«ԱՍ» մրցանակաբաշխություն 

Հարցազրույց ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ

analitik.am

Ներկայացված է «ԱՍ» մրցանակաբաշխության «Տարվա նոր սերնդի լավագույն քաղաքական գործիչ» կատեգորիայում


Քվեարկել այստեղ



Ինչպե՞ս եք գնահատում 2013թ.-ին  ՀՀ ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումները, ի՞նչ ձեռքբերումներ և կորուստներ ունեցավ Հայաստանը:


Ինչ վերաբերում է 2013թ-ին ՀՀ ներքաղաքական վիճակին, ապա, բնականաբար, չեմ կարող այն դիտարկել` չկապելով սոցիալ-տնտեսական վճակի հետ: Խորացող ճգնաժամը, արտագաղթը, քաղաքացիներից շատերի համար նվազագույն կենսակերպ ապահովելու անհնարինությունը, գործազրկությունն ու մանր և միջին բիզնեսի օրեցօր  վատթարացող վիճակը, բնականաբար, անարդյունավետ կառավարման հետևանք են, ինչն ուղղակիորեն կապվում է քաղաքական մենաշնորհի գոյության և կառավարության կողմից իրականացվող սոցիալ-տնտեսական քաղաքականության հետ: Անցնող տարվա ընթացքում ոչ իշխանական ուժերի բազմաթիվ նախաձեռնություններ ուղղվել են բացասական ընթացքները կանխելուն, դրական փոփոխություններ իրականացնելուն, բայց, ցավոք, ոչ բոլորն են հաջողվել: Հասարակության մեջ դժգոհությունը երկրաչափական պրոգրեսիայով ավելացել է:

Արտաքին քաղաքականությունը չի կարող արդյունավետ իրականացվել ու ապահովել ձեռքբերումներ երկրի համար` առանց պետության մեջ կայունության, ամուր ու զարգացող տնտեսության, գիտակից ու արժանապատիվ կենսակերպով ապրող քաղաքացու, իրական ժողովրդավարության ու արդյունավետ գործող քաղաքական և պետական համակարգի գոյության: Այն  զարգացումները, որոնք տեղի ունեցան 2013 թվականի ընթացքում ՀՀ արտաքին քաղաքականության մեջ դեռ բազմաթիվ վերլուծությունների անհրաժեշտություն ունեն:

 

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում երիտասարդների ակտիվությունը քաղաքական ոլորտում, արդյոք Հայաստանում անցնող տարում քաղաքացիական հասարակության կայացման բնագավառում զարգացում տեղի ունեցավ:


Անշուշտ, անցնող տարում դանդաղ, բայց զարգացող դինամիկայով աչքի ընկավ քաղաքացիական ակտիվության դրսևորումը: Տարբեր քաղաքացիական նախաձեռնություններ ստեղծվեցին բազմաթիվ խնդիրների շուրջ, իսկ ամենաուշագրավն, իհարկե, հանրային շահի համար պայքարող ակտիվ զանգվածի ձևավորումն է: Շատ կարևոր ու էական է մեծ թվով երիտասարդների մասնակցությունը տարատեսակ ակցիաներին ու օրինական ճանապարհով սեփական իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողություններին: Առանց զարգացող քաղաքացիական հասարակության պետության լիարժեք զարգացում տեղի ունենալ չի կարող:

 

Ինչպե՞ս եք գնահատում քաղաքական սերնդափոխության տեմպը Հայաստանում, արդյոք իշխանությունը նպաստում է քաղաքական սերնդափոխության իրագործմանը:


Քաղաքացիական սերնդափոխության տեմպը Հայաստանում շատ ավելի դանդաղ  է, քան կարող էր լինել: Շատ կարևոր է, որպեսզի քաղաքական սերնդափոխությունն իրականացվի ոչ թե  և ոչ միայն տարիքային հատկանիշով, այլ առաջին հերթին ինտելեկտի, հմտությունների, արդյունավետ գործելու և աշխատունակության հիման վրա: Անշուշտ, իշխանությունները չեն առաջնորդվում վերը նշված սկզբունքներով, իսկ առանձին անհատներ, փորձելով մարմնավորվել իրենց պաշտոնների ու դիրքերի հետ, բացառում են որևէ անկախ, խելացի ու աշխատունակ երիտասարդի մուտքը որոշումների կայացման դաշտ, քանի որ քավոր-սանիկային, բարեկամ-հարազատական կամ կլանային-կուսակցական շահերին են տուրք տալիս: Որոշ բացառությունները միայն հաստատում են ընդհանուր կանոնը:

 

Ի՞նչ կմաղթեք գալիք տարում ՀՀ քաղաքացիներին և Հայաստանին:


Ցանկանում եմ, որ Նոր` 2014 տարին հայաստանցիներին բերի հույսի ու հավատի առիթներ, որ նվազեն մարդկանց պրոբլեմները: Ցանկանում եմ, որ ապաքինվեն հիվանդներն ու երջանկանան դժբախտները, որ պետությունս կանգնի զարգացման ու առաջընթացի ճանապարհին, իսկ ազնվությունն ու արդարությունը գերիշխեն մեզանում: Ամենայն բարիք բոլորին, սեր ու համերաշխություն:



 


Նույն շարքից