրեն բանտում պահում են Հայաստանում Ռուսաստանի դեսպանի նախաձեռնությամբ, քանի որ ինքը համարձակություն է ունեցել խոսել ռուսական ՎՏԲ բանկում ադրբեջանական կապիտալի մասին և դուրս է եկել այդ բանկի դեմ: Հնարավոր համարո՞ւմ եք, որ Մոսկվան կարողանա այդ աստիճանի ուղիղ ազդեցություն ունենալ Հայաստանի իրավապահ դաշտի վրա:

-Ամեն առանձին դեպք պետք է առանձին ուսումնասիրել, բայց որ ռուսական ազդեցությունը տարբեր ոլորտներում աճում է, ակնհայտ է: Այս համատեքստում ցանկանում եմ հիշեցնել «Իրազեկ քաղաքացիներ» կազմակերպությանը տրված մեր ԱԱԾ-ի պաշտոնական պատասխանի մասին, որի համաձայն տարբեր երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների տվյալները փոխանցվում են Ռուսաստանի հատուկ ծառայություններին: Դա բացատրվում է նրանով, որ մենք 1992 թվականին Ռուսաստանի հետ համաձայնագիր ենք ստորագրել  սահմանների պաշտպանության մասին: Ես դեմ չեմ, որ իմ տվյալները լինեն մեր ԱԱԾ-ի մոտ, սակայն չեմ ցանկանում, որ դրանք հասանելի լինեն Ռուսաստանին, քանի որ չեմ հավատում այդ երկրին: Ռուսաստանն օտար երկիր է, և ես չգիտեմ, թե նրանք ինչպես են օգտագործելու ինֆորմացիան, թե ես որ երկրում եմ լինում, ինչ կոնֆերանսների եմ մասնակցում: Այսինքն օրեցօր Ռուսաստանի ազդցությունն աճում է այդ թվում նաև իրավապահ ոլորտում, ինչը մտահոգիչ է:

Ինչ վերաբերում է կոնկրետ Անի Հովհաննիսյանի գործին, ապա ես մանրամասներին ծանոթ չեմ, բայց ամեն դեպքում մեր պետական ինստիտուտները պետք է պաշտպանեն հենց ՀՀ քաղաքացուն:

-Մի քանի ամիս առաջ Ձեր մուտքը Ռուսաստան արգելվեց: Ի՞նչ զարգացումներ կան այդ հարցում:

-Երբ ինձ արգելեցին մուտք գործել Ռուսաստան, մեր ԱԳՆ-ն հարցում է ուղարկեց այդ երկրին՝ պարզելու համար, թե ինչ պատճառներով են իմ մուտքն արգելել: Ես դա շատ եմ գնահատում, քանի որ մեր իշխանությունները պետք է պաշտպանեն  ՀՀ քաղաքացուն: Հարցման պատասխանը եղավ հոկտեմբերի սկզբին: Պատասխանում նշված էր, որ իմ մուտքն արգելելու մասով որոշումը չի վերանայվելու, քանի որ ես ու իմ գործունեությունը սպառնալիք ենք  Ռուսաստանի համար: Դրա պատճառն այն է, որ ես պայքարում եմ ժողովրդավարության համար, աշխատում եմ եվրոպական ինստիտուտների հետ:

Այստեղ  մեր պետությունը սովորելու բան ունի Ռուսաստանից: Հայաստանի Հանրապետությունը պետք է պաշտպանի իր քաղաքացիների շահերը, ինչպես անում է Ռուսաստանն իր քաղաքացիների մասով՝ անկախ նրանից, թե որտեղ է գտնվում այդ քաղաքացին: Հայաստանն անկախ, ինքնիշխան պետություն է և պետք է օգտվի իր իրավունքներից:

-Գիտե՞ք, մի քանի օր առաջ մեզ հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն ասաց, որ այսօր «Ալյանս» կուսակցությունը և Տիգրան Ուրիխանյանն իր դեմ 4 դատական գործ են հարուցել և վստահորեն պնդեց, որ դա կապ ունի Ռուսաստանի վարած քաղաքականության մասով իր կողմից տրված գնահատականների հետ: Նա նշեց, որ իր գնահատականներից հետո կամ դատական հայցեր են ներկայացվում, կամ պատվիրված հոդվածներ են լինում, որոնք պարունակում են անձնական վիրավորանք: Նկատի ունենալով Ձեր գործունեությունը՝ ցանկանում եմ հարցնել՝ Ձեր դեմ վերոնշյալ գործիչը կամ կուսակցությունը հայցեր չեն ներկայացրե՞լ:

-Ոչ, իմ դեմ հայց չի ներկայացվել...Սա իրականում շատ լուրջ հարց: Ամեն դեպք ունի իր նրբությունները: Ես չեմ կարող կոնկրետ ինչ-որ բան ասել  Ստեփան Սաֆարյանի գործերի մասին, բայց կարող եմ ասել, որ բոլոր գործերում մեկ ընդհանուր բան կա՝ դրանք ժամանակային առումով համընկնում են: Այն ընթացքում, երբ իմ մուտքը Ռուսաստան արգելվեց, ռուսական մամուլում տարբեր հոդվածներ հայտնվեցին Հայաստանում գործող ավելի քան 10-12 հայտնի կազմակերպությունների դեմ: Խոսքը վերաբերում է այն կազմակերպություններին, որոնք աշխատում են Եվրոպայի հետ և պայքարում են ժողովրդավարության համար:

Այսինքն ստացվում է, որ կոնկրետ ժամանակահատվածում արգելվեց իմ մուտքը Ռուսաստան, հայցեր ներկայացվեցին Ստեփան Սաֆարյանի դեմ, հոդվածներ եղան մի շարք կազմակերպությունների դեմ: Դա պատահական լինել չի կարող:

Սա իրականում մտահոգիչ է: Մենք կարող են ունենալ տարբեր հայացքներ, բայց մեր իշխանությունը պարտավոր է պաշտպանել մեր շահերը, քանի որ մենք այս երկրի քաղաքացիներն ենք:

 Մանրամասն Analitik.am

Նույն շարքից