Ինչպե՞ս կվերաբերվի Ռուսաստանը Իրանի նախագահի հայաստանյան այցից հետո հայ-իրանական հարաբերությունների հնարավոր զարգացմանը և ինչո՞ւ պետք է Իրանը ցանկանա ուժեղ Հայաստան տեսնել: Այս հարցերի մասին Analitik.am-ի թղթակիցը զրուցել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի հետ:
-Պարոն Գրիգորյան, ի՞նչ կտա Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հայաստանյան այցը հայ-իրանական հարաբերություններին:
-Ամենաբարձր մակարդակի ցանկացած այցելություն միշտ արդյունք է տալիս: Արդեն իսկ այն փաստը, որ Իրանի նման երկրի նախագահը ժամանում է Հայաստան, կարևոր է: Իրանը լուրջ երկիր է ոչ միայն տարածարջանում, այլ նաև ամբողջ աշխարհում: Այդ երկրի հետ հաշվի են նստում ամենահզորները, հակառակ դեպքում ԱՄՆ-ը և Եվրամիությունը պատժամիջոցներ չէին կիրառի նրա դեմ: Բարեբախտաբար այդ պատժամիջոցների մեծ մասը հիմա հանված է, և Իրանն ավելի կարևոր դերակատարում կունենա:
Ինչ վերաբերում է հայ-իրանական հարաբերություններին, ապա հաշվի առնելով մեր երկու ժողովուրդների միջև պատմական կապերը, կարելի է ասել, որ այս այցը նոր թափ կհաղորդի մեր համագործակցությանը: Դա վերաբերում է առևտրին, էներգետիկ ոլորտին և այլն: Այսինքն այս այցը, անկախ մեր կամքից, լուրջ խթան է հանդիսանալու:
Բայց եթե մենք ցանկանում ենք ավելի մեծ օգուտ քաղել, կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի: Պետք է մտածել լուրջ ծրագրեր իրականացնելու մասին, այդ թվում նաև ռազմական ոլորտում: Հնարավորությունը կա, ուղղակի պետք է օգտվել դրանից:
-Ի՞նչ եք կարծում, հայ-իրանական հարաբերությունների նոր թափով զարգանալը չի հարուցի՞ մեր հյուսիսային դաշնակից Ռուսաստանի դժգոհությունը: Եթե այդպես լինի հնարավոր են նույնիսկ կոնկրետ քայլեր:
-Մենք պարտավոր ենք Ռուսաստանի հետ աշխատել, հուսով եմ դա բոլորն են հասկանում: Բայց կա մի հանգամանք, որի մասին ցավով եմ խոսում: Մենք Ռուսաստանին տվեցինք շատ ոլորտներ: Կարելի է հիշել օրինակ էներգետիկ ոլորտի մասին, որտեղ Ռուսաստանին տվեցինք նույնիսկ այն գազամուղերը, որոնք կառուցել էր Իրանը: Սա նշանակում է, որ գազի ոլորտում մենք մեր հնարավորությունները սահմանափակել ենք: Եթե նույնիսկ ենթադրենք, որ Իրանի հետ պայմանավորվածություն կլինի Հայաստանի տարածքով իրանական գազը Վրաստան տեղափոխելու մասով, մենք պարտավոր ենք այդ հարցը համաձայնեցնել Գազպրոմի հետ, որին պատկանում են խողովակները: Նույնը վերաբերում է այլ ոլորտներին: Մենք մեր սխալ քաղաքականությամբ սահմանափակել ենք մեր հնարավորությունները և Իրանի հետ հարաբերությունները զարգացնելիս ստիպված ենք հաշվի առնել ինչ-ինչ հանգամանքներ:
Բացի դրանից, պետք չէ մոռանալ, որ մենք ԵՏՄ անդամ ենք: Դա նշանակում է, որ Հայաստանը չի կարող ազատ առևտրի գոտի ստեղծել Իրանի հետ: Պարզ օրինակ բերեմ՝ եթե մենք ցանկանում ենք Իրանի հետ առևտուր անել կոնկրետ պայմաններով, պետք է համոզենք Իրանին, որ այդ երկիրը նույն պայմաններով առևտուր անի ամբողջ ԵՏՄ-ի հետ, այլ ուղի չկա:
Հիմա կարևոր է հասկանալ՝ մինչև Ռոհանիի այցը Հայաստանի իշխանություններն ինչ-որ բաներ քննարկե՞լ են Ռուսաստանի հետ, թե՝ ոչ, ինչ-որ հարցեր համաձայնեցվե՞լ են, թե՝ ոչ:
