Ֆեյսբուք 

Ինչ խմորումներ են սպասվում ընդդիմադիր դաշտում

analitik.am

Փետրվարի 12-ին նախագահի հայտարարությունից հետո Հայաստանի ընդդիմադիր ուժերի շրջանակներում տեղի են ունենում վերադասավորումներ: ԲՀԿ-ն հայտարարեց, որ դադարեցնում է իր հակաիշխանական պայքարը և չեղյալ է հայտարարում փետրվարի 20-ի հանրահավաքը:

ԲՀԿ-ում անորոշ իրավիճակ է ստեղծվել` կապված կուսակցության հետագա գործունեության և դիրքորոշման հետ: ԲՀԿ-ի այսպիսի կեցվածքը տարօրինակ իրավիճակ է ստեղծել նաև եռյակի մյուս երկու ուժերի` Ժառանգության և ՀԱԿ-ի շրջանում:

ԲՀԿ-ի կողմից պայքարի դադարեցումը փաստացի նշանակում էր ընդդիմադիր բևեռի թուլացում, եռյակի ձևաչափի փաստացի վերացում: Ըստ այդմ խնդիր է առաջանում, թե ինչ ձևաչափով պետք է գործի ընդդիմությունը:



Մեծ է հավանականությունը, որ ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» գործեն երկկողմ համագործակցության ձևաչափով: Չի բացառվում, որ նորից տեղի ունենա ընդդիմության քայլերի ռադիկալացում, քանի որ եռյակում արմատական տրամադրությունները մեղմացնող ԲՀԿ-ի բացակայությունը նպաստելու է կտրուկ բնույթ կրող նախաձեռնություններին:

Մյուս կողմից ընդդիմադիր պայքարից ԲՀԿ-ի դուրս գալու հետևանքով ընդդիմադիր դաշտում առաջացած վակուումը լրացնելու հարցում ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» ունեն մրցակից` ՕԵԿ-ը, որը արդեն իսկ ջանում է ԲՀԿ-ից հիասթափված մարդկանց մոտ համակրանք առաջացնել: Այս ամենը նշանակում է լուրջ մրցակցության ծավալում արդեն հենց ընդդիմադիր ուժերի միջև:



Այսպիսով` առաջիկայում ականատես ենք լինելու ընդիմության ներսում նոր խմորումների, սակայն թե կոնկրետ ինչ ուղղությամբ կզարգանան իրադարձությունները կախված է նաև իշխանության դիրքորոշումից, չէ որ ուժեղ իշխանությանը բաժին է ընկնում ուժեղ ընդդիմություն, իսկ թույլ ընդդիմության առկայությունը հանգեցնում է իշխանության դեգրադացիայի:


Նարեկ Պողոսյան

Նույն շարքից