Վերլուծական 

Ամուսնալուծությունները Հայաստանում զգալիորեն աճել են. պատճառները

analitik.am

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում գրանցված ամուսնությունների դեպքերը, 2013-ի նույն ժամանակաշրջանի համեմատ,  աճել են 3.3%-ով, սակայն զգալիորեն աճել են նաև ամուսնալուծության դեպքերը` 34.9%-ով:

 

Ինչպես  Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից,  2014թ. հունվար-մարտին գրանցված 1000 ամուսնությունների համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 255 դեպք` 2013թ. հունվար-մարտին արձանագրված 195 դեպքի համեմատ: 

 

Պաշտոնական տվյալներից կարելի է եզրակացնել, որ այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, ամուսնալուծությունների դեպքերը 10 անգամ ավելի շատ են աճել, քան ամուսնություններինը: Նկատելի է, որ ամուսնալուծությունների թիվը վերջին երեք տարիներին աճել է ինտենսիվորեն:

 

 

Իսկ ինչ վերաբերում է ամուսնությունների թվին, ապա հարկ է նշել՝ գաղտնիք չէ, որ Հայաստանում կան զույգեր, որոնք  պարզապես չեն գրանցվում իրենց ամուսնությունը: Ուստի՝ ամուսնությունների դեպքերի վերաբերյալ Վիճակագրական ծառայության տվյալները այս դեպքում 100 %-ով ճշգրիտ չեն:

 

 

Հայաստանում ամուսնալուծությունների պատճառների վերաբերյալ որևէ պաշտոնական վիճակագրություն չկա: Այնպես, որ հստակ ասել, թե որն է դրանց թվի աճի պատճառը, հնարավոր չէ:  Ըստ հոգեբան Մարիա Գրիգորյանի՝ դրանք կարող են մի քանիսը լինել:

 

 

«Կարծում եմ վերջին շրջանում ՝ ամուսնալուծությունների համար նոր խթան է դարձել այն երևույթը, որ հայ կանայք սկսել են ավելի մեծ ուշադրություն  դարձնել կարիերային, իսկ դա մեր տղամարդկանց այդքան էլ դուր չի գալիս: Այստեղ հակասության մեջ են մտնում ընտանիքն ու աշխատանքը, որը կարող է խլել ընտանիքին, երեխաներին հատկացվող ժամանակի մեծ մասը»,- նշեց հոգեբանը:

 

 

Նրա խոսքով, որպես կանոն, հաճախ ամուսնալուծությունների պատճառ է դառնում դավաճանությունը: Մյուսը՝ ծնողների միջամտություն է, ու այստեղ խոսքը՝ և տղամարդու, և կնոջ ծնողների մասին է:

 

 

 «Ամուսնալուծվում են նաև սոցիալական խնդիրների պատճառով, որոնք իրենց հերթին բերում են հոգեբանական խնդիրներ՝ անընդհատ մտածմունքներ, նեղվածություն, աշխատանքի բացակայություն: Սրանք այնպիսի հոգեբանական խնդիրներ են, որոնք պետք է ամուսինները հաղթահարեն համատեղ: Եթե դրանց հաղթահարման բեռը միայն կնոջ կամ տղամարդու վրա է լինում, ապա մեծ է լինում երկրորդ կեսից հիասթափվելու վտանգը: Իսկ դա ինչի՞ է բերում … ամուսնալուծության: Այնպես, որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը ևս մեծ ազդեցություն ունի»,- համոզված է Մ. Գրիգորյանը:

 

 

Հաջորդ պատճառներն, ըստ նրա, ալկհոլը, խաղամոլությունն ու թմրանյութերն են:

 

 

 «Քիչ չեն նաև ամուսնալուծությունները, որոնց հիմքում սեռական ոլորտի խնդիրներն են: Դրանք ևս հոգեբանական և ֆիզիկական լուրջ խնդիրների առաջ են կանգնեցնում ամուսիններին: Նրանց «փրկիչներն» այս դեպքում առաջին հերթին հենց իրենք են, հետո հոգեբանն ու սեքսապաթոլոգը», - նշեց հոգեբանը` ընդգծելով, որ սրանք ամուսնալուծությունների հիմնական պատճառներն են, բայց քանի որ յուրաքանչյուր ընտանիք ունի իր կարգուկանոնը, ուստի՝ ամուսնալուծություններն ունենում են բազմաթիվ մեծ և փոքր այլ պատճառներ ևս:

 

 

Ըստ հոգեբանի, փորձը ցույց է տալիս, որ զույգերը ավելի շատ բաժանվում են ամուսնության առաջին 5 տարիներին, քանի որ չեն կարողանում հարմարվել միասնական առօրյային:

 

 

Սեդա Հերգնյան

 

 

 

 

Նույն շարքից