-Կա տեսակետ, որ Ռոհանիի այցը ավելի մեծ կարևորություն է ստանում ադրեջանա-իսրայելական հարաբերություններ մտերմացման ֆոնի վրա: Սա հակառակ կողմ չունի՞: Այսինքն հնարավո՞ր չէ, որ այս այցը վատացնի առանց այդ էլ ոչ լավ վիճակում գտնվող հայ-իսրայելական հարաբերությունները:
-Ճիշտն ասած ես չեմ հակադրում այդ հարաբերությունները: Այն փաստը, որ Ռոհանին Հայաստան եկավ, մեծ արձագանք կստանա: Կարծում եմ՝ հիմա Հայաստանն ԱՄՆ-ի և Եվրոպայի համար ավելի հետաքրքիր կդառնա: Բանն այն է, որ եվրոպական և ամերիկյան շատ ընկերություններ չեն կարողանա աշխատել Իրանի հետ, քանի որ կա մենտալիտետի խնդիր և այլն: Այդ ընկերությունները կնախընտրեն Իրանի հետ աշխատել Հայաստանի միջոցով, քանի որ մենք այդ խնդիրը չունենք: Մենք պետք է կարողանանք սա օգտագործել:
Պետք է ասեմ նաև, որ Իրանը կցանկանա տեսնել ուժեղ Հայաստան, քանի որ կա Ադրբեջան, որի հետ խնդիրներ ունի: Իրանն այսօր աշխատում է Ադրբեջանի հետ, բայց սահմաններ կան, քանի որ Ադրբեջանը սերտ համագործակցություն ունի Իսրայելի հետ: Բացի դրանից, պետք չէ մոռանալ Թուրքիա-Ադրբեջան ալյանսի մասին, որը ևս մտահոգում է Իրանին: Դա է պատճատը, որ Իրանը թույլ չի տա Ադրբեջանին շատ առաջ անցնել Հայաստանից:
Ինչ վերաբերում է հայ-իսրայելական հարաբերություններին, ապա մենք շատ ոլորտներում ունենք հակասություններ, որոնք անհնար են դարձնում այդ հարաբերությունները լավացնել: Բավական է նշել այն փաստը, որ արաբական շատ երկրներում կան հայկական մեծ համայնքներ, որոնք ազդեցիկ են և աշխատում են այդ երկրների իշխանությունների հետ, այսինքն՝ Իսրայելի դեմ: Դրա պատճառով Իսրայելն ավտոմատ զգուշավորություն է դրսևորում Հայաստանի հետ հարաբերություններում:
Վերոնշյալը հաշվի առնելով՝ պետք չէ մտածել, որ Ռոհանիի այցից հետո մենք ինչ-որ բան կկորցնենք հայ-իսրայելական հարաբերություններում:
-Պարոն Գրիգորյանը, եկեք վերադառնանք հայ-ռուսական հարաբերություններին: Ակնհայտ է, որ Ռուսաստանը լուրջ ազդեցություն ունի Հայաստանում քաղաքական որոշումների վրա: Կարելի՞ է ենթադրել, որ այդ ազդեցությունը չի սահմանափակվում միայն քաղաքական դաշտով: Ես նկատի ունեմ կոնկրետ իրավական դաշտը: Որպեսզի ասածս ավելի պարզ լինի բերեմ մեկ օրինակ. Analitik.am-ի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանը, ով արդեն 7 ամսից ավել գտնվում է անազատության մեջ, բազմիցս հայտարարել է, որ իրեն այնտեղ պահում են Հայաստանում Ռուսաստանի դեսպանի նախաձեռնությամբ, քանի որ ինքը համարձակություն է ունեցել խոսել ռուսական ՎՏԲ բանկում ադրբեջանական կապիտալի մասին և դուրս է եկել այդ բանկի դեմ: Հնարավոր համարո՞ւմ եք, որ Մոսկվան կարողանա այդ աստիճանի ուղիղ ազդեցություն ունենալ Հայաստանի իրավական դաշտի վրա:
-Ամեն առանձին դեպք պետք է առանձին ուսումնասիրել, բայց որ ռուսական ազդեցությունը տարբեր ոլորտներում աճում է, ակնհայտ է: Այս համատեքստում ցանկանում եմ հիշեցնել «Իրազեկ քաղաքացիներ» կազմակերպությանը տրված մեր ԱԱԾ-ի պաշտոնական պատասխանի մասին, որի համաձայն տարբեր երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների տվյալները փոխանցվում են Ռուսաստանի հատուկ ծառայություններին: Դա բացատրվում է նրանով, որ մենք 1992 թվականին Ռուսաստանի հետ համաձայնագիր ենք ստորագրել սահմանների պաշտպանության մասին: Ես դեմ չեմ, որ իմ տվյալները լինեն մեր ԱԱԾ-ի մոտ, սակայն չեմ ցանկանում, որ դրանք հասանելի լինեն Ռուսաստանին, քանի որ չեմ հավատում այդ երկրին: Ռուսաստանն օտար երկիր է, և ես չգիտեմ, թե նրանք ինչպես են օգտագործելու ինֆորմացիան, թե ես որ երկրում եմ լինում, ինչ կոնֆերանսների եմ մասնակցում: Այսինքն օրեցօր Ռուսաստանի ազդցությունն աճում է այդ թվում նաև իրավապահ ոլորտում, ինչը մտահոգիչ է:
Ինչ վերաբերում է կոնկրետ Անի Հովհաննիսյանի գործին, ապա ես մանրամասներին ծանոթ չեմ, բայց ամեն դեպքում մեր պետական ինստիտուտները պետք է պաշտպանեն հենց ՀՀ քաղաքացուն:
-Մի քանի ամիս առաջ Ձեր մուտքը Ռուսաստան արգելվեց: Ի՞նչ զարգացումներ կան այդ հարցում:
-Երբ ինձ արգելեցին մուտք գործել Ռուսաստան, մեր ԱԳՆ-ն հարցում է ուղարկեց այդ երկրին՝ պարզելու համար, թե ինչ պատճառներով են իմ մուտքն արգելել: Ես դա շատ եմ գնահատում, քանի որ մեր իշխանությունները պետք է պաշտպանեն ՀՀ քաղաքացուն: Հարցման պատասխանը եղավ հոկտեմբերի սկզբին: Պատասխանում նշված էր, որ իմ մուտքն արգելելու մասով որոշումը չի վերանայվելու, քանի որ ես ու իմ գործունեությունը սպառնալիք ենք Ռուսաստանի համար: Դրա պատճառն այն է, որ ես պայքարում եմ ժողովրդավարության համար, աշխատում եմ եվրոպական ինստիտուտների հետ:
Այստեղ մեր պետությունը սովորելու բան ունի Ռուսաստանից: Հայաստանի Հանրապետությունը պետք է պաշտպանի իր քաղաքացիների շահերը, ինչպես անում է Ռուսաստանն իր քաղաքացիների մասով՝ անկախ նրանից, թե որտեղ է գտնվում այդ քաղաքացին: Հայաստանն անկախ, ինքնիշխան պետություն է և պետք է օգտվի իր իրավունքներից:
–Գիտե՞ք, մի քանի օր առաջ մեզ հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն ասաց, որ այսօր «Ալյանս» կուսակցությունը և Տիգրան Ուրիխանյանն իր դեմ 4 դատական գործ են հարուցել և վստահորեն պնդեց, որ դա կապ ունի Ռուսաստանի վարած քաղաքականության մասով իր կողմից տրված գնահատականների հետ: Նա նշեց, որ իր գնահատականներից հետո կամ դատական հայցեր են ներկայացվում, կամ պատվիրված հոդվածներ են լինում, որոնք պարունակում են անձնական վիրավորանք: Նկատի ունենալով Ձեր գործունեությունը՝ ցանկանում եմ հարցնել՝ Ձեր դեմ վերոնշյալ գործիչը կամ կուսակցությունը հայցեր չեն ներկայացրե՞լ:
-Ոչ, իմ դեմ հայց չի ներկայացվել…Սա իրականում շատ լուրջ հարց: Ամեն դեպք ունի իր նրբությունները: Ես չեմ կարող կոնկրետ ինչ-որ բան ասել Ստեփան Սաֆարյանի գործերի մասին, բայց կարող եմ ասել, որ բոլոր գործերում մեկ ընդհանուր բան կա՝ դրանք ժամանակային առումով համընկնում են: Այն ընթացքում, երբ իմ մուտքը Ռուսաստան արգելվեց, ռուսական մամուլում տարբեր հոդվածներ հայտնվեցին Հայաստանում գործող ավելի քան 10-12 հայտնի կազմակերպությունների դեմ: Խոսքը վերաբերում է այն կազմակերպություններին, որոնք աշխատում են Եվրոպայի հետ և պայքարում են ժողովրդավարության համար:
Այսինքն ստացվում է, որ կոնկրետ ժամանակահատվածում արգելվեց իմ մուտքը Ռուսաստան, հայցեր ներկայացվեցին Ստեփան Սաֆարյանի դեմ, հոդվածներ եղան մի շարք կազմակերպությունների դեմ: Դա պատահական լինել չի կարող:
Սա իրականում մտահոգիչ է: Մենք կարող են ունենալ տարբեր հայացքներ, բայց մեր իշխանությունը պարտավոր է պաշտպանել մեր շահերը, քանի որ մենք այս երկրի քաղաքացիներն ենք